Յուրաքանչյուր նոր շենք դառնում է արդեն գործող համակարգի մաս։ Այն միանում է էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման կամ գազի ցանցերին, հեռահաղորդակցությանը, ճանապարհներին և տրանսպորտային ենթակառուցվածքներին։ Նոր բնակիչները մեծացնում են կայանատեղիի, աղբահանության, հասարակական տրանսպորտի, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահության և այլ հանրային ծառայությունների պահանջարկը։
ԹՂԹԻ ՎՐԱ ՀԱՍՏԱՏՎԱԾ, ԻՐԱԿԱՆՈւՄ ԽՆԴՐԱՀԱՐՈւՅՑ
Սրանք երկրորդական հարցեր չեն։ Սրանց պատասխաններն են որոշելու, թե արդյո՞ք զարգացումն իրականում համատեղելի է քաղաքային միջավայրի հետ։
Սա նշանակում է, որ քաղաքաշինությունը պետք է սկսվի նախնական հաշվարկներով և առկա հզորությունների գնահատմամբ։ Հակառակ դեպքում, այսօրվա շինարարությունը կարող է դառնալ վաղվա ենթակառուցվածքային ճգնաժամը։
Ուսումնասիրենք Արմավիր քաղաքի Աշուղ Ջիվանի 12 հասցեում նախատեսված բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան շենքի կառուցման իրավական հիմքերը։
Առաջին փաստաթուղթը, որ տեղական իշխանությունները տրամադրում են կառուցապատման դիմում ներկայացրած քաղաքացուն, ճարտարապետահատակագծային առաջադրանքն է, որտեղ նշվում են այն սահմանները, որոնց պահպանությամբ կառուցապատողը պետք է պատվիրի նախագծա-նախահաշվային փաստաթղթեր։ Այս կապակցությամբ «Ալվինա բնակելի համալիր» ՍՊ ընկերությունը դիմել և 2025թ․ մայիսի 6-ին Արմավիր համայնքի ղեկավարի ստորագրությամբ ստացել է N ՆԹ-3002-25 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)։
Նախագծման թույլտվությունից առանձնացնենք մի քանի կարևոր ցուցանիշներ, որոնք էական նշանակություն ունեն և պարտադիր են կատարման նախագծողի և կառուցապատողի կողմից, մասնավորապես՝
նախագծման թույլտվության կետ 9․2 հեռավորությունը հարևան հողակտորներից (օբյեկտներից) 15 մ, 26 մ, 16 մ։
Կառուցվող շինության հեռավորությունը հարևան հողակտորներից կարգավորվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023թ․մայիսի 22-ի N04-Ն հրամանի հավելվածի ՀՀՇՆ 30․01․2023թ․ «Քաղաքաշինություն․ Քաղաքային և Գյուղական Բնակավայրերի Հատակագծում և Կառուցապատում» 126-րդ ենթակետով։ Ենթակետի պահանջով 2-3 հարկանի շենքերի համար այդ հեռավորությունը պետք է լինի մինչև 15մ, 4 հարկի համար` 20մ-ից ոչ պակաս, իսկ բարձր հարկայնության դեպքում հեռավորությունը պետք է որոշվի ՇՄԱԳ -ի փորձաքննության միջոցով։
Փաստորեն գործող իրավական նորմերով կառուցվող շենքի նվազագույն հեռավորությունը օբյեկտներից պետք է 20 մետրից ավելի լիներ, սակայն նախագծով որոշ հատվածներ 12 մ է, որը պակաս է Արմավիրի համայնքապետարանի կողմից տրված սահմաններից։
Քաղաքաշինության բնագավառում ամենակարևոր ցուցանիշներից մեկը դա կառուցապատման խտության գործակիցն է, որը սահմանափակում է կառուցապատողների ցանկությունը կառուցվող շենքի հարկերի քանակը հասցնելու անվերջության։ Այս ցուցանիշը կապ է հաստատում բազմաբնակարան շենքի բնակարանների թվի և բակային տարածքի մակերեսի միջև։
Համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023թ․ մայիսի 22-ի N04-Ն հրամանի հավելվածի ՀՀՇՆ 30․01․2023թ․ «Քաղաքաշինություն․ Քաղաքային և Գյուղական Բնակավայրերի Հատակագծում և Կառուցապատում» 11-րդ կետ, 112-րդ ենթակետի Կառուցապատման խտության գործակիցը` Pկ1-ն, շենքերի և շինությունների բոլոր վերգետնյա հարկերի մակերեսների հանրագումարի հարաբերությունն է թաղամասի (հատկացված) հողատարածքի մակերեսի նկատմամբ: Սա հրամանի իմպերատիվ պահանջ է։
