Մասնավոր հատվածի դեպքում, եթե ինչ-որ տեղ հասկանալի է նման մոտեցումը, ապա անընդունելի և անհասկանալի է պետական կառույցների պարագայում։ Տեղաշարժվելու խնդիրներ ունեցող անձինք, ուզեն, թե չուզեն, պետք է հաճախեն սոցիալական ծառայություններ։
Ենթադրվում է, որ յուրաքանչյուր անձ, ով տեղաշարժվելու խնդիրներ ունի, գոնե սոցիալական ծառայության հիմնարկ պետք է մտնի անարգել։ Եթե Արմավիրի միասնական սոցիալական ծառայության մուտքի աստիճանները որևէ կերպ հարմարեցված չեն իրենց շահառուների մուտք ու ելքի համար, ի՞նչ կարելի է պահանջել այլ կառույցներից։
Տեղաշարժվելու խնդիրներ ունեցող անձանց համար կան նաև բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը ժամերի հարց է՝ մայթերին կուտակված շինարարական նյութեր, ավտոմեքենաներ։ Այս պարզագույն խնդիրը տեղական իշխանությունները կարող են լուծել մեկ որոշմամբ։
Արմանն օգտվում է համացանցից, տեղյակ է այլ երկրների փորձին։ Իր խոսքով, դժվար չէ ունենալ կենտրոն, որտեղ կայցելեն իր կարգավիճակով անձինք, ժամանակ կանցկացնեն, քննարկումներ կունենան, սպորտով կզբաղվեն։ Արթուրի խոսքով, դրանով մեծ օգուտ կտան նաև ընտանիքի անդամներին, ովքեր հասկանալի պատճառով ստիպված են ողջ օրն իրենց հետ անցկացնել։
Հայաստանում 15 քաղաքացուց մեկը հաշմանդամ է։ Հարկ չկա թվարկելու և հղում անելու այն բազմաթիվ միջազգային փաստաթղթերի և ներքին օրենքների պահանջներին, որոնց միջոցով առավելագույնս հեշտացվում է խոցելի խմբերի ապրելակերպը և պայմաններ է ստեղծվում հասարակությանն ինտեգրվելու համար։ Ինչպես Արթուրն է նշում՝ միայն դեկտեմբերի 3-ով չի։