ԱՐՄԱՎԻՐԻ
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ
ԲԱՑԱՀԱՅՏՈւՄՆԵՐԸ
Մինչև համայնքների միավորումը համայնքների պաշտոնական կայքերի գոյությունը ցանկալի էր, բայց` ոչ արդիական։ Համայնքները փոքր էին, բոլորը միմյանց ճանաչում էին, ավագանու անդամները տեղացի էին և պաշտոնական կայքերի գոյության մասին ոչ բոլորը գիտեին։ Այսօր այլ է։
Համայնքի բնակիչները, հատկապես հեռավոր բնակավայրերի, ՏԻՄ աշխատանքներին հետևելու համար, կայքից բացի, այլընտրանք չունեն։ ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջով համայնքը պետք է ունենա պաշտոնական համացանցային կայք, որի ստեղծումը և վարումը ապահովում է համայնքի ղեկավարը։
Նույն հոդվածը կանոնակարգում է նաև պաշտոնական համացանցային կայքի պարունակությունը։
Ինչպես յուրաքանչյուր մարդ, ավտոմեքենա, այնպես էլ համայնք, ունենում է իր անձնագիրը։ Արմավիր համայնքի անձնագրային տվյալների մեջ հազվադեպ կարելի է հանդիպել իրականությանը համապատասխանող տվյալների։
Պատկերում շրջանագծով նշված են այն տվյալները, որոնք Արմավիր համայնքի հետ ոչ մի եզրույթ չունեն։ Իրականությանը համապատասխանում է այն, որ Արմավիրի մարզի Արմավիր համայնքն է, համայնքապետը Դավիթ Խուդաթյանն է։ Զարմանալին այն է, որ համայնքապետի անվան վերևում գրված է՝ համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից 1450 մ։ Համայնքի բարձրությունը ծովի մակարդակից ճշտելու համար պարտադիր չէ լինել չափագրող կամ երկրաբան: Այսօր յուրաքանչյուր սմարթֆոն կարող է ցույց տալ տեղանքի բարձրությունը եթե ո՛չ բացարձակ ճշտությամբ, ապա գոնե մի 5 մետր շեղումով։
Օգտվելով սմարթֆոնի համապատասխան հավելվածից՝ հասկանում ենք, որ Արմավիր քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 869 մ․։
Ըստ համայնքապետարանի, քաղաքն անվանվել է Արմավիր ի պատիվ հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Արմավիրի։ Համայնքապետարանի պաշտոնական կայքում շատ հետաքրքիր է ներկայացված 83 տարեկան Արմավիր քաղաքի պատմությունը, մասնավորապես՝
Արմավիր համայնքի վարչական տարածքում բնակավայր է եղել դեռևս հնագույն ժամանակներից: Այստեղ հայտնաբերվել են Արգիշտի Ա (մ.թ.ա. VIII դ.) սեպագիր արձանագրություն, քաղաքի հարավային մասում կան մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոց, բնակատեղի և դամբարաններ։ Քաղաքի եզրում են գտնվում «Էլար-Դարանի» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ-1-ին հզմ.) և Սուրբ Ստեփանոս եկեղեցին (Ուրուբա, Դարանի, Էլար)։ Արմավիր քաղաքը մինչև 1961 թվականը կոչվել է գյուղ Էլար, իսկ 1963 թվականից վերանվանվել է քաղաք Արմավիր ի պատիվ հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Արմավիր։ Նախաուրարտական շրջանում կոչվել է Դարանի: Քաղաքը 1970 թվականից դասվել է հանրապետական ենթակայության քաղաքների շարքը:
Իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում Արմավիրի աշխարհագրական դիրքը։ Այստեղ նույնպես լրջագույն բացահայտումներ է կատարել համայնքապետարանը։
Այս աղյուսակում չկա որևէ տող, որ համընկնի իրականության հետ։ Աղյուսակը պարունակում է կարևոր տեղեկություն, որից պարզ է դառնում, որ Արմավիր համայնքի անձնագիրը Կոտայքի մարզի Աբովյան համայնքի անձնագրի անփույթ խմբագրման արդյունք է։
Արմավիր քաղաքը հիմնադրվել է 1931թ. հունիսի 26-ին, սկզբում՝ որպես Ղուրդուղուլի, հետո՝ Սարդարապատ, ապա՝ Հոկտեմբերյանի շրջկենտրոն։ Անկախությունից հետո, 1996թվ-ին քաղաքը վերանվանվել է Արմավիր և դարձել նոր ձևավորված Արմավիրի մարզի մարզկենտրոն։ Արմավիրը գտնվում է Երասխի (Արաքսի) ձախ ափին, Արարատյան դաշտում։ Արմավիր քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը կազմել է նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, ում մտահղացմամբ քաղաքի հատակագծի վերջնական տեսքը պետք է նմանվեր շոգեքարշի (հաշվի է առնվել այն փաստը, որ քաղաքն այդ ժամանակ հայտնի էր որպես երկաթուղային կայարան «Հոկտեմբեր» անունով)։ Այժմ գործող երկաթուղային կայարանի շենքը նույնպես նախագծել և կառուցել է Ալեքսանդր Թամանյանը, 1927թվ-ին։ Արմավիրը զարգացած ենթակառուցվածքներով, բարենպաստ կլիմայով քաղաք է, որը հանդիսանում է Արմավիր գյուղատնտեսական մարզի վարչական կենտրոնը: Բնակչության թիվը կազմում է 29,3 հազ․։ Քաղաքում, բացի հայերից, բնակվում են ռուսներ, քրդեր, եզդիներ և ասորիներ։ Մարզկենտրոն Արմավիրը գտնվում է մայրաքաղաքից 44 կմ հեռավորության վրա։ Արմավիր քաղաքի առաջին քաղաքապետը եղել է Նորիկ Մնոյանը, այնուհետև՝ Հարություն Մխոյանը, Արարատ Զաքարյանը, Ռուբեն Խլղաթյանը և Դավիթ Խուդաթյանը։ Արմավիրի տարածքը շրջապատված է բազում հնավայրերով, որոնք համարվում են հայկական քաղաքակրթության հիմնական կենտրոնները, մասնավորապես՝ մոտակա Մեծամորը, Արմավիրը, Արգիշտիխինիլին և այլն։
ՀԳ․ Արմավիրի համայնքապետարանի համացանցային պաշտոնական կայքին կարելի էր չանդրադառնալ և բավարարվել խորհուրդներով։ Սակայն մենք գտնում ենք, որ արձանագրված կոպիտ սխալները հետևանք են նաև 700-ից ավելի համայնքապետարանի և համայնքային կառույցների աշխատակիցների անտարբերության՝ սեփական կայքի և սեփական բնակիչների նկատմամբ։ Անտարբերությունն ու ի միջի այլոց աշխատանքը այն մակարդակի է հասել, որ Խաչատուր Աբովյանի անունը դարձրել են Խաչատուր Արմավիր։
Made on
Tilda