Արմավիրի մարզի Խոյ համայնքի ընդդիմադիր ավագանու անդամները դժգոհում էին, որ համայնքի բյուջեն մի կերպ է բավականացնում համայնքապետարանի և համայնքային կառույցների աշխատողների աշխատավարձին։
Խոյ համայնքում ընդգրկված է 17 բնակավայր։ Բնակավայրերի թվով մարզում երկրորդ տեղն է՝ զիջելով միայն Մեծամոր համայնքին, իսկ բնակչությամբ զիջում է Մեծամոր, Արմավիր, Վաղարշապատ համայնքներին և կազմում է 31 հազար 31 մարդ։ Խոյ միավորված համայնքը կարելի է դասել Արմավիրի մարզի միջին մեծության համայնքների թվին։
Մինչև համայնքների միավորումը, այսինքն 2021թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ, Խոյ համայնքի 17 բնակավայրերի եկամուտները միասին վերցրած կազմել է 998 մլն 630 հզր դրամ, որից՝ սեփական եկամուտները միասին փաստացի կազմել է 265 մլն 618 հզր դրամ։
2021 թվ-ին 17 համայնքների ՏԻՄ ոլորտի փաստացի աշխատավարձերը միասին վերցրած կազմել է 501 մլն 547 հզր դրամ, որից 366 մլն 388 հզր դրամը՝ 17 համայնքապետարանների աշխատողների, 77 մլն 083 հզր դրամը՝ ՏԻՄ ենթակայության բյուջետային կազմակերպություններում աշխատողների և 58 մլն 075 հզր դրամը՝ ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձ։
Փաստորեն կարելի է արձանագրել, որ մինչև միավորումը Խոյ համայնքի 17 բնակավայրերի սեփական եկամուտները չեն բավարարել միայն համայնքապետարանների աշխատակիցներին աշխատավարձ վճարելու համար։
Ներկա իրավիճակը պարզելու նպատակով ուսումնասիրենք Խոյ համայնքի մեկ տարվա եկամուտներն ու ծախսերը։
Խոյ միավորված համայնքի 2022 թվ-ի եկամուտները փաստացի եղել են 1 մլրդ 245 մլն 475 հզր դրամ, որից՝ զուտ սեփական եկամուտները կազմել է 377 մլն 288 հզր դրամ։ Նույն տարում ընդհանուր աշխատավարձը փաստացի կազմել է 484 մլն 550 հզր դրամ, որից 314 մլն 446 հզր դրամը՝ համայնքապետարանի աշխատակազմին, 113 մլն 011 հզր դրամը՝ ՏԻՄ-ին ենթակա բյուջետային կազմակերպություններին և 57 մլն 092 հզր դրամը՝ ՀՈԱԿ-ների աշխատակիցներին աշխատավարձ։
Եթե համեմատելու լինենք մինչև միավորվելը, այսինքն 2021 թվ-ի 17 համայնքների փաստացի վճարված ընդհանուր աշխատավարձի չափը Խոյ միավորված համայնքի 2022 թվ-ի փաստացի վճարված աշխատավարձի հետ, ստացվում է՝ միավորումը 17 մլն դրամի աշխատավարձի տնտեսում է արձանագրել։ Սակայն իրավիճակը կտրուկ փոխվել է համայնքապետարանի աշխատակազմի մասով։ 2023 թվ-ին Խոյ համայնքապետարանի աշխատակազմի տարեկան աշխատավարձը ավագանին հաստատել է 438 մլն 336 հզր դրամ։
Ուսումնասիրելով Խոյ համայնքի եկամուտներն ու աշխատավարձերը, հետաքրքիր փաստեր են արձանագրվում։ Այսպես, Խոյ համայնքի ղեկավարը՝ իր 2 տեղակալների, խորհրդականի և օգնականի հետ, տարեկան ստանում են այնքան աշխատավարձ, որքան սեփական եկամուտ ունեին 2021 թվականին Դաշտ, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Մրգաստան և Շահումյան թ/ֆ համայնքները միասին։
Ուսումնասիրենք Խոյ միավորված համայնքի աշխատակիցների քանակը, ովքեր աշխատում են համայնքապետարանում, համայնքային ենթակայության կազմակերպություններում և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում։ Տեղեկանում ենք, որ Խոյ համայնքի հաստիքացուցակներով զբաղվածների թիվը կազմում է մոտ 354 աշխատակից, որից միայն 183-ը՝ համայնքապետարանում։
Համայնքների թվային տվյալներն ուսումնասիրելիս հնարավոր չէ անտեսել համայնքի ղեկավարների աշխատավարձը, որն ուղիղ կապ ունի պատգամավորի աշխատավարձի և համայնքի բնակչության թվի հետ։
Պատգամավորի աշխատավարձի հետ համայնքի ղեկավարներն անզոր են որևէ փոփոխություն կատարել, իսկ համայնքի բնակչության թվի հետ՝ կարելի է թվեր նկարել։
ՀՀ Վիճակագրական կոմիտեի
տվյալներով 2023թ. հունվարի 1-ի դրությամբ Արմավիրի մարզի մշտական բնակլչության թվաքանակը կազմել է 264,4 հազար։ Համայնքապետարանների պաշտոնական կայքերում համայնքի մշտական բնակչության թվերը հակասում են վիճակագրական կոմիտեի թվերին։
Ըստ համայնքապետարանների, մշտական բնակչությունը համայնքներում կազմում է՝
Արմավիր - 65515, Վաղարշապատ - 62879, Մեծամոր - 78682, Խոյ - 31031, Փարաքար - 28740, Արաքս - 27491, Բաղրամյան - 19957 և Ֆերիկ էթնիկ համայնք - 310։ Մշտական բնակչության թվաքանակը գումարային ստացվում է 314605։ Վիճակագրական կոմիտեի և համայնքապետերի ներկայացրած թվերի տարբերությունը կազմում է 50205 մարդ։ Այս տարբերությունը տեսնելիս պարզ տրամաբանական հարց է առաջանում՝ ո՞վ և ինչու՞ է կեղծել թվերը։