ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Թափառող շների ոհմակներն օր-օրի շատանում են

Արմավիր քաղաքում մի քանի տարի առաջ թափառող շներին կարելի էր հաշվել։ Ինչպես արմավիրցիներն են կատակում, քաղաքի թափառող շներին դեմքով էին ճանաչում։ Այս շներից չափսերով ամենախոշորը Քոթոն էր, որն ավտովթարի էր ենթարկվել ու մեկ ոտքից կաղում էր։ Քոթոն իր հաշմանդամության պատճառով փողոցներում քիչ էր երևում, բայց տարին մեկ անգամ ձագեր էր ունենում,- պատմում է Ռադիկ պապը։

Հայաստանում շների ստերջացման իրավական ակտի ընդունումից հետո Քոթոյի ականջին հայտնվեց համարակալված պիտակ, ինչը նշանակում էր, որ Քոթոն այլևս անվնաս կենդանի է։

Ի զարմանս արմավիրցիների, փողոցներում սկսեցին հայտնվել տարբեր կամ օտար թափառող շներ, որոնք իրենց չափերով գերազանցում էին Քոթոյին և հակասության մեջ դնում ականջին փակցրած ստերջացման պիտակի տրամաբանությունը։

Այսօր արմավիրցիները սարսափած են ստերջացված թափառող շների ոհմակներից։ Քաղաքացիները պարբերաբար ահազանգում են և իրենց մտահոգությունը հայտնում  խանութների, բազմաբնակարան շենքերի շքամուտքերի մոտ հավաքված թափառող շների և երեխաների վախերի մասին։ Այս շները ոհմակով վազում են անցորդների հետևից, հաչում ու սարսափ տարածում շրջապատում գտնվող մարդկանց շրջանում։ Շների ոհմակները հիմնականում շրջում են մարդաշատ վայրերում, որտեղ կան դպրոցներ, մանկապարտեզներ և հասարակական օբյեկտներ։ Մեծ խնդիր է դարձել քաղաքի փողոցներում երեխաներին մենակ թողնելը,- ասում է տիկին Անահիտը, ով սպասում է թոռնուհուն՝ դպրոցից տուն ուղեկցելու համար։

Արմավիրցիների կարծիքով, այս թափառող շների միանգամից հայտնվելը կասկածի տեղիք է տալիս։ Ռադիկ պապը ենթադրում է, որ օտար դեմքերով շները բերված են այլ բնակավայրերից, իսկ ավելի հավանական է՝ մայրաքաղաքից։

Հ․Գ. Տեղական իշխանությունները պետք է որ օրակարգ մտցնեն համայնքի բնակիչների անվտանգության հարցը և միջոցներ ձեռնարկեն թափառող շների խնդիրը կարգավորելու ուղղությամբ։

Made on
Tilda