Արմավիր քաղաքի «օղակները» կմնան, թե՞․․․
Արմավիր քաղաքի մուտքի մոտ անհասկանալի պատճառով 2 օղակների միջոցով վերաձևեցին երթևեկությունը, օգտագործելով հնարավոր բոլոր գործիքները, որ այս հատվածում երթևեկությունը կատվածահար լիներ։ Օպերացիան հաջողությամբ ավարտվեց սակայն տուժեցին օղակները։
Արմավիր քաղաքի մուտքի ամենածանրաբեռնված «Կարմիր կամուրջ» հատվածը անցած տարվա հոկտեմբեր ամսից ենթարկվում է ինկվիզիցիայի: Մի օր վարորդներն ականատես եղան, որ միջպետական M5 ավտոճանապարհը կամրջի մոտ նեղացել է կրկնակի անգամ, իսկ մեքենաների հոսքը արհեստականորեն ավելացել է 20-25 տոկոսով։ Նույն ճակատագրին էր արժանացել արդեն կամրջի վրայի Արարատյան փողոցը։ Արմավիրի մարզի վարորդները միաձայն կրկնում էին, թե իրենց ո՞ր մեղքի համար են նման պատժի արժանացրել։
Նայելով կամրջի ներքևի և վերևի օղակաձև երթևեկության աշխարհագրությանն ու ճանապարհների թողունակությանը՝ կարելի է եզրակացնել, որ նախագծային կազմակերպության առաջին նախագծի տուժողները արմավիրցի վարորդներն են։
Ինչպես կամրջի ներքևի, այնպես էլ Արարատյան փողոցի օղակաձև երթևեկությունը անհնար է իրականացնել միջին և մեծ չափսերի տրանսպորտային միջոցներով։ Այս տրանսպորտային միջոցները որպեսզի հասնեն Արմավիրի մարզի բնակավայրեր, պետք է անպայման մուտք գործեն քաղաք, բավականին ճանապարհ անցնեն, այնուհետև կամրջով հասնեն գյուղեր գնացող ճանապարհ։
Երկու օղակաձև երթևեկությունները հնարավոր է միայն մեկ շարքով։ Տրանսպորտային միջոցների վթարի դեպքում խցանումները հասնում են կիլոմետրի։ Այստեղ արդեն հրշեջ կամ շտապօգնության մեքենաների անցումը ոչ մի կերպ չի ստացվի, ինչին արդեն ականատես են եղել արմավիրցիները։
Ամենաանհասկանալի երևույթն այն է, որ M5 ավտոճանապարհի «օղակը» տեղադրվել է երկաթուղային գծերի վրա։ Մենք հետաքրքրված չենք պարզելու երկաթգծի պատկանելիությունը։ Պարզ տրամաբանությամբ՝ եթե գծերն անտեր են, կարելի էր ապամոնտաժել, հետո նոր «օղակը» կառուցել, եթե անտեր չեն, ի՞նչ իրավունքով է երկաթգծի վրա կառուցապատում իրականացվել։
Արմավիրցիները տարբեր հարթակներում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ կապված «օղակների» հետ, իսկ խնդիրը բնական ճանապարհով լուծվել է 50 տոկոսով, մասնավորապես M5-ի «օղակի» կեսը քանդվել է՝ տեղում առաջացնելով փոսեր, որոնք վթարների պատճառ են դառնում։
Տպավորություն է, որ «օղակները» պարտադիր պետք է դրվեն՝ քաջ գիտակցելով, որ դրանց կյանքը մեկ շաբաթից ավել չի տևի, ինչում արդեն համոզվել են վարորդները։
Արմավիրի Կարմիր կամրջի ճանապարհներում հայտնվել են անհասկանալի ճանապարհային նշաններ, մասնավորապես՝ M5 ճանապարհի վրա տեղադրվել է «Գլխավոր ճանապարհ» նշանը և ցույց է տրվել գլխավոր ճանապարհի ուղղությունը։ Նախ՝ նշանում ցուցադրված ուղղությունը չի համապատասխանում ճանապարհի ուղղությանը, իսկ տվյալ հատվածում տրանսպորտային միջոցները կարող են գնալ ուղիղ և աջ, թե ո՞րն է գլխավորը, անհասկանալի է։ Նմանատիպ ճանապարհային նշաններ կան կամրջի վրայի և Արարատյան փողոցի երկրորդական ճանապարհների վրա։
Ճիշտ է, Արմավիր քաղաքի մուտքի «Կարմիր կամուրջ» հատվածի ծանրաբեռնվածությունը մտահոգիչ էր և անհրաժեշտ էր գտնել կարգավորման արդյունավետ տարբերակ, սակայն «օղակների» տարբերակը ամենավատագույնն է և հակառակ էֆեկտ է տվել։ Կարելի էր 2 խումբ լուսացույցերով խնդրին կարճաժամկետ լուծում տալ, ինչպես պատկերված է նկարում, իսկ հետո մտածել երկարաժամկետ լուծումների մասին։
Made on
Tilda