Կառուցապատման տոկոսը` Pկ2-ն, շենքերի և շինությունների կողմից զբաղեցված հողատարածքի (կառուցապատման) մակերեսի հարաբերությունն է հատկացված (թաղամասի) հողատարածքի մակերեսի նկատմամբ` արտահայտված %-ով: Կառուցապատման խտության գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`
Pկ1=H/S, որտեղ`
1) H` շենքերի և շինությունների բոլոր վերգետնյա հարկերի մակերեսների հանրագումարն է (որոշվում է դրանց արտաքին չափերով),
2) S` հատկացված հողատարածքի (թաղամասի) մակերեսն է:
Աղյուսակ 8-ի 3-րդ կետ՝ Կառուցապատման խտության գործակիցը (Pկ1)-ը առավելագույնը կարող է լինել 1․6:
«Ալվինա բնակելի համալիր» ՍՊ ընկերությանը 2025թ․ մայիսի 6-ին Արմավիր համայնքի ղեկավարի ստորագրությամբ տրվածN ՆԹ-3002-25 նախագծման թույլտվության մեջ կառուցապատման խտության գործակիցը (Pկ1) թույլատրվել է 0․579, սակայն ձևակերպումը վերցվել է ՀՀ Կառավարության 2015թ․ մարտի 19-ի N 596-Ն որոշման Հավելված 4․1-ից։
Պարզեցված կարգով մշակվել է Ձև N Պ-ՃՀԱ, որի 1.4 կետով կառուցապատման խտության գործակիցը (կառույցի (կառույցների) ընդհանուր մակերեսի հարաբերությունը հողամասի մակերեսին)` համաձայն նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների։
Պետք է նշենք, որ՝
1․ ընդհանուր մակերես և՛ շենքերի, և՛ շինությունների բոլոր վերգետնյա հարկերի մակերեսների հանրագումար եզրույթները համազոր են։
2․ Ձև N Պ-ՃՀԱ-ն վերաբերում է միջին ռիսկայնության աստիճանի (երկրորդ կատեգորիայի) ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատների, մենատների) և դրանց օժանդակ նշանակության շինություններին։
Կառուցապատման խտության գործակցի վերլուծություն
Արմավիր քաղաքի Աշուղ Ջիվանի 12 հասցեում արդեն կառուցվող բազմաֆունկցիոնալ համալիրը բաղկացած է 4 մասնաշենքից, մասնավորապես՝
Պարզ թվաբանությամբ հաշվենք կառուցապատման խտության գործակիցը, որը հավասար է կառուցապատման բոլոր վերգետնյա հարկերի մակերեսների հանրագումարի հարաբերությանը հողատարածքի մակերեսի նկատմամբ, այսինքն՝ 58841/10201=5,768։
Պարզվում է «Ալվինա բնակելի համալիր» ՍՊ ընկերությանը թույլատրվել է կառուցապատման խտություն 0,579, իսկ փաստացի նախագծային փաստաթղթերով կառուցապատման խտությունը 5,768 է, ինչը 10 անգամ գերազանցում է թույլտվության գործակցին և 3,6 անգամ գերազանցում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023թ․ մայիսի 22-ի N04-Ն հրամանի հավելվածով նախատեսված կառուցապատման խտության գործակցի առավելագույն արժեքին։
Ստացվում է «Ալվինա բնակելի համալիր» ՍՊ ընկերությանը 2025թ․ մայիսի 6-ին Արմավիր համայնքի ղեկավարի ստորագրությամբ տրված N ՆԹ-3002-25 նախագծման թույլտվության մեջ կառուցապատման խտության գործակիցը (Pկ1) 0․579 նախատեսում է 2 մասնաշենք կառուցել 2 հարկով, իսկ մյուս 2 մասնաշենքերը՝ 1 հարկով։ Նախագծային փաստաթղթերով համալիր կառուցելու համար առնվազն 3․5 հա տարածք է անհրաժեշտ։
Մենք գրավոր հարցում ուղարկեցինք Արմավիր համայնքի ղեկավարին՝ հասկանալու համար, թե ինչպես է ստացվել, որ «Ալվինա բնակելի համալիր» ՍՊ ընկերությանը Արմավիր համայնքապետարանի կողմից տրամադրած N ՆԹ-3002-25 նախագծման թույլտվության և նախագծի մեջ էական տարբերության պարագայում Արմավիր համայնքապետարանը կառուցապատողին տվել է շինարարության թույլտվություն։
Պատասխանի առաջին պարբերության մեջ ասվում է՝ «Համայնքապետարանը նախագծման թույլտվություն տրամադրել է ըստ ներկայացված էսքիզ նախագծի, որը անցել է պետական համալիր փորձաքննություն և ստացել է դրական եզրակացություն»։
