Համայնքները միավորվեցին, հետո՞ ․․․
Հացիկ գյուղի բնակիչ՝ Նելսոնը չգիտի, թե որ համայնքում է բնակվում, որտեղ է իրենց համայնքային կենտրոնը, առավել ևս՝ ով է համայնքի ղեկավարը և ավագանու անդամները։
Արմավիրի մարզի 97 համայնքները միավորվեցին։ Արդյունքում ձևավորվեց 7 միավորված համայնք։ Այստեղ կարևոր չէ, թե ինչ մեթոդաբանությամբ միավորվեցին համայնքները, որ 4 համայնք ունեցավ 20-30 հազարի բնակչություն, իսկ 3-ը՝ 60-75 հազար։ Եթե աշխարհագրական առումով համայնքների միավորումը համարենք ավարտված, ապա հասարակության մասնակցության և տեղեկացվածության հետ կապված խնդիրները նոր են սկսվում։
Նելսոնը մարզի ամենաանտեղյակ մարդը չէ, նրա նմանները հազարավոր են։ Նելսոնի անտեղյակությունը Արմավիրի մարզի 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած ավագանու մեծամասնական ընտրակարգով ընտրությունների մասնակցության ցուցանիշի համատեքստում նորմալ է և տրամաբանական։
Արմավիր քաղաքում 2021 թվականի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների արդյունքում ձևավորվեց միակուսակցական ավագանի։ Դատելով Արմավիր միավորված համայնքի ավագանու նվազագույն տևողությամբ, զրո քննարկումներով և 100 տոկոս «Կողմ» քվեարկությամբ նիստերից, գալիս ենք եզրակացության, որ օրենսդիրն ինչ-որ բան հաշվի չի առել կամ բաց է թողել, չնայած որ Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը երևույթը բնական է համարում և չի բացառում, որ դեռ կլինեն քննարկումներ։
Հետևելով համայնքի ղեկավարի լավատեսությանը, տեսականորեն ենթադրենք, որ կլինեն քննարկումներ։ Մեր իրականության մեջ ոչ բոլոր քննարկումների արդյունքում է ծնվում ոսկե միջինը և նորից տեսականորեն, որը չի կարելի բացառել, եթե չծնվեց ոսկե միջինը, ի՞նչ տեսք կունենան քվեարկության արդյունքները։ Դժվար է պատկերացնել, որ նույն խմբակցության անդամները միատարր քվեարկություն չիրականացնեն։
Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքում առայժմ Փարաքար համայնքի ավագանու անդամների վերաբերյալ տեղեկատվություն տեղադրված չէ։ Փարաքարում մեկ այլ խնդիր կա, որը մինչ օրս իր լուծումը չի ստացել։ Մինչ օրս ամենաշատ մանդատներ ունեցող խմբակցությունը զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպելով, իր խոսքով, փորձում է վերականգնել արդարությունը։
Վերջին 2 տեղերը զբաղեցրած խմբակցություններն իրար մեջ պայմանավորվեցին և համայնքի ղեկավարի աթոռը բաժանեցին 2 հավասար մասի։ 2,5-2,5 տարի պաշտոնավարելու համաձայնությամբ համայնքի ղեկավարի աթոռին նստեց երրորդ տեղը զբաղեցրած խմբակցության առաջին համարը։ Քաղաքականությունից զերծ մնալու մեր սկզբունքներին չդավաճանելու նպատակով անուններ չենք նշում, հատկապես, որ մեր ասելիքը այլ բան է։
2021թ. դեկտեմբերի 5-ի մեծամասնական ընտրակարգով կայացած ընտրությունների արդյունքում 3 խմբակցություն ստացավ ավագանու մանդատ։ Ամենաշատ ձայներ հավաքած խմբակցությունը ստացավ 10 մանդատ, երկրորդ տեղը՝ 6 և երրորդը՝ 5 մանդատ։
Փարաքարի ավագանու կողմից համայնքի ղեկավար նշանակելու գործընթացում չկա «ՏԻՄ մասին» օրենքի որևէ հոդվածի խախտում, սակայն օրենքը չի նախատեսում 2,5 տարի պաշտոնավարում։ Օրինակ, «ՏԻՄ մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի առաջին մասի 3-րդ կետը նախատեսում է, որ համայնքի ղեկավարը ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի զարգացման ծրագիրը։
Հարց է առաջանում՝ ավագանին ո՞ր համայնքի ղեկավարի զարգացման ծրագիրն է հաստատելու՝ առաջին 2,5 տարին պաշտոնավարո՞ղի, թե՞ երկրորդ։ Եթե արդարաբար բաժանել են աթոռը, ուրեմն նույն տրամաբանությամբ կարելի էր զարգացման տարիներն էլ կիսել 2,5-2,5-ի։
3․1-րդ կետով համայնքի ղեկավարը մշակում և ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը։
Այստեղ էլ կա անորոշություն՝ կապված տարին կիսելու հետ։
Մեր մտահոգությունների հետ համաձայն չեն Փարաքարի ՏԻՄ աշխատակիցները։

«ՏԻՄ մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի առաջին մասի 5-րդ կետի պահանջով բնակավայրի վարչական ղեկավարը մասնակցում է համայնքի ավագանու նիստերին։
Նույն օրենքը ավագանու նիստի ընթացքում վարչական ղեկավարին, բացի ֆիզիկական ներկայությունից, այլ լիազորություն չի նախատեսում։ Թե ինչո՞վ է արդարացվում վարչական ղեկավարի ներկայությունը ավագանու նիստում, բացատրություն չունի։
Ըստ «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանի մեկնաբանության՝ համայնքների միավորման փիլիսոփայությունը այլ է եղել։
Միավորումից հետո համայնք-պետական կառավարման մարմին լիազորությունների առումով ոչ մի փոփոխություն չի եղել։ Մինչ խոշորացումը կային խոշոր, միջին, փոքր համայնքներ։ Այսօր էլ կան դրանք, հանձինս՝ Մեծամոր, Խոյ, Բաղրամյան միավորված համայնքների։
Ֆինանսական առումով նույնպես էական փոփոխություն չի նկատվում։ Արմավիր միավորված համայնքի 2022 թվականի եկամուտները, ըստ բյուջեի, կանխատեսվել է 2 միլիարդ 91 միլիոն դրամ, որից՝ սեփական եկամուտները՝ 1 միլիարդ 7 միլիոն դրամ։ 2021թվականին Արմավիր քաղաքի և 10 միավորված համայնքների եկամուտները միասին վերցրած, ըստ Արմավիրի մարզպետարանի պաշտոնական տվյալների, փաստացի կազմել է 2 միլիարդ 4 միլիոն դրամ, որից՝ սեփական եկամուտները՝ 738 միլիոն 600 հազար դրամ։ Պարզ թվաբանությամբ կարելի է նկատել, որ պետության մասնակցությունը նվազել է։
«ՏԻՄ մասին» ՀՀ օրենքը լիազորությունների առումով փոփոխության չի ենթարկվել։ 31 բնակավայրով միավորված Մեծամոր համայնքի ղեկավարի լիազորությունները ոչնչով չեն տարբերվում 400 բնակչություն ունեցող Ֆերիկ էթնիկ համայնքի ղեկավարի լիազորություններից։
Made on
Tilda