Տեղական ինքնակառավարու՞մ, թե՞ կառավարում
Արմավիր համայնքի օրինակով պարզ դարձավ, որ միակուսակցականությունը և տեղական ինքնակառավարումը անհամատեղելի են, իսկ թափանցիկ, հաշվետվողական և մասնակցային կառավարումը՝ արժեզրկված արտահայտություններ։
Ավելի քան մեկուկես տարի է, Արմավիրի մարզի համայնքները միավորվել են, և այս ընթացքում ՏԻՄ աշխատանքները պետք է որ բնականոն ընթացքի մեջ լինեին։ Պարբերաբար ուսումնասիրությունները թույլ են տալիս արձանագրել բազմաթիվ թերություններ, որոնք իրենց հերթին առիթ են հանդիսանում մտածելու, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համայնքապետարաններում այնքան էլ ծանոթ չեն, մեղմ ասած՝ ՏԻՄ աշխատանքը համահունչ չէ օրենքի պահանջներին։
Անդրադառնանք 2022թ. ընթացքում Արմավիր համայնքի ՏԻՄ կատարած աշխատանքների որոշ դրվագների։
Ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 62 հոդվածի՝ տարվա ընթացքում պետք է գումարվի առնվազն 9 հերթական նիստ։
Արմավիր համայնքի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2022թ. ընթացքում գումարվել է 13 ավագանու նիստ, որից 3-ը՝ հերթական, իսկ 10-ը՝ արտահերթ։
Նախ պետք է հասկանանք, թե ի՞նչ է նշանակում արտահերթ նիստ։ Ըստ «Տարածքային կառավարման մասին» օրենքի 65 հոդվածի՝ սահմանվում է արտահերթ նիստի անցկացման մեխանիզմները և ժամկետները։
Ավելացնենք, որ արտահերթ նիստը նախաձեռնվում է այն դեպքում, երբ տեղի է ունենում անկանխատեսելի երևույթ, որն ունի հրատապ լուծման կարիք և, ժամանակային առումով, հնարավոր չէ սպասել հերթական նիստին։
Արտահերթ նիստի սկզբին նախաձեռնողը մեկնաբանում է, թե ինչու էր անհրաժեշտ անցկացնել արտահերթ նիստ։
Ամենահրատապ արտահերթ նիստից առնվազն 3 օր առաջ ավագանու անդամներն ու հանրությունը պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու ավագանու արտահերթ նիստի օրակարգին և կից փաստաթղթերին։
Փորձենք փնտրել Արմավիր համայնքի պաշտոնական կայքում արտահերթ նիստերի օրակարգերի վերաբերյալ հայտարարությունները։ Նման հայտարարություններ կայքում չեն տեղադրվել։ Չկան նաև արտահերթ նիստերի արձանագրություններ, որտեղ հնարավոր կլիներ ծանոթանալ արտահերթ նիստ նախաձեռնելու դրդապատճառներին։ Կարելի է ենթադրել, որ Արմավիր համայնքի ավագանու նիստերի արձանագրություն կազմելու, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 63 հոդվածի պահանջով ավագանու նիստերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակային ծանուցումների www.azdarar.am կայքում տեղադրելու պրակտիկա չկա։ Համայնքային իշխանությունների կողմից որդեգրած նման աշխատաոճի պայմաններում թափանցիկ, հաշվետվողական և մասնակցային կառավարման մասին խոսելն ավելորդ կլինի։
Ներկայացնենք 2022թ. ընթացքում Արմավիր համայնքապետարանի կողմից «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջների կոպիտ խախտումները։
Երկիմաստ ընկալումներից խուսափելու նպատակով գրավոր հարցում ուղարկեցինք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հասկանալու համար արդյո՞ք ավագանու հերթական նիստը կարելի է փոխարինել արտահերթ նիստով։
Պատասխանից հասկանալի է դառնում, որ Արմավիր համայնքի ՏԻՄ-ը միայն 2022 թվականին 9 հերթական նիստի փոխարեն գումարել է 3 նիստ։ Հետաքրքրականն այն է, որ համայնքապետարանի կայքում ոչ մի ապացույց չկա, որ նիստերն իրոք գումարվել են։ Մասնավորապես, չկան նիստերի անցկացման վերաբերյալ իրազեկման հայտարարություններ և օրակարգի հետ առնչվող փաստաթղթեր։ Նիստերի վերաբերյալ հայտարարություններ չկան տեղադրված նաև հրապարակային ծանուցումների www.azdarar.am կայքում։ Չկան անցկացված նիստերի արձանագրություններ, չկան անցկացված նիստերի տեսագրություններ և վերջապես չկան ավագանու հանձնաժողովների որոշումներ։ Վերը նշված գործողությունների կատարումը նախատեսված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համապատասխան հոդվածներով։