Ստացվում է կառուցապատողը մինչև նախագծման թույլտվությունն ունեցել է նախագծային փաստաթղթեր և իր համար էական չի եղել, թե ինչ չափանիշներ կսահմանի Արմավիրի համայնքապետարանը։ Հարցման պատասխանում առկա էր ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի թիվ 206 դրական եզրակացությունը։ Դրական եզրակացության մեջ նշվում է նաև, որ կառուցապատման գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։
Երկրորդ պարբերության մեջ նշվում է, որ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Աշուղ Ջիվանու փողոց թիվ 12 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախագծային փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ շահագրգիռ մարմինները տվել են իրենց համաձայնությունները»։ Պատասխանում առկա էին տարբեր շահագրգիռ մարմինների դրական եզրակացությունները։
Երրորդ պարբերության մեջ նշվում է, որ համայնքապետարանն առաջնորդվել է ՀՀՇՆ 30-01-2023 «քաղաքաշինություն. քաղաքային եվ գյուղական բնակավայրերի հատակագծում եվ կառուցապատում» 126-րդ կետով և 113-րդ կետի թիվ 8 աղյուսակի 3-րդ ենթակետով։
Համայնքապետարանի պատասխանում բառ անգամ չկար նախագծման թույլտվության և նախագծային փաստաթղթերում եղած անհամապատասխանության մասին։
Հարկ է նշել, որ շահագրգիռ մարմինների համաձայնությունները կամ դրական եզրակացությունները չեն կարող հիմք հանդիսանալ շինարարության թույլտվություն տալու համար։ Համայնքապետարանը նախագծման թույլտվության միջոցով կառուցապատողին տվել է իրավական նորմերով հիմնավորված ցուցանիշներ և նախագծային փաստաթղթերը պետք է համահունչ լինեին այդ ցուցանիշներին։ Եթե կա անհամապատասխանություն, շինարարության թույլտվություն չի տրվում, անկախ շահագրգիռ մարմինների դրական եզրակացության կամ համաձայնության։
Այժմ ուսումնասիրենք, թե Արմավիր համայնքապետարանը շինարարության թույլտվություն տալուց առաջ ծանոթացել է համայնքի հասարակության կարծիքի հետ՝ Արմավիր քաղաքի Աշուղ Ջիվանի 12 հասցեում բազմաֆունկցիոնալ 515 բնակարանով շենքի կառուցման կապակցությամբ։
Առաջին հանրային քննարկումը եղել է 2025թ․ հունիսի 17-ին։ Հանրային քննարկման վերաբերյալ հասարակությունը պատշաճ չի տեղեկացվել։ Չեն տեղեկացվել նաև համալիրի հարևանությամբ բնակվող քաղաքացիները։ Այդուհանդերձ, հանրային քննարկման արձանագրության մեջ նշվում է, որ՝ «մասնակիցները գոհունակությամբ ընդունեցին Արմավիր համայնքում ժամանակակից լուծումներով բնակելի համալիրի կառուցման նախագծին․․․»։ Ստացվում է կառուցապատողը, դեռ հանրային լսման արդյունքը չունենալով, չունենալով նաև համայնքի ավագանու դիրքորոշումը և առանց նախագծման թույլտվություն ստանալու, պատրաստել է նախագծային փաստաթղթեր։
2026թ․ հունվարի 15-ին կայացել է երկրորդ հանրային քննարկումը, որը պատճենված էր առաջին հանրային քննարկումից։ Պատշաճ իրազեկում չկար, գոհունակությունը նույն համատեքստով էր։
2026թ․ հունվարի 22-ի ավագանու արտահերթ նիստում ավագանին նախնական համաձայնություն է տվել համալիրի կառուցման համար։
2026թ․ մարտի 11-ին համայնքապետարանը տարածում է հայտարարություն, որ փետրվարի 26-ին, ժամը 12։00-ին տեղի է ունենալու հանրային լսում։
Այժմ անդրադառնանք բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի գլխավոր հատակագծին և հասկանանք, թե որքանով են հարակից բնակիչների դժգոհություններն արդարացվում։
