2026թ․ հոկտեմբերի 25-ին Հայաստանի 9 մարզերի 19 համայնքներում կկայանան ՏԻՄ համամասնական ընտրություններ։ 2021թ․ դեկտեմբերի ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքում Արմավիր համայնքում ձևավորվեց միակուսակցական ավագանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 27 անդամով։ Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրությունների ելքը վաղօրոք որոշված է 5 համայնքներում, մասնավորապես՝ Արմավիր, Վարդենիս, Գառնի, Ախուրյան և Վայք համայնքներում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ 14 համայնքներում առաջադրվել են մինչև 5 կուսակցություններ և դաշինքներ։
27 ԱՎԱԳԱՆԻ,
ՄԻԱՁԱՅՆ
ԸՆԴՈւՆՎԱԾ
860 ՈՐՈՇՈւՄ
Արմավիր համայնքի փորձով ուսումնասիրենք, թե ինչ է նշանակում միակուսակցական ավագանին և ինչպես է ապահովում իր աշխատանքների թափանցիկությունն ու հասարակության մասնակցությունը ՏԻՄ աշխատանքներին։
2021թ․ դեկտեմբերի 5-ի տեղական ՏԻՄ համամասնական առաջին ընտրություններում Արմավիր համայնքը ռեկորդային ցածր՝ 20․7% մասնակցություն ապահովեց: Մասնակցության նման ցուցանիշով Արմավիր համայնքի ընտրողներն իրենց զայրույթը հայտնեցին քաղաքական կառույցների և իրավական նորմերի նկատմամբ։
Արմավիրի համայնքի ավագանին իր գոյության 5 տարիների ընթացքում կայացրել է 860 որոշում, որից՝ հերթական գումարված ավագանու նիստերով՝ 278 որոշում և արտահերթ նիստերով՝ 582 որոշում։
Ավագանու արտահերթ նիստերը գումարվում են անկանխատեսելի իրավիճակների դեպքում, երբ խնդիր է առաջացել և, համայնքի շահերից ելնելով, պահանջվում է հրատապ լուծում։ Այս դեպքում հրավիրվում է ավագանու արտահերթ նիստ և այդ մասին տեղեկացվում են ավագանու անդամներն ու հասարակությունը։ Արտահերթ նիստի վերաբերյալ տեղեկատվությունըօրակարգի կից փաստաթղթերով տեղադրվում է համայնքի պաշտոնական կայքում։ Ստացվում է Արմավիր համայնքում չնախատեսված իրավիճակները կրկնակի անգամ շատ են, քան կանխատեսելի իրավիճակները։
Արմավիրի համայնքապետարանն իր աշխատանքներում աչքի է ընկնում հույժ գաղտնիությամբ։ Կայանալիք ավագանու նիստերի վերաբերյալ հայտարարությունները տեղադրված չեն կայքի հայտարարությունների բաժնում, դրանք տեղ են գտնում կայքի նորությունների բաժնում։ Համայնքապետարանի ոչ մի կայանալիք նիստի օրակարգ չի ներկայացվել հանրությանը, ինչը պահանջում է ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 15-րդ հոդվածը։ Մասնավորապես, հոդվածի առաջին մասը պահանջում է, որ Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է ավագանու նիստի օրակարգի նախագիծը` նշելով նիստի անցկացման վայրը և ժամանակը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում` համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաև համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում:
Հետաքրքիր է 2026թ․ տարեկան բյուջեի հանրային քննարկման տեղեկացումը։ 2025թ․ դեկտեմբերի 8-ին տեղեկացվում է, որ 2025թ․ դեկտեմբերի 10-ին տեղի կունենա Արմավիր համայնքի 2026թ․ բյուջեի հանրային քննարկումը։
Ուշադրություն չդարձնենք հանրային քննարկման մասին տեղեկացման խախտված ժամկետին։ Նշենք, որ հանրային քննարկումը տեղի է ունեցել 2025թ․ դեկտեմբերի 10-ին և այդ մասին նույն օրը տեղեկացվել է հանրությանը։ Անհասկանալի է մնում մի հանգամանք՝ ինչպե՞ս էր հանրությունը քննարկում Արմավիր համայնքի 2026թ․ տարեկան բյուջեն, եթե այն կցված չէր հանրային քննարկման մասին հայտարարությանը։
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայքն ուսումնասիրելիս կարելի է հանդիպել բազմաթիվ հետաքրքիր փաստերի։
Օրինակ, Արմավիր համայնքի մշտական բնակչության թիվը, համաձայն 2022թ․ մարդահամարի պաշտոնական տվյալների, կազմում է 50135, իսկ համաձայն Արմավիր համայնքի պաշտոնական կայքի տվյալների այդ թիվը 67793 է։
Արմավիր համայնքի ավագանին մարզի ամենահամերաշխ կառույցն է, որն իր 5 տարիների գործունեության ընթացքում քվեարկել և ընդունել է 860 որոշում։ Բոլոր որոշումներն ընդունվել են 100 տոկոս կողմ ձայներով, բացի մեկ ձեռնպահից։ Ամենակարևորը 860 որոշում ընդունվել է և 27 ավագանիներից ոչ մեկը գոնե մեկ նախադասություն կամ բառ անգամ չի արտաբերել։ Համայնքի ավագանու շատ անդամներ տարիների ընթացքում հասկանալով, որ ավագանու նիստերին մասնակցելը ժամանակի կորուստ է, սկսեցին բացակայել կամ ընդհանրապես չմասնակցել նիստերին։
Եթե ուշադիր ուսումնասիրենք Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայքը, ավելի հետաքրքիր դրվագների կհանդիպենք, մասնավորապես՝ 2026թ․ հունվարի 15-ին, ըստ հայտարարության և արձանագրության, տեղի է ունեցել հանրային քննարկում՝ կապված Արմավիր քաղաքում բազմաֆունկցիոնալ բազմաբնակարանային կոմպլեքսի կառուցման հետ։ Հանրային քննարկման ընթացքում կազմված արձանագրությունը թվագրված է 2026թ․ հունվարի 19-ին և մասնակիցները քննարկման ընթացքում հայտնում էին իրենց գոհունակությունը։
Արմավիր համայնքի ավագանու նիստերը տեսագրվում են տեսահսկող ստացիոնար սարքավորումներով, որից ոչ ոք ոչինչ չի հասկանա ձայնի անորակ լինելու պատճառով։ Ճիշտ է, համայնքապետարանը դրանով ուզում է ապացուցել, որ հարգում է ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 16 հոդվածի 9-րդկետի պահանջը։ Այդուհանդերձ, եթե տեսագրությունը անհասկանալի է հասարակության համար, ապա այդ տեսագրությունն առ ոչինչ է։
Այստեղ կա ևս մեկ հետաքրքիր դրվագ՝ 2024թ․ դեկտեմբերի 5-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագրով Արմավիրի համայնքապետարանի և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համագործակցության արդյունքում համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճը համալրվեց նոր, ժամանակակից տեխնիկայով՝ բարձրախոսներ, հեռուստացույց, ձայնային սարքավորումներ։ Փաստորեն ձայնային սարքավորումները կան, սակայն չկա որակյալ ձայն, որպեսզի Արմավիր համայնքի բնակիչը, գոնե տեսագրությունը դիտելով, հասկանա ինչ է կատարվում ավագանու նիստերի դահլիճում։
Made on
Tilda