Երթևեկության կանոնների դեգրադացիա Արմավիրում
Արմավիրի մարզում պարեկներն անցել են իրենց լիազորությունների կատարմանը։ Նրանք նախ պետք է գիտակցեն, որ Արմավիր քաղաքում կան ճանապարհային նշաններ, գծանշումներ, լուսացույցեր, որոնք միայն քաղաքի համար են նախատեսված և պարտադիր չէ, որ համապատասխանեն ՀՀ Երթևեկության իրավական նորմերին։ Մասնավորապես, Արմավիրը աշխարհի միակ քաղաքն է, որտեղ լուսացույցերը տեղադրվել և գործում են ինչ-որ մեկի ճաշակին համահունչ։
ՀՀ Կառավարության 2006թ. հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշմամբ կանոնակարգվում է լուսացույցերի աշխատանքի ռեժիմը։ Մասնավորապես, համաձայն որոշման 46 կետի Տ(T).1, Տ(T).3 (ցանկացած կատարման), Տ(T).2 և Տ(T).9 լուսացույցերի համար պահպանվում է ազդանշանների միացման հետևյալ հաջորդականությունը` կարմիր-կարմիրը դեղինի հետ-կանաչ-դեղին-կարմիր …: Ընդ որում, «կարմիրը դեղինի հետ» ազդանշանի տևողությունը 2 վրկ-ից ավելի չպետք է լինի։
Թույլատրվում է ազդանշանների միացման հետևյալ հաջորդականությունը` կարմիր-կանաչ-դեղին-կարմիր …, եթե լուսացուցային օբյեկտը միացված չէ երթևեկության համաձայնեցված կառավարման համակարգին: Այս դրույթը տարածվում է Արմավիր քաղաքի լուսացույցերի աշխատանքային ռեժիմի վրա։
Արմավիրի լուսացույցերն աշխատում են սեփական մշակված աշխատանքային ռեժիմով, այսինքն կարմիր-դեղին-կանաչ-դեղին-կարմիր․․․։
Ինչ է ստացվում՝ թվային ցուցիչը կազդարարի կարմիր լույսի աշխատանքի ավարտը, յուրաքանչյուր իրավական կարգավորումներին տեղյակ վարորդ տեղից կշարժվի ու այդ շարժվելու համար կտուգանվի 25000 դրամ և մինուս մեկ բալ։ Այստեղ վարորդի մեղքը կլինի այն, որ ծանոթ չէ Արմավիր քաղաքի լուսացույցերի աշխատանքին։
Լուսացույցի մասնակցությամբ մեկ այլ անտրամաբանական խաչմերուկ ունենք Արմավիր քաղաքում։ Խոսքը՝ Երևանյան-Բաղրամյան փողոցների T ձև խաչմերուկի մասին է։ Երևանյան փողոցի վրա տեղադրված լուսացույցն ունի աջ սեկցիա, որը միշտ թույլատրում է աջ շրջադարձը դեպի Բաղրամյան փողոց։ Սա նշանակում է, որ Երևանյան փողոցի այդ հատվածում առաջին շարքով երթևեկող տրանսպորտային միջոցները կարող են միայն աջ շրջադարձ կատարել, բայց միայն աջ գծանշման փոխարեն ուղիղ և աջ գծանշում է կատարված։
Անցնենք ծուղակներին։ Երևանյան փողոցից դեպի Արարատյան փողոց բարձրացող ճանապարհի վերջնամասում վարորդները տեսադաշտ չունեն, ճանապարհը շատ լայն է, չունի պատշաճ գծանշում, որը կուղեկցի վարորդին դեպի խաչմերուկ։ Չունենալով տեսադաշտ, վարորդները ենթադրությամբ առաջ են շարժվում և, իրենց կամքից անկախ, հայտնվում հետադարձի շարքում։ Վարորդներն իրար հարց էին տալիս, թե ինչի՞ համար է այս հետադարձը, հետո գլխի ընկան, որ դա ընդամենը ծուղակ է, իսկ այդ շրջադարձից կարող է օգտված լինել տարին 2 մոլորված վարորդ։
Ամենածանրաբեռնված հատվածներից է Արմավիրի կամրջից դեպի Նորապատ տանող ճանապարհի վերջնամասի խաչմերուկը, որտեղից նախատեսված է միայն աջ շրջադարձ, սակայն միայն աջ ճանապարհային նշանը դրված է խաչմերուկի գոտում և լիարժեք տեսանելի է միայն խաչմերուկ մտնելու պահին։ Ճանապարհի գծանշումը մաշված է։ Փաստորեն, եթե վարորդը ձախ շրջադարձ կատարի, կհամարվի խախտում, այնինչ խաչմերուկը պատշաճ կահավորված չէ և վարորդին մեղադրելը իրավազուրկ է։
Արմավիրում ճանապարհային նշանների տեսանելիությունը միշտ էլ խնդիրներ է ստեղծել վարորդների համար, սակայն այս ուղղությամբ միջոցառումներ կազմակերպելու պրակտիկա և ավանդույթ չկա քաղաքում։
Ճանապարհային նշաններով Արմավիրը յուրահատուկ է։ Ճանապարհային նշանները դրվում են ոչ թե, ըստ անհրաժեշտության, այլ ձեռքի տակ ինչ ընկավ սկզբունքով։ Ասվածի վառ օրինակ է քաղաքի Աբովյան փողոցի երկայնքով, յուրաքանչյուր մեծ ու փոքր խաչմերուկի մոտ դրված գլխավոր ճանապարհի նշանը, որը վարորդին հուշում է, որ ընթանում է գլխավոր ճանապարհով։ Ոչ մի ճանապարհային նշան չկա որ առջևում խաչմերուկ է և պետք է երթևեկել խաչմերուկի կանոններով։
Այս խաչմերուկների համար նախատեսված է «հատում երկրորդական ճանապարհի հետ» նշաններից որևէ մեկը։ Որոնք ավելի շատ տեղեկատվություն են պարունակում։
Թումանյան-Աբովյան խաչմերուկի հետիոտնային անցման վրա դրված է «հետիոտնային անցում» նշանը, բայց թե ու՞մ, ի՞նչ է ուզում ասել նշանը, միայն տեղադրողին է հայտնի։ Նույն ձեռագրով հետնյոտնային անցումի ճանապարհային նշանի կարելի է հանդիպել քաղաքի տարբեր հատվածների ճանապարհներին։
Made on
Tilda