Արմավիրի մարզում, ըստ մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տրամադրած տեղեկատվության, շատրվանող հորատանցքեր այլևս չկան։ Աղյուսակում ներկայացված է Արարատի մարզում ճնշումային և սահմանային վիճակում հայտնված բնակավայրերում արտեզյան հորերի քանակը և ջրօգտագործման թույլտվությունների գունապնակը։
Աղյուսակի առաջին իսկ տողից աչք է զարնում միևնույն տեղանքում հորատանցքերի առավելագույն և նվազագույն ջրառի տարբերությունը։ Եթե Սայաթ-Նովա բնակավայրի ճնշումային գոտում հնարավոր է մեկ հորատանցքով ջրառ իրականացնել մինչև 203,64 լ/վրկ, ինչպե՞ս է ստացվում, որ նույն տեղամասում մեկ այլ ընկերության 6 հորատանցքից գումարային ջրառը կազմում է 60 լ/վրկ։
Եզրափակելով Շրջակա միջավայրի նախարարության մեզ տրամադրած 2022թ. հունվարի 1-ի դրությամբ Արմավիրի և Արարատի մարզերում գործող խորքային հորերի ջրօգտագործման թույլտվությունների վերաբերյալ տեղեկատվության վերլուծությունը, ներկայացնենք ձկնաբուծության բնագավառի պաշտոնապես 10 ամենաշատ ջուր օգտագործող ընկերությունների ցանկը։
2020 թվ-ին ստեղծվել է պետական հանձնաժողով Արարատի և Արմավիրի մարզերում ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության, ջրօգտագործման թույլտվությունների պայմանների կատարման ուսումնասիրության նպատակով։
Հանձնաժողովը, ուսումնասիրելով ձկնաբուծարանները, արձանագրել է բազմաթիվ խախտումներ՝ կապված հորատանցքերի փականների և
ջրաչափերի բացակայության կամ անսարքության, ինչպես նաև՝ կնիքների բացակայության փաստերի հետ։ Ձկնաբուծարանի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ հայտնեց, որ գոյություն ունեցող ջրաչափերը շատ շուտ շարքից դուրս են գալիս, քանի որ հորատանցքերից ջրի հետ ավազի հատիկներ են դուրս գալիս, որոնք, կուտակվելով, խափանում են ջրաչափի աշխատանքը։
Ջրային ռեսուրսների կառավարիչներն ընդունում են, որ 1497 գործող հորատանցքեր չունեն ջրաչափեր։ Եթե յուրաքանչյուր հորատանցքից, ամենահամեստ հաշվարկներով, 5 լ/վրկ ավելի ջուր վերցվի, դա կկազմի տարեկան 236 միլ․մ3։
Փաստորեն ստացվում է, որ արտեզյան ավազանի ջրօգտագործման թույլտվությունների և փաստացի ջրառի ծավալները միմյանց հետ կապ ունեն ընդամենը «ազնիվ խոսք»-ի մակարդակում։
Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի ընդհանուր շահագործական պաշարը 2016թ. դրությամբ, ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի հաշվարկներով, կազմել է 29․39 մ3/վրկ կամ 926․73 մլն․մ3/տարի։
Պաշտոնական տեղեկատվությամբ 2021 թվ-ին ջրառը կազմել է 1,010․23 մլն․ մ3/տարի, չհաշված Երևան քաղաքի ջրամատակարարումը և բազմաթիվ հորատանցքեր, որոնք դուրս են մնացել հաշվարկներից։ Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով արտեզյան ավազանից ջրառի բոլոր բացերը, ջրային ռեսուրսների արտահոսքը, կարելի է արձանագրել, որ փաստացի ջրառը կազմում է 1,6 մլրդ․ մ3/տարի ծավալի շրջակայքում, և վերջին 5 տարիների ընթացքում ջրառը նվազել է միայն թղթի վրա։