Բաղրամյան համայնքի ավագանին որոշ տեղերում առատաձեռն է
Մեր նախորդ հրապարակումներում վերլուծությամբ փորձեցինք հասկանալ համայնքների միավորման արդյունքում վարչական ծախսերի խնայողությունները։ Արմավիրի մարզի 96 համայնքներ միավորվեցին և ձևավորվեց 7 միավորված համայնք։ Կարելի էր ենթադրել, որ տասնյակ համայնքապետարանների լուծարման արդյունքում գոնե ծառայողական ավտոմեքենաների կրճատումով կամ համայնքի ղեկավարների տեղակալների ու հաշվապահների կրճատումով հսկայական խնայողություններ կլինեն։ Մեր նախորդ ուսումնասիրության արդյունքում, որը վերաբերում էր Արմավիրի մարզի ամենամեծ՝ Մեծամոր համայնքին, հակառակ երևույթն էր տեղի ունեցել, այսինքն վարչական ծախսերն ավելացել էին։ Այժմ փորձենք Արմավիրի մարզի բնակչությամբ ամենափոքր՝ Բաղրամյան համայնքի օրինակով հասկանալ, թե որքանո՞վ է արդյունավետ համայնքների միավորումը։
Արմավիրի մարզի ամենափոքր՝ Բաղրամյան համայնքի կազմում ընդգրկված է 14 բնակավայր։ Մինչև համայնքների միավորումը, այսինքն 2021թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ, Բաղրամյան համայնքի 14 բնակավայրերի եկամուտները միասին վերցրած փաստացի կազմել էր 697 մլն 584 հզր դրամ, որից՝ սեփական եկամուտները փաստացի կազմում էր 226 մլն 896 հզր դրամ։
2021 թվ-ին 14 համայնքների ՏԻՄ ոլորտի փաստացի աշխատավարձերը միասին վերցրած կազմել է 301 մլն 577 հզր դրամ, որից 207 մլն 450 հզր դրամը՝ 14 համայնքապետարանների աշխատողների, 27 մլն 801 հզր դրամը՝ ՏԻՄ ենթակայության բյուջետային կազմակերպություններում աշխատողների և 66 մլն 320 հզր դրամը՝ ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձ։
Բաղրամյան միավորված համայնքի 2022 թվ-ի եկամուտները փաստացի կազմել են 963 մլն 497 հզր դրամ, որից՝ զուտ սեփական եկամուտները կազմել է 230 մլն 947 հզր դրամ։
2022 թվ-ին Բաղրամյան միավորված համայնքի ընդհանուր աշխատավարձը փաստացի կազմել է 329 մլն 785 հզր դրամ, որից 167 մլն 439 հզր դրամը՝ համայնքապետարանի աշխատակազմին, 68 մլն 184 հզր դրամը՝ ՏԻՄ-ին ենթակա բյուջետային կազմակերպություններին և 94 մլն 162 հզր դրամը՝ ՀՈԱԿ-ների աշխատակիցներին աշխատավարձ։
Եթե համեմատելու լինենք, մինչև միավորվելը, այսինքն 2021 թվ-ի 14 համայնքների փաստացի վճարված ընդհանուր աշխատավարձի չափը Բաղրամյան միավորված համայնքի 2022 թվ-ի փաստացի վճարված աշխատավարձի հետ, ստացվում է, որ մինչև միավորումը 28 մլն 208 հզր դրամ ավելի քիչ աշխատավարձ է վճարվել, քան միավորումից հետո։
Ուսումնասիրենք Բաղրամյան միավորված համայնքի աշխատակիցների քանակը, ովքեր աշխատում են համայնքապետարանում, համայնքային ենթակայության կազմակերպություններում և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում։ Տեղեկանում ենք, որ Բաղրամյան համայնքի հաստիքացուցակներով զբաղվածների թիվը կազմում է 289 աշխատակից, որից միայն 169-ը՝ համայնքապետարանում։
Բաղրամյան միավորված համայնքում բնակավայրերի վարչական կենտրոնները, բացի վարչական ղեկավարից, առաջատար մասնագետից, ունեն նաև պահակ, հավաքարար։ Միայն անհասկանալի է՝ բացի Արգինայի մանկապարտեզը, բոլոր մանկապարտեզներն ունեն պահակ։
Բաղրամյան համայնքի համայնքապետարանը աշխատակիցների աշխատավարձով զիջում է Մեծամորի համայնքապետարանին, սակայն Արմավիր համայնքապետարանից ավելի շռայլ է։ Օրինակ, 78.7 հզր բնակչությամբ, 31 բնակավայրով Մեծամորի համայնքապետարանի բաժնի պետի ամսական աշխատավարձը կազմում է 350 հզր դրամ, 65.5 հզր բնակչությամբ, 11 բնակավայրով Արմավիրի համայնքապետարանինը` 235 հզր դրամ, իսկ 19.6 հզր բնակչությամբ, 14 բնակավայրով Բաղրամյանի համայնքապետարանի բաժնի պետինը` 270 հզր դրամ։ Թե ի՞նչ տրամաբանությամբ է Բաղրամյանի ավագանին առաջնորդվել, անհասկանալի է։ Կարելի էր նույն շռայլությունը դրսևորել նաև սոցիալական պաշտպանություն, մշակույթ, կրոն, առողջապահություն, շրջակա միջավայրի պաշտպանություն՝ այս կարևոր բնագավառների ֆինանսական հատկացումների նկատմամբ, որոնց գումարային տեսակարար կշիռը Բաղրամյան համայնքի տարեկան բյուջեում կազմում է ընդամենը 7.2 տոկոս։
Made on
Tilda