Ուժեղ հոգիները չեն սիրում պարտություն...

«Երազանքի ճանապարհին» գրքի հեղինակ, 16-ամյա Հեղինե Աբրահամյանը ոչ մի իրավիճակում ընկճվել չի սիրում։ Ամենադժվար պահին անգամ պետք է ուժեղ գտնվել, կյանքը շարունակելու և լիարժեք դարձնելու հույսը չկորցնել, պարտությանը չհանձնվել։ «Գիտեմ, երբեմն գալիս են ժամանակներ, երբ թվում է ոչինչ այլևս հնարավոր չէ անել։ Թվում է անդունդի եզրին ես, միայնակ ու անօգուտ։ Կյանքն իր հունով առաջ է գնում, իսկ դու ոչինչ անել չես կարող, ոչինչ քեզ մոտ չի ստացվի ու ցանկանում ես հանձնվել։ Սա կյանք է, որտեղ դեռ շատ ես հանդիպելու փորձությունների։ Շատ ես հանդիպելու մարդկանց, ովքեր քեզ չեն հավատալու, չեն օգնելու, այլ՝ հակառակը, խանգարելու են»։ Սա փոքրիկ մեջբերում էր հեղինակի գրքից, իր իսկ խոսքից։ Երիտասարդ աղջկա համար բոլոր դժվարությունները հաղթահարելի են։

Հեղինեն ծնվել և ապրում է Արմավիր քաղաքում։ Սովորում է Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցում։ Ստեղծագործել, մասնավորապես փոքրիկ պատմություններ սկսել է գրել 2020թվ-ին՝ 44-օրյա պատերազմից հետո, սակայն դրանք, որպես աշխատանք, չէր պահպանում, ասում է՝ ավելի ուշ հասկացա, որ կարելի է միավորել գրվածքներն ու մեծ պատմություն դարձնել։ Այդ ժամանակ քննարկվող թեման պատերազմական իրադարձություններն էին, առանցքում՝ ցավ, վիշտ, կորուստ ու կոտրված սրտեր։ Այս համատարած վատ տրամադրությունը ստիպում է Հեղինեին ցույց տալ դրական կողմեր ցանկացած իրավիճակում, և «Երազանքի ճանապարհին» գիրքը խոսում է այն մասին, որ դժվարությունների կողքին գոյություն ունի կյանք, որտեղ պետք է լինի պայքար ու ցույց տալիս ինչպես պայքարել, առաջ շարժվել և չհանձնվել։

Հեղինեին ոգեշնչում է մայրը, ասում է՝ մայրս ինձ համար իդեալական մոտիվացիայի աղբյուր է։ Չհանձնվել, պայքարել և կյանքը գույներով տեսնել, սովորել է հենց մայրիկից։ Օրերս Արմավիրի մարզային գրադարանում տեղի ունեցավ Հեղինե Աբրահամյանի «Երազանքի ճանապարհին» գրքի շնորհանդեսը, որտեղ շնորհավորելու և այդ կարևոր իրադարձությունը կիսելու համար ներկա էին նրա ուսուցիչները, հարազատները, ընկերներն ու շատ հետաքրքրված անձինք։ Սա Հեղինեի առաջին գիրքն էր, որ տպագրվել էր։ Հեղինակը խոստանում է՝ հետաքրքիր պատմություններ դեռ շատ են տպագրվելու։

Երազիր, ճախրիր, թռիր․․․

Ամուր բռնիր երազանքներից ու թռիր․․․

Կյանքը քեզ է սպասում, վայելիր ամեն ակնթարթ․․․


Հեղինե Աբրահամյան

Made on
Tilda