Փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում «աղբահանություն» երևույթը և Արմավիր համայնքի ՏԻՄ-ի սեփական ընկալումները երևույթի նկատմամբ։
«Աղբահանության և սանիտարական մաքրման», «Թափոնների մասին» ՀՀ օրենքների կարգավորման տիրույթից դուրս է մնացել շրջիկ աղբատար ավտոմեքենաներով աղբահանությունը։ Սա նշանակում է, որ համայնքապետարանը, բացի աղբահանության վճարներ սահմանելուց, պետք է «Բարեկարգում» տնօրինությանը տրամադրի ավագանու կողմից վավերացված առաջադրանք, որտեղ գոնե նշված կլինի, թե ինչ հաճախականությամբ պետք է կատարվի աղբահանությունը։ Եթե այս առաջադրանքը բացակայում է, և գոյություն չունի աղբահանության պայմանագիր «Բարեկարգում» տնօրինության և բնակչի միջև, ուրեմն բնակիչը կարող է պահանջել, որ աղբահանությունը կատարվի Առողջապահության նախարարի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 25-Ն հրամանի 26 կետի երրորդ մասի պահանջով՝
3) Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրումը իրականացվում է առնվազն երկու օրը մեկ անգամ։
Ի պատասխան մեր մեկ այլ հարցման՝ «Բարեկարգում» տնօրինության տնօրեն Արմեն Հարությունյանը մասնավորապես նշում է՝ «Ֆիզիկական անձ փաստացի բնակվող բնակիչների աղբահանության սպասարկման վարձավճարը պարտադիր վճար է։ Ոչ ֆիզիկական անձանց հետ կնքվում է պայմանագիր»։ Իսկ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 5-րդ հոդվածը հավասարության նշան է դնում ֆիզիկական և ոչ ֆիզիկական անձանց միջև։
Աղբահանության վճարումներ կատարելը պարտադիր է, սակայն յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի տեղեկացված լինելու, թե ինչի համար է վճարում։ Բնակիչները պետք է ունենան պայմանագիր, որտեղ պետք է նշված լինեն աղբահանության պայմանները, հաճախականությունը, վճարումների չափը, չվճարելու դեպքում՝ նախատեսվող տույժերը։ Ներկա իրավիճակում «Բարեկարգում» տնօրինությունը ոչ մի պարտավորություն չունի ինչպես բնակիչների, այնպես էլ համայնքապետարանի առջև։
ՀՀ Առողջապահության նախարարի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 25-Ն հրամանի 2-րդ մասի՝
Սպառման թափոնների հավաքմանը, պահմանը եվ փոխադրմանը (աղբահանությանը) ներկայացվող հիգիենիկ պահանջները
10. Կոնտեյներները տեղադրում են բնակելի և հասարակական շենքերի բակային կամ միջբակային տարածքներում` փոխադրամիջոցի մոտեցման համար հարմար դիրքով, ջրանթափանց, հարթ, բարեկարգ մակերեսով հարթակների վրա: Հարթակը երեք կողմից ունենում է պատնեշ կամ մետաղյա դեկորատիվ ցանկապատ: Կոնտեյներները չեն տեղադրում փողոցների մայթերի և սիզամարգերի վրա:
11. Կոնտեյներները ունենում են կափարիչներ և աղբով լցվում են ծավալի երկու երրորդից ոչ ավելի մակարդակով:
12. Կոնտեյներները հեշտությամբ նույնականացվում են և պարունակում են աղբահանության ընկերության հասցեն կամ անվանումը կամ ծածկագիրը: Կոնտեյներները ունենում են մաքրման և ախտահանման ենթակա հարթ մակերեսներ:
13. Սպառման թափոնները փոխադրում են աղբատար փոխադրամիջոցներով, որոնց կառուցվածքը բացառում է (փակ թափքերով) շրջակա միջավայրի աղտոտումը: Աղբատար փոխադրամիջոցները հեշտությամբ նույնականացվում և պարունակում են աղբահանության ընկերության հասցեն կամ անվանումը կամ ծածկագիրը:
14. Աղբատար փոխադրամիջոցի կառուցվածքը ապահովում է աղբի խտացումը, ունենում է աղբաջրերը հավաքող համակարգ, կողքից կամ հետնամասում կոնտեյներները բեռնող հիդրավլիկ սարք և/կամ կոնտեյներները լվանալու համակարգ:
«Բարեկարգում» տնօրինությունն այս պահանջներից կամ տեղյակ չէ, կամ անտեսում է։