Համայնքների միավորման ամենագլխավոր մեխը քաղաքականացված ավագանին էր, որտեղ մեկտեղված տարբեր խմբակցությունների քննարկումների արդյունքում կընդունվեին որոշումներ, որոնց կիրառմամբ համայնքը կզարգանար, իսկ համայնքի բնակիչները կօրհնեին այն օրը, երբ միավորումները կյանքի կոչվեցին։
Դասական առումով գաղափարը լիարժեք հնարավորություն է տալիս ՏԻՄ-ին ծավալել քննարկումներ, հաշվի նստել հասարակության և ավագանու մյուս խմբակցությունների անդամների կարծիքի հետ, որոշումներ ընդունել ի նպաստ համայնքի բնակավայրերի զարգացման և բնակիչների կյանքի բարելավման։
Արմավիրի մարզի 7 միավորված համայնքների ավագանու մեկ տարվա կատարած աշխատանքը բավարար է պատկերացում կազմելու քաղաքական կառույցի աշխատաոճից և արդյունավետությունից։
Մարզի 7 միավորված համայնքներում կան 165 ավագանու անդամներ, որոնցից 108-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ մյուս 57 ավագանու անդամները ներկայացնում են 8 տարբեր խմբակցություններ։ Համայնքներում ավագանու խմբակցությունների աշխատանքները տարբեր են։ Մի մասը բոյկոտել է ավագանու նիստերը, մի մասը հարմարվել է իշխանական խմբակցության հետ, իսկ Արմավիր համայնքում ավագանին ունի մեկ խմբակցություն։
Ուսումնասիրելով 2022թվ-ի Արմավիրի մարզի 7 համայնքների ավագանու աշխատանքները՝ կարող ենք արձանագրել, որ 7 համայնքների ավագանին կոչված է միայն դակելու համայնքի գործադիրի ներկայացրած որոշման նախագծերը։
Արմավիրի մարզի համայնքների պաշտոնական կայքերում, չնայած օրենքի պահանջին, բացակայում են նիստերի արձանագրությունները։ Փարաքար, Վաղարշապատ և Արաքս համայնքներն ունեն նիստերի տեսագրությունը, որոնց դիտելով կարելի է պատկերացում կազմել ավագանու աշխատանքների մասին։ Մնացած համայնքներում ո՛չ տեսագրություն կա, ո՛չ էլ նիստի արձանագրություն։
2022 թվականի ընթացքում 7 համայնքների ավագանին միասին վերցրած ընդունել է 1318 որոշում։ Բոլոր նախագծերը նիստի քննարկման են ներկայացվել գործադիրի կողմից և ոչ մի նախագիծ փոփոխության չի ենթարկվել՝ չի մերժվել ավագանու կողմից, կամ ետ չի ուղարկվել լրամշակման։
Արմավիր և Մեծամոր համայնքներում, միասին վերցրած, ավագանու կողմից ընդունվել է 522 նախագիծ։ Ավագանին բոլոր նախագծերն ընդունել է 100 տոկոս կողմ ձայներով, նույնիսկ ձեռնպահ քվեարկող չի եղել։ Եթե Արմավիր համայնքի պարագայում միակուսակցական ավագանու պայմաններում նման քվեարկությունն օրինաչափ է, ապա նույնը չի կարելի ասել Մեծամոր համայնքի պարագայում, որտեղ ավագանու կազմում կան մեկից ավելի խմբակցություններ։
Մարզի 3 համայնքների ավագանու ընդդիմադիր թևը սերտ համագործակցում է մեծամասնության հետ և ամեն ինչ անում է մեծամասնությանը հաճոյանալու համար։
2 համայնքներում ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել են ավագանու նիստերը՝ բոլոր իրավունքները թողնելով մեծամասնությանը։
Այսքանից հետո պատահական չէ, որ մարզի 7 համայնքներում 2022 թվականի ընթացքում ընդունվել է 1318 որոշում, որին դեմ կամ ձեռնպահ է քվեարկել ընդամենը 0,3 տոկոսը։
Քվեարկության յուրահատուկ տարբերակ է մշակել Վաղարշապատի համայնքապետարանը։ Օրակարգից դուրս է բերվել «Ովքեր են կողմ» քվեարկության ձևը և փոխարինվել «Ովքեր են դեմ», «Ովքեր են ձեռնպահ» հարցադրումներով։ Հետաքրքիր է իմանալ, եթե ավագանու անդամը կամ մեկ ամբողջ խմբակցություն հրաժարվում է մասնակցել քվեարկությանը, ինչպե՞ս է վարվելու նիստի արձանագրություն վարողը։
Արմավիրի մարզի համայնքների ՏԻՄ-ի մեկ տարվա աշխատանքն ապացուցում է, որ տեղական ինքնակառավարումը փոխարինվել է տեղական կառավարումով, իսկ հասարակությունը ինչպես եղել է դիտորդ, այնպես էլ մնացել է։