Կետ քարտեզի վրա
Մայրաքաղաք, որի խորհրդանիշ հանդիսացող 3 հովացման աշտարակները ՀՀ բնակչության ահ ու սարսափն են։ Քչերը գիտեն, որ աշտարակներից դուրս եկող արտանետումը բազմիցս զտված ջրի գոլորշին է, այլ ոչ՝ թունավոր արտանետում․․․ Հենց այդ 3 աշտարակներից էլ ծնվել է այս փոքրիկ քաղաքը։
Մեծամորն է, հիմնադրվել է 1970 թվականին՝ այն ժամանակ, երբ կառուցվեց Հարավային Կովկասի միակ ատոմակայանը։
"Իմ ձեռքերով ուրանի սկավառակը համբուրեցի և դրեցի ռեակտորի մեջ։ Մենք կարծես կանգնած լինեինք մահի առջև ու նորից վերածնվեցինք, երբ տեղի ունեցավ շղթայական ռեակցիան ու Հայաստանը դուրս եկավ էներգետիկ ճգնաժամից"
Գերա Սևիկյանի խոսքերն են ՀԱԷԿ-ի շահագործման մասին, ով 1975 թվականից աշխատում է ՀԱԷԿ-ում։ Այդ ընթացքում զբաղեցրել է մի քանի պաշտոններ։ Այժմ ՀԱԷԿ-Ի խորհրդականն է։
Սկզբում Մեծամորը բնակելի ավան էր ՀԱԷԿ-ի աշշխատակիցների համար, այնուհետև՝ 1992թվ-ին ստացավ քաղաքի կարգավիճակ։ Իսկ 2021թ. դեկտեմբերի 5-ին Մեծամորը դարձավ խոշորացված համայնք՝ իր շուրջը միավորելով Արմավիրի մարզի 31 բնակավայր։ Մեծամոր խոշորացված համայնքն այժմ ունի 78682 բնակիչ։
Թեև այստեղ սուրճը միայն տանն են խմում սրճարանների և ժամանցային վայրերի բացակայության պատճառով, այնուամեայնիվ սա քաղաք է, որն ունի մարզի խոշոր աշխատատեղերից մեկը։ Մեծամորը շատերին հայտնի է որպես քաղաք, որտեղ գտնվում է Հայկական ատոմային էլեկտրակայանը։ Համացանցի որոնման հարթակներն էլ մեծամասամբ ԱԷԿ-ի մասին են տեղեկատվություն տալիս։ Բայց այս քաղաքը, բացի էներգետիկ մայրաքաղաք լինելուց, ժամանակին համարվել է մշակութային կենտրոն և ունի այնպիսի արժեքներ, որոնք տուրիստական կետ դառնալու պոտենցիալ են հանդիսանում։
Տարիներ շարունակ այստեղ ապրել և աշխատել են մարդիկ, ովքեր ունեն մեկ գլուխ, երկու ձեռք և երկու ոտք, սակայն միֆերի կույտն այս քաղաքից երբեք չի պակասել։ ՀՀ բնակչության մեծամասնության կարծիքով, այս քաղաքում ճառագայթումն այնքան շատ է, որ բացի այն, որ վնասում է առողջությանը, այլև այստեղ ծնվում են արատավոր երեխաներ, չեն աճում բույսեր, իսկ ելակներն ահռելի չափեր ունեն։
Պրն Սևիկյանի հետ զրույցում չէինք կարող չանդրադառնալ քաղաքի մասին հնչած միֆերին, քանի որ նա ոչ միայն ՀԱԷԿ-ի հմուտ մասնագետներից է, այլև Մեծամորի հնաբնակներից մեկը։
Պրն Սևիկյանը պատմեց, թե ինչպես իրենց աշխատակիցներից մեկն ասել էր, որ Գերանն այն աստիճանի է ճառագայթվել՝ եթե մոտենաք, ձեզ կվնասի։ Ծիծաղելով հավելում է, որ ՀԱԷԿ-ի ճառագայթման աստիճանը 100 անգամ նորմայից ցածր է և անգամ քարե շենքերում ապրող մարդիկ ավելի շատ ճառագայթ են ստանում, քան ՀԱԷԿ-ի աշխատակիցներն ու տարածքի բնակիչները։ Քաղաքի մասին այդ թյուր կարծիքը հերքող ամենավառ ապացույցը հենց ՀԱԷԿ-ի տարածքում ծիծեռնակների հյուսած բույներն են ու նրանց ձագուկները։ Հարցին, թե ինչու՞ են մարդիկ այդպես վախեցած՝ պատասխանեց, -
"Ամենավատն այն է, որ մարդկանց ծանոթությունը ատոմային էներգիային սկսվեց ռումբից, երբ տեղի ունեցավ Հիրոսիմայի և Նագասակիիի դեպքը։ Մարդիկ տեսան, թե ինչպես է այրվում ժողովուրդը և սա բերեց ռադիաֆոբիայի, որը մինչ այժմ արտահայտված է շատերի մոտ, այնինչ ՀԱԷԿ-ն աշխատում է ավելի անվտանգ, քան շատ այլ գործարաններ մեր երկրում։
