Գյուղատնտեսություն - Մենք բազմիցս անդրադարձել ենք արտեզյան ավազանի խնդիրներին և խնդրի կարգավորման հնարավոր միջոցառումներին։ Արարատյան արտեզյան ավազանը Արարատյան դաշտում տասնյակ տարիներ հանդիսացել է ոռոգման ջուր ապահովող կայուն աղբյուրը։ Խորհրդային տարիներին, չունենալով Ախուրյանի ջրամբար, արտեզյան ավազանի շնորհիվ Արարատյան դաշտի գյուղատնտեսությունը ոռոգման ջրի դեֆիցիտ չի ունեցել։ Նույնը չի կարելի ասել այսօր, և դա այն պարագայում, երբ ոռոգման համակարգին է միացել Ախուրյանի ջրամբարը՝ 550 մլն խոր.մետր ջրի ծավալով։
Ավազանի մակարդակի անկումը հասավ իր ծայրահեղ մակարդակին, մեկը-մյուսի հետևից սկսեցին չորանալ խորքային հորերը, գործող հորերի արտադրողականությունն անգամներով նվազեց։ Գյուղացիների խոսքով, եթե նախկինում 1 հա հողատարածքը հնարավոր էր ջրել հաշված ժամերի ընթացքում, այսօր նույն հողակտորը ոռոգվում է օրերի ընթացքում։ Այգեվանցի Հրաչն ասում է՝ մեկ հեկտար հողատարածք ունի, ծիրան ու առվույտ է մշակում, երկու մշակաբույսն էլ սեզոնին 4-ից 5 ոռոգում է պահանջում, վերջին երեք տարիների ընթացքում հազիվ 2-ից 3 ջրում է կատարում, պտուղը թերհասունացած է մնում, առվույտը, 4-ի փոխարեն, 2 հունձ է կատարվում։ Հրաչի հարևան հողատերերը նույն իրավիճակում են գտնվում։
2012թ. սկսած գյուղացիական տնտեսությունները նկատեցին արտեզյան հորերի ջրի աստիճանական նվազում։ Երևույթն ակնհայտ նկատելի էր Արմավիրի մարզի ցածրադիր վայրերում, որտեղ շատրվանող հորատանցքերի ջուրը, աստիճանաբար նվազելով, դադարեց շատրվանելուց և, սկսած 2022 թվականից, Արմավիրի մարզի տարածքում արտեզյան ավազանի ճնշումային գոտին վերացավ՝ թողնելով բազմաթիվ բացասական հետևանքներ։ Շատ բնակավայրերում խափանվեց ոռոգման ջրի մատակարարումը։
Արտեզյան ավազանի մակարդակի անկումն էր պատճառը, որ Արարատյան դաշտում ամեն տարի արձանագրվում է ոռոգման ջրի դեֆիցիտ, ինչը բերում է գյուղատնտեսական հողատարածքների անապատացման։
Արմավիրի մարզպետի աշխատակազմի գլխավոր գյուղատնտեսի մեկնաբանությամբ ոռոգման ջրի դեֆիցիտի պատճառով մարզի գյուղատնտեսական հողերի մոտ 35 տոկոսը չի մշակվում։
Ոռոգման ջրի դեֆիցիտը լրացնելու նպատակով Սևանա լճից լրացուցիչ ջուր է բաց թողնվում, որի ծավալը չի կարող լրացնել ոռոգման ջրի ամբողջ պահանջը։