Յուրաքանչյուրի մոտ հարց կառաջանա, թե ինչո՞ւ են գումարվում ավագանու նիստերը, եթե նույնիսկ օրենքով նախատեսված փաստաթղթավորումը չեն կարողանում ապահովել ու հիմնավորել։ Ստացվում է, արտահերթ նիստերի շղարշի տակ Արմավիրի համայնքապետարանն աշխատում է հեռու պահել համայնքի հասարակությանը ՏԻՄ աշխատանքներից։
Արմավիր համայնքապետարանի պաշտոնական կայքում կարելի է ականատես լինել երևույթների, որոնք դուրս են տրամաբանությունից։
2022թ. դեկտեմբերի 27-ին համայնքի ավագանին 245-Ա որոշմամբ մի քանի քաղաքացիների օգնություն է տրամադրել, սակայն այդ օրը ավագանու նիստ չի եղել։ Այս դրվագում ամենահետաքրքիրն այն է, որ համայնքի ավագանուն չի հետաքրքրել, թե ի՞նչ փաստաթուղթ է ստորագրում։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլուխը վերաբերում է համայնքի ղեկավարի լիազորություններին, մասնավորապես 35 հոդվածի պահանջով՝ Համայնքի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով հրավիրում և վարում է ավագանու նիստերը սույն օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված կարգով։
Սա նշանակում է, որ համայնքի ղեկավարի ամենաառաջնային պարտականությունը պատշաճ, իրավական նորմերին համապատասխան ավագանու նիստեր հրավիրել և վարելն է։
Արմավիր համայնքի ավագանին միակուսակցական է և չունի այլակարծիք տեսակետներ։ 2022 թվականին ընդունված բոլոր որոշումները քվեարկվել են մասնակիցների 100 տոկոս կողմ ձայներով, ավագանու անդամները կարծիքներ չեն հայտնել, ՏԻՄ գործողություններն ուղեկցվել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի խախտումներով։
Արմավիր համայնքի ՏԻ մարմինները չեն փորձում հասկանալ համայնքում կատարվող գործընթացները, օրինակ՝
—Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի երթևեկելի մասի ասֆալտի ծածկույթը մասնակի վերանորոգվել է։ Մեկ ամիս առաջ նախապատրաստված փոսերը, դառնալով հարյուրավոր վթարների պատճառ, լցվել են ասֆալտով։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ նույն կարգավիճակում իրար կողքի ասֆալտի վնասված շերտերից մեկը վերանորոգվել է, իսկ մյուսը՝ ոչ։
Երևույթը համայնքային միջոցների վատնման դասական օրինակ է։ Եթե ասֆալտի ծածկույթը վերանորոգվում է, դա նշանակում է՝ փակվում են ճաքերը, որոնց միջոցով ջուրը կարող է ներծծվել ասֆալտի տակ և քայքայել այն։ Հիմա, եթե մեկ հատվածի ճաքերը փակվել են, իսկ հարևանությամբ ճաքերը կլանում են անձրևաջրերը, վերանորոգման իմաստը ո՞րն է։
—Թափառող շները վխտում են ամբողջ Արմավիր քաղաքով։ Շների ոհմակները դրսևորվում են տարբեր կերպ։ Կան ստերջացված (ականջակալով) շներ, որոնք ագրեսիվ են, հարձակվում են մարդկանց վրա և բազմանում։ Ո՞վ պետք է ապահովի հասարակության անվտանգությունը, որոնց մեջ կան խոցելի խմբեր, երեխաներ, ծերեր, հղի կանայք։
—Արմավիր համայնքը մարզի միակ համայնքն է, որտեղ աղբահանությունն իրականացվում է բաց երկաթե աղբամանների միջոցով։ Թեթև քամին բավարար է, որ աղբամանի պոլիէթիլենային տոպրակները ճախրեն ամբողջ քաղաքում։ Եթե քամի չկա, ուրեմն աղբամանը շների կողմից պետք է ենթարկվի տեսակավորման։ Արմավիր քաղաքի բնակիչներն աղբահանության համար ամենաբարձր գինն են վճարում համայնքապետարանին։ Շարքը շարունակելի է․․․
Մարզի բնակիչները, չունենալով բավարար տեղեկատվություն, անտարբեր են ինչպես ՏԻ մարմինների, այնպես էլ ՏԻՄ աշխատանքների նկատմամբ։ Հազվագյուտ մարդիկ գիտեն համայնքի ղեկավարի անունը, իսկ ավագանու գոնե մեկ անդամի անուն ոչ մեկից չլսեցինք։
Դժվար է ասել, ՏԻՄ գործելաոճի արդյունքո՞ւմ է, որ հասարակությունն անտարբեր է շուրջը կատարվող և անմիջապես իրեն վերաբերող, իր հարկերի հաշվին, բյուջեի միջոցներից ծախսվող գումարների նկատմամբ, թե՞ հենց քաղաքացու անտարբերությունն է հանգեցրել նրան, որ տեղական իշխանություններն իրենց ազատեն թափանցիկ ու հաշվետու լինելու բեռից։
Made on
Tilda