Սրանով իրեն ազատում է 867 հրամանի 2-րդ կետի և որակի հսկողության 4․1 կետի պարտականությունները կատարելուց։
Այս անգամ նամակով դիմեցինք «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերություն։ Ընկերության պատասխանում նշվում է, որ ընկերությունը վարձակալության պայմանագրով ստացել է ՏԿԵ նախարարության Ջրային կոմիտեին ամրակցված՝ պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը։ Ընկերությունը պատասխանատվություն է կրում միայն վարձակալած գույքի շահագործման, պահպանման և նորոգման աշխատանքների համար։
Արմավիրի մարզի նախկին համաճարակաբան Աշխեն Պողոսյանի մեկնաբանությամբ՝ ջրի որակի հսկողությունը նախկինում կատարվում էր Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների կողմից։ Այսօր անունը փոխվել է, սակայն ջրի որակի հսկողության և վերահսկողության գործընթացում փոփոխություններ չեն եղել։
Ի՞նչ են մտածում տեղական խշխանությունները
ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12 հոդվածը թվարկում է համայնքի պարտադիր խնդիրները և առաջին կետի 18 ենթակետում անդրադառնում է համայնքի բնակչության առողջության պահպանման և բարելավման խնդիրներին։
Հոդվածի տրամաբանությամբ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է բնակչության առողջության պահպանմանն ուղղված աշխատանքներ ձեռնարկեն։
Խմելու ջրի որակի հետ կապված պետք է պահանջեն պատկան մարմիններից կատարելու իրենց պարտականությունները և անհրաժեշտության դեպքում պահանջել տեղեկատվություն համայնքի բնակավայրերում կենտրոնացված ջրամատակարման ցանցերում խմելու ջրի որակի վերաբերյալ, ինչը հնարավորություն կընձեռի տեղական իշխանությունների համար առնվազն գոնե մեղմելու խմելու ջրի կոշտության հետ կապված խնդիրները։
Մասնավորապես, շատ բնակավայրերում մեկից ավելի խմելու ջրի ստորգետնյա աղբյուրներ կան, որոնք, կախված տեղանքից և խորությունից, ունեն տարբեր կոշտություն։ Անհրաժեշտ է մասնագիտական ուսումնասիրություն կատարել և խմելու ջրամատակարարման բեռը դնել ավելի ցածր կոշտություն ունեցող աղբյուրների վրա։
Օրինակ, Արմավիր համայնքի Այգեվան գյուղը մինչև 1978թվ-ն ունեցել է մեկ խմելու ջրի ստորգետնյա աղբյուր, որը կառուցվել է 1960-ական թվականներին, որից հետո ավելացել է ևս մեկը և գյուղի խմելու ջրամատակարարումը դրվել է նոր խորքային հորի վրա։ Ստորգետնյա ջրի աղբյուրների հեռավորությունը միմյանցից մոտ 650մ է, սակայն նոր խորքային հորի ջրի կոշտությունը 3․1 մմոլ/լ-ով ավելի բարձր է, քան հին խորքային հորի ջրի կոշտությունը։ Այգեվանում խմելու ջրի կոշտության հետ կապված խնդիրը կարելի է մեղմել՝ փոխելով խմելու ջրի մատակարարման աղբյուրը։
Վաճառվող խմելու ջրի որակը չի հսկվում։ Խնդիրը կայանում է նրանում, որ խմելու ջրի որակի պետական հսկողություն իրականացվում է միայն կենտրոնացված ջրամատակարարման ցանցերում, իսկ շրջիկ մեքենաներով և ստացիոնար կետերում վաճառվող ջրի որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու մեխանիզմները բացակայում են։
Փաստերի ստուգման նյութը ստեղծվել է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհով։ Այստեղ արտահայտված կարծիքներն ու դիրքորոշումները կարող են չհամընկնել ֆինանսավորող կողմի տեսակետների հետ։