Տիկին Լուիզան էլ հիացմունքով է հիշում իր երիտասարդությունը, երբ Մեծամորն այն ժամանակ համարվում էր մշակութային կենտրոն։ Հիշում է, թե քանի-քանի երաժշտական առումով կրթված սաներ է ճանապարհել Մեծամորը արտերկիր, որտեղ նրանք հաջողություններ են գրանցել։ Պատմում է, որ ժամանակին Մեծամորում անգամ կար ռեստորան, որտեղ հնչում էր կենդանի երաժշտություն, երբ բոլոր ֆիլմերը, որոնք նոր էին բերում Հայաստան, առաջինը ցուցադրում էին Մեծամորում։
Իսկ վախերի և միֆերի մասին նա մի ծիծաղելի դեպք պատմեց․ "Կանգառում կանգած էի երեխաներիս հետ, գիտաշխատողներին Երևան տեղափոխող մի ավտոբուս կանգնեց՝ տեսնելով, որ թրջվում ենք անձրևին։ Մտանք ներս ու վարորդը հարցրեց թե արդյո՞ք մենք այստեղ ենք ապրում։ Պատասխանեցի՝ այո՛, հարցրեց, - ձե՞ր երեխաներն են, ասացի, այո՛, և վարորդն ապշահար ասաց, - այստեղ երեխաներ են փաստորեն ծնվում"։
Մեծամորի մեկ այլ բնակիչ էլ շատ լավ հիշում է, որ իրենց ասում էին՝ հանկարծ թութ չուտեք, դրա մեջ ճառագայթն այնքան շատ է, որ մահացու ազդեցություն կարող է ունենալ։
Այսպիսով, Մեծամորը քաղաք է, որտեղ բոլոր մարդիկ այնպիսին են, ինչպիսին ՀՀ այլ բնակավայրերի բնակիչները, սնվում և ապրում են այնպես, ինչպես բոլորը։
Մեծամորի գանձերը՝ 5000-ամյա բերդաքաղաքը "Մեծամորը հիրավի սխրանք է, որը կատարվել է ձեր երկրում", - ասել է անգլիացի պրոֆեսոր Այսը Մեծամորի հնավայր այցից հետո։ Մեծամոր խոշորացված համայնքն ուշագրավ է դարձնում 5 հազար տարուց ավելի պատմություն ունեցող հնավայրը, որի անվանումը պայմանական է՝ դրված բլրի ստորոտով հոսող վտակի անունով։ Մեծամոր քաղաքից այս հնավայրը գտնվում է ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա։ Ի դեպ, Հայաստանի ամենահին ոսկին պեղվել է հենց այստեղ։ Հնավայրի մասին տեղ-տեղ կարող ենք հանդիպել պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու մոտ։ Այս տարածքում 1963թվ-ից մինչ այժմ ամեն տարի պեղումներ են իրականացվում։ 15-րդ դարից սկսած տեղանքը համարվել է բերդաքաղաք, որն ունեցել է հզոր քաղաքակրթություն։ Հնավայրն իր մեջ ներառել է դամբարանադաշտը, մետաղաձուլական կենտրոնը, տաճարային համալիրն ու քաղաքային թաղամասը։ |
Թանգարանում կհանդիպենք քուր-արաքսյան, սևան-արցախյան, կարմիրբերդյան և վան-ուրմեկանա մշակույթներին։ Այս մշակույթներին վերաբերող գտածոները վկայում են հնավայրում նախկինում եղած առևտրային լավ կապերի մասին։ Թանգարանում աննկատ չի կարող մնալ Ալֆրեդ անունով կմախքը, որն ունի 4000 տարվա պատմություն։ Նրա թաղված դիրքից և դիմածնոտային կառուցվածքից միայն կարող ենք տարբերակել, որ այն եղել է տղամարդ։
Հնավայրի տարածքը հողային առումով չոր է, ինչն էլ հանգեցրել է նրան, որ գտածոները հողի տակ լավ են պահպանվել։ Թանգարանի նկուղային հարկում կարող ենք տեսնել առաձնացված այն ժամանակվա համար շատ գեղեցիկ ու թանկարժեք ոսկյա զարդեր, որոնք թվագրվում են 15-ից 13-րդ դարերին։
Քեմբրիջի համալսարանի պրոֆեսորներից մեկի այցի ժամանակ, երբ նրան տեղեկացրել են, որ մեր նախնիները 2-րդ հազարամյակում այս տարածքում պղնձին խառնել են մկնդեղ և ստացել բրոնզ, նա չի հավատացել և իր հետ տարել է մի կտոր այդ գտածոներից և ընդամենը մի քանի ամիս անց, լաբորատոր վերլուծություններից հետո, ուրախութամբ տեղեկացրել է թանգարանին, որ դա իսկապես այդպես է։