Հայաստանը մեծ անելիքներ ունի կոյուղաջրերի կառավարման գործընթացում։ Արմավիրի մարզում գործող մաքրման կայաններ չկան, կոյուղաջրերը հոսում են շրջակա միջավայր, մասնավորապես՝ Սև ջուր և Քասախ գետեր՝ աղտոտելով ջրավազանները։
Կլիմայի փոփոխություններին հարմարվողականության միջոցառումները բազմաթիվ են, սակայն կան միջոցառումներ, որոնք շատ կարևոր են, չեն պահանջում մեծ ներդրումներ և կլիմայի փոփոխություններին մեղմելու առումով մեծ արդյունավետություն ունեն։ Խոսքը վերաբերում է կանաչ տարածքների ավելացմանը։
Կանաչ տարածքները մի կողմից կլանում են ածխաթթու գազը, մյուս կողմից՝ արևի ճառագայթները, որը մեղմում է մթնոլորտի գերտաքացումը։ Հարկ է նշել, որ օդի ջերմաստիճանը դա արևի ճառագայթների անդրադարձն է երկրի մակերևույթից։ Եթե արևի ճառագայթները երկրի մակերևույթի վրա կանաչ ծածկույթի տեսքով դիմադրության հանդիպեն, կկորցնեն իրենց ջերմաստիճանի որոշ մասը և անդրադարձն ավելի մեղմ կստացվի, քան մերկ մակերևույթից։
Նորից օրինակ բերենք Արմավիրի մարզի քաղաքային բնակավայրերից, որտեղ կանաչ տարածքները ոռոգման ջրի բացակայության պատճառով նվազում են։ Միայն Արմավիր քաղաքում հարյուրավոր հեկտար հողատարածքներ ոռոգման ջրի պատճառով վերածվել են անապատի։ Պատահական չի համարվում այն փաստը, որ ամեն տարի գրանցվում է 40 և ավելի աստիճան մթնոլորտի տաքացում։