Նույն ռեժիմով է աշխատում նաև Սևջուր գետի պոմպակայանը։ Պատասխանատուի մեկնաբանությամբ, 4 պոմպերից միայն մեկն է աշխատում, այն էլ՝ օրվա ընթացքում 2 ժամ։
Արտեզյան ավազանն իր ներքին ճնշման շնորհիվ սնուցում է նաև վերին շերտերի գրունտային ջրերը, որոնք պահպանում են հողի խոնավությունը։ Ավազանի մակարդակի անկման պատճառով հողի մեջ խոնավության տոկոսը խիստ նվազել է և լրացուցիչ ջուր է պահանջվում խոնավությունը վերականգնելու համար։ Այս գործոնն է պատճառը, որ ոռոգման ջրի պահանջարկը 50-70 տոկոսով ավելացել է։
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, բնապահպան Սանասար Բաղդասարյանը մեկնաբանում է. «Սա երաշտ է, ստորգետնյա ջրերը սարերի ձնհալներից են գոյանում։ Ձյուն ունե՞նք, չունենք։ Նավթից, հացից, ամեն ինչից թանկ աշխարհում ջուրն է։ Ինչի՞ են ասել ջուրը կյանք է։ Առանց ջրի կպատկերացնե՞ք։ Եթե ջուր կա, նշանակում է կյանք կա։
Հիմա այստեղ ինչպես բարձիթողի եղել է, այդպես էլ շարունակվում է, չի տնօրինվում։ Ջրաղբյուրները պակասել են, ջրի ելը, որ պիտի ապահովեր սարերի ձյունը, չկա, գնալով ավելի սուր է լինելու։ Մի քանի տարի հետո Արարատյան դաշտը դառնալու է անապատ։ Սարսափելի իրավիճակ է, անտերության մատնված»։
Արմավիրի մարզում ոռոգման ջրի բացակայության պատճառով գյուղատնտեսական հողերի 34-36 տոկոսը չի մշակվում։
Արմավիրի մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի մեկնաբանությամբ, մարզում միայն ջրի բացակայության պատճառով չի մշակվում 8 հազար հեկտար հողատարածք։
Սանասար Բաղդասարյան,
Գյուղ․գիտ․թեկնածու
Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերի բնակիչների մեծ մասը հրաժարվում է խմել բնակարանի ծորակից հոսող ջուրը։ Խնդիրը մատակարարվող ջրի բարձր կոշտությունն է։ Բնակիչները խմելու ջուրը գնում են շրջիկ ավտոցիստեռներից և խմելու ջրի վաճառքի կետերից։
Նախկինում խմելու ջուր գնում էին միայն բարձրադիր շրջաններում։ Արտեզյան ավազանի մակարդակի անկմանը զուգահեռ, ջուր գնողների աշխարհագրությունը ընդլայնվեց։
Գնորդների ավելացմանը զուգահեռ, կատարելագործվում են արդեն կայուն շահույթ ապահովող ջրի վաճառքի մեթոդները՝ կիրառելով արդի տեխնոլոգիաներ։
Ջրի վաճառք շրջիկ ավտոմեքենաներով
Ջրի վաճառքի կետ Արարատի մարզում
Ջրի վաճառքի կետ Արմավիրի մարզում