Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022թ. դեկտեմբերի 5-ի ավագանու արտահերթ նիստում ընդունվեց համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին N 205-Ն որոշումը։ Որոշման հավելված 2-ի 6-րդ մասի (ա) կետով քաղաքաբնակ յուրաքանչյուր անձի համար աղբահանության վճար սահմանվեց ամսեկան 200 դրամ, իսկ գյուղաբնակ յուրաքանչյուր անձի համար՝ 50 դրամ։
Այս որոշմամբ Արմավիր համայնքի ավագանին աղբահանության ծառայության վճարն ավելացրեց 100 տոկոսով։ Որոշումը տարածվում է ծննդատնից մինչև գերեզմանատուն միջակայքում գտնվող բոլոր բնակիչների վրա։ Սա նշանակում է, որ մինչև որոշման ընդունումը եղել են հաշվարկներ, վերլուծություններ և ավագանու համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջարկն ընդգրկվել է ավագանու նիստի օրակարգ։
Այս որոշման ընդունման հետ կապված՝ մեզ մոտ առաջացան հարցեր։ Ենթադրվում է, որ նմանատիպ հարցեր առաջացած կլինեն նաև ավագանու անդամների մոտ։
Փորձենք հետաքրքրող հարցերի պատասխանները գտնել Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայքում, մասնավորապես՝
1. Ի՞նչ էական տարբերություն կա քաղաքային և գյուղական աղբի կամ աղբահանության ծառայության միջև,
2. Ի՞նչ հիմնավորումներով են կրկնակի անգամ ավելացրել աղբահանության ծառայության վճարները,
3. Ինչպիսի՞ եզրակացություն է տվել ավագանու մասնագիտական հանձնաժողովը նախագծին,
4. Ի՞նչ կերպ են արձագանքել նախագծին ավագանու անդամները,
5. Ծառայության որակի փոփոխություն ենթադրվում է թանկացու՞մը,
6. Արդյո՞ք հնարավոր չէր աստիճանական թանկացում,
7. Թանկացումից առաջացած լրացուցիչ միջոցներն ի՞նչ ուղղվածություն են ունենալու։