Համայնքների միավորման առավելությունների ցանկի առաջին եռյակում էր վարչական ծախսերի կրճատման փիլիսոփայությունը։ Բազմաթիվ օրինակներով ապացուցվում էր, որ այս կամ այն փոքր համայնքն իր եկամուտներով ի զորու չէ նույնիսկ համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձը վճարելու։ Ամիսներով չեն կարողանում կոմունալ ծախսերը վճարել։ Համայնքների միավորումն այս խնդիրը վերջնականապես կլուծի, խնայված միջոցները կուղղվեն բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Արմավիրի մարզի միավորված համայնքների մեկ տարվա աշխատանքները վերլուծելով՝ տեսնենք միայն վարչական ծախսերի մասով որքա՞ն խնայողություն է եղել և խնայված միջոցներով ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվել խոցելի բնակավայրերում։
Արմավիրի մարզի ամենամեծ Մեծամոր համայնքի կազմում ընդգրկված է 31 բնակավայր։ Մինչև համայնքների միավորումը, այսինքն 2021թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ, Մեծամոր համայնքի 31 բնակավայրերի եկամուտները միասին վերցրած կազմել է 2 մլրդ 471 մլն 297 հզր դրամ, որից՝ սեփական եկամուտները կազմում էր 682 մլն 731 հզր դրամ։
2021 թվ-ին 31 համայնքների ՏԻՄ ոլորտի փաստացի աշխատավարձերը միասին վերցրած կազմել է 1 մլրդ 153 մլն 390 հզր դրամ, որից 623 մլն 776 հզր դրամը՝ 31 համայնքապետարանների աշխատողների, 162 մլն 838 հզր դրամը՝ ՏԻՄ ենթակայության բյուջետային կազմակերպություններում աշխատողների և 366 մլն 776 հզր դրամը՝ ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձ։
Մեծամոր միավորված համայնքի 2022 թվ-ի եկամուտները փաստացի եղել են 2 մլրդ 715 մլն 791 հզր դրամ, որից՝ զուտ սեփական եկամուտները կազմել է 911 մլն 523 հզր դրամ։ Նույն տարում ընդհանուր աշխատավարձը փաստացի կազմել է 1 մլրդ 380 մլն 935 հզր դրամ, որից 645 մլն 449 հզր դրամը՝ համայնքապետարանի աշխատակազմին, 53 մլն 225 հզր դրամը՝ ՏԻՄ-ին ենթակա բյուջետային կազմակերպություններին և 682 մլն 261 հզր դրամը՝ ՀՈԱԿ-ների աշխատակիցներին աշխատավարձ։
Եթե համեմատելու լինենք մինչև միավորվելը, այսինքն 2021 թվ-ի 31 համայնքների փաստացի վճարված ընդհանուր աշխատավարձի չափը Մեծամոր միավորված համայնքի 2022 թվ-ի փաստացի վճարված աշխատավարձի հետ, ստացվում է, որ մինչև միավորումը 227 մլն 545 հզր դրամ ավելի քիչ աշխատավարձ է վճարվել, քան միավորումից հետո։
Ուսումնասիրենք Մեծամոր միավորված համայնքի աշխատակիցների քանակը, ովքեր աշխատում են համայնքապետարանում, համայնքային ենթակայության կազմակերպություններում և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում։ Տեղեկանում ենք, որ Մեծամոր համայնքի հաստիքացուցակներով զբաղվածների թիվը կազմում է 881 աշխատակից, որից միայն 275-ը՝ համայնքապետարանում։
Մինչև միավորումները, յուրաքանչյուր համայնքապետարանում զբաղվածների թիվը տատանվում էր 5-7 աշխատակից։ Այսօր ստացվում է միավորված համայնքում յուրաքանչյուր բնակավայրի հաշվով զբաղվածների թիվը կազմում է մոտ 28։ Սա էլ պատճառ է հանդիսանում, որ վարչական ծախսերը ոչ թե նվազեն, ինչպես ենթադրվում էր, այլ ընդհակառակը՝ ավելանան։
Նման պայմաններում սոցիալական կամ առողջապահական խնդիրներով զբաղվելու ամենամեծ ցանկության դեպքում գումար չի գտնվի։ Խնդիրը կայանում է նրանում, որ սեփական եկամուտների 682 մլն 731 հզր դրամը չի կարող բավարարել նույնիսկ Մեծամոր համայնքի վարչական ծախսերը վճարելու համար։