ԳՈւՆԱՎՈՐ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
Արմավիրի մարզի համայնքները մեկ տարի առաջ միավորվեցին և համայնքապետարանների մեկ տարվա աշխատանքը բավարար էր, որ բնակիչները սեփական մաշկի վրա զգային միավորման դառնությունը։
Մի կողմ թողնելով թափանցիկ, հաշվետվողական, մասնակցային կառավարման դասական ձևակերպումները, անդրադառնանք Արմավիրի մարզի որոշ համայնքապետարանների մատուցվող ծառայությունների որակին։
Համայնքի բնակիչները տեղեկանքներ, թույլտվություններ, հասցեի ճշտում, շին․թույլտվություն ստանալու համար պետք է շփվեն համայնքապետարանների հետ։ Բնակիչը համայնքապետարանից փաստաթուղթ ստանալու համար նախ դիմում է ներկայացնում համայնքապետի անունով՝ նշելով իրեն անհրաժեշտ փաստաթղթի անունը։ Համայնքապետարանի համապատասխան բաժինն ուղղորդում է տարբեր բաժիններ, որտեղից սկսվում է գունավոր թերթիկների ամրացումը քաղաքացու դիմումի վրա։ Հիմնականում 3 գունավոր թերթիկ է փակցվում՝ գույքահարկի, բյուջետային և աղբահանության պարտքերի բացակայության վերաբերյալ։ Եթե թերթիկներից որևէ մեկի վրա առկա պարտքի վերաբերյալ նշում հայտնվի, ուրեմն դիմումը կմնա բնակչի ձեռքին և կգրանցվի միայն պարտքերը մարելուց հետո։
Այս կերպ խախտվում է ինչպես ՀՀ օրենսդրությունը, այնպես էլ՝ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը, մասնավորապես՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետի պահանջով՝
1. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։
Օրինակ, Փշատավան գյուղի բնակիչը տեղեկանքը հաստատելու համար, ըստ գոյություն ունեցող հասարակական տրանսպորտի երթուղիների, նախ պետք է հասնի ք․Արմավիր, այնուհետև Արմավիր-Մեծամոր հասարակական տրանսպորտով՝ Մեծամոր համայնքապետարան։ Եթե համայնքապետարանը համոզվի, որ փշատավանցին պարտքեր չունի, տեղեկանքը կվերցնի ու քաղաքացուն կճանապարհի Փշատավան՝ խոստանալով, որ տեղեկանքը հաստատելուց հետո քաղաքացուն զանգով կտեղեկացնեն (դա կարող է տևել 3-ից մինչև 7 օր)։
Մի կողմ թողնելով տրանսպորտային ծախսերը, փշատավանցին լիարժեք տեղեկանք ստանալու համար 2 անգամ պետք է հասնի համայնքապետարան՝ ընդհանուր հաղթահարելով 100 կմ ճանապարհ։
Վիճակն ավելի է բարդանում համայնքի գյուղաբնակ քաղաքացիների համար, երբ անհրաժեշտ է լինում վերցնել որևէ գործարքի, օրինակ՝ անվան տառասխալի ուղղման մասին տեղեկանք։
Համայնքների միավորման գաղափարի քննարկումների ժամանակ շրջանառվում էր հակափաստարկ, որ գյուղական բնակավայրերի քաղաքացիները յուրաքանչյուր տեղեկանքի համար ստիպված են լինելու հասնել համայնքապետարան։ Գաղափարի հեղինակները հավաստիացնում էին, որ բնակավայրի վարչական պատասխանատուն ունենալու է կլոր կնիք և տեղեկանքները կնքելու է անձամբ։
Այնինչ գործում է այլ կանոնակարգ։ Ստացվում է, որ նախ պետք է տեղեկանքը կնքի վարչական ղեկավարը, այնուհետև՝ համայնքի ղեկավարը։
Նշված կամայականությունների իրավաչափությունը պարզելու նպատակով գրավոր հարցում կատարեցինք ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Ըստ նախարարության պատասխանի՝

Հասցեի ճշտման որոշման կամ որևէ այլ տեղեկանք ստանալու դեպքում պարտադիր չէ, որ քաղաքացին չունենա գույքահարկի, վարձակալության և աղբահանության պարտքեր, այսինքն՝ տեղեկատվությունը բնակչին պետք է տրվի նաև այն դեպքում, երբ վերջինս համայնքի հանդեպ ունի ֆինանսական պարտավորություններ։
Ինչպես նաև պարտադիր չէ, որ քաղաքացուն տրվող որևէ տեղեկանք իրենց կնիքով վավերացնեն բնակավայրի վարչական ղեկավարը և համայնքի ղեկավարը։ Միաժամանակ, տեղեկանքը վավեր կհամարվի նաև վերը նշված պաշտոնյաներից միայն մեկի կողմից դրված կնիքի առկայության դեպքում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանը հաստատում է, որ համայնքի ղեկավարների որդեգրած աշխատաոճը չունի իրավական հիմքեր և արդյունք է բնակիչների ոչ բավարար տեղեկացվածության մակարդակի։
Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 189․7 հոդվածը սահմանում է տեղեկատվություն տալու պարտականությունը չկատարելու տույժի չափը։
Հոդված 189 7. Տեղեկություն տալու պարտականությունը չկատարելը
Օրենքով նախատեսված տեղեկությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
Made on
Tilda