Բնակելի համալիրը նախատեսված է 515 բնակարանի համար, որը մոտավորապես համազոր է 10 հատ 5 հարկանի 3 մուտքով շենքի բնակչության թվին։ Համալիրում հիմնականում բնակվելու են երիտասարդ ընտանիքներ, որոնք առնվազն 1 կամ 2 երեխա կունենան։ Այս տրամաբանությամբ 4 մասնաշենքում կբնակվի մոտ 5-6 հարյուր անչափահաս երեխա։ Այժմ պատկերացնենք հանգստյան օրերին մի քանի հարյուր երեխա դուրս է եկել մաքուր օդ շնչելու, որոշ մանկահասակ երեխաների ուղեկցում են ծնողները։ Համալիրի բակը որտե՞ղ է տեղավորելու այդ քանակությամբ բնակիչներին։
2026թ․ հուլիսի 23-ին հայտարարություն է տարածվում, որ նախագծային փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությունը տվել է դրական եզրակացություն։
Բնակելի համալիրը նախատեսված է 515 բնակարանի համար, որը մոտավորապես համազոր է 10 հատ 5 հարկանի 3 մուտքով շենքի բնակչության թվին։ Համալիրում հիմնականում բնակվելու են երիտասարդ ընտանիքներ, որոնք առնվազն 1 կամ 2 երեխա կունենան։ Այս տրամաբանությամբ 4 մասնաշենքում կբնակվի մոտ 5-6 հարյուր անչափահաս երեխա։ Այժմ պատկերացնենք հանգստյան օրերին մի քանի հարյուր երեխա դուրս է եկել մաքուր օդ շնչելու, որոշ մանկահասակ երեխաների ուղեկցում են ծնողները։ Համալիրի բակը որտե՞ղ է տեղավորելու այդ քանակությամբ բնակիչներին։ Դիտելով հատակագիծը՝ կարելի է վստահ ասել, որ բնակիչները մաքուր օդ շնչելու համար պետք է հերթագրվեն, այլապես, եթե նախնական համաձայնության չգան, համալիրի բակը կնմանվի բազմամարդ միտինգի։
Գլխավոր հատակագծում առանձնացված չէ աղբամանների համար նախատեսված տարածք, եթե մի 50 աղբամանի համար տարածքներ առանձնացվի բակ հասկացողությունը կկորցնի իր նշանակությունը։
Համալիրի բնակիչները կունենան անձնական օգտագործման ավտոմեքենաներ։ Հայաստանի վիճակագրությամբ յուրաքանչյուր ընտանիք կունենա մեկ ավտոմեքենա։ Կառուցապատողները նշում են, որ մոտ 297 ավտոմեքենայի համար նախատեսված կայանատեղի կառուցվելու է նկուղային 2 հարկերում։ Արդյո՞ք դա բավարար է։ Նկուղային կայանատեղիները վարձակալությամբ են տրվելու կամ վաճառվելու են բնակիչներին ու ոչ միշտ է ամբողջ հզորությամբ օգտագործվելու։ Մյուս մեքենաները որտե՞ղ են կայանելու։ Գլխավոր հատակագծում արտաքին կայանատեղիները բավարար չեն բոլորին տեղավորելու։ Բնակիչներն այլընտրանք են փնտրելու հարակից փողոցներում, որտեղ նույնպես կայանելու խնդիրն օրակարգային է։ Շահումյան առաջին նրբանցքի որոշ հատվածներում փողոցի լայնությունը 5 մետրի չի հասնում։
Այս ամենին գումարվում են համալիրի առաջին հարկում նախատեսված առևտրային և հասարակական տարածքների աշխատողների և հաճախորդների ավտոմեքենաները։
Համալիրի հարևանությամբ բնակվող քաղաքացիները տնտեսական, բարոյական և իրավական մեծ խնդիրների առջև են հայտնվել։ Նախ արժեզրկվել է իրենց բնակարանը, ոտնահարված են իրենց իրավունքները և հիմնարար ազատությունները։
Տեսանյութը դիտելիս մի պարզ և տրամաբանական հարց է առաջանում՝ ո՞վ որ իր ստորագրությամբ նպաստել է այս պայմաններում համալիրի կառուցմանը, կարող էր բնակվել այս բնակարաններում, հատկապես աշտարակային կռունկի սլաքի 24 ժամյա սպառնալիքի և տեսախցիկների հսկողության ներքո։
Հ.Գ Նշենք, որ քաղաքացիական դատարանում քննվում է տարածքի նախկին սեփականատեր «Աղավնի» ԲԲ ընկերության հայցն ընդդեմ «Ալվինա բնակելի համալիր» ՍՊ ընկերության տարածքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու կապակցությամբ։
Վարչական դատարանն ընդունել է կառուցվող համալիրի հարևանությամբ բնակվող բնակիչների դիմումը՝ շինարարության թույլտվությունը և մինչ այդ տրված դրական եզրակացություններն անվավեր ճանաչելու պահանջով։
Made on
Tilda