Խաղողագործության հետհաշվարկը տրված է
2023 թվականին շարունակվեց խաղողի այգիների վերացման գործընթացը, կրկին մի քանի հարյուր հեկտար տեխնիկական տեսակի խաղողի այգի քանդվեց։ Խաղողի այգիների վերացման գործընթացը տրվել է 2018-2019 թվականներին, երբ պետությունը, լվանալով ձեռքերը, հորդորեց խաղողագործներին ինքնուրույն լուծել իրացման խնդիրը։
Ռեքվիեմի վերջին նոտան ազդարարեց ոլորտի պատասխանատու, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Արարատ կատարած այցի ժամանակ՝ հորդորելով խաղողագործներին վաճառել այգիները և Երևանում 300 հազարով աշխատանքի անցնել։
Հայաստանում խաղողագործության հետհաշվարկը տրված է, և ամեն տարի հարյուրավոր հեկտարով այգի է քանդվում։
Հայաստանի խաղողագործությունը վերջին 15 տարում
Փորձենք հասկանալ, թե ինչ ճանապարհ է անցել խաղողի իրացման գործընթացը վերջին 15 տարում, որի հետ խիստ կապված է խաղողագործության և գինեգործության ապագան։
Ինչպես երևում է գրաֆիկից, 2011-2016 թվականներին տեխնիկական տեսակի խաղողի մթերման գները ձեռնտու է եղել ինչպես մթերողի, այնպես էլ խաղողագործի համար։ Այս տարիներին խաղողի ինքնարժեքը 100 դրամ չէր հասնում, պետական ծրագրերով շուկայականից ցածր գնով պարարտանյութ և դիզվառելիք էր հատկացվում գյուղացիական տնտեսություններին։ Ամենակարևորը, ոլորտի պատասխանատուների ջանքերով ոչ մի ողկույզ խաղող վազի վրա չէր մնում։
Այս տարիներին հիմնվեցին խաղողի նոր այգիներ, սկսեց զարգանալ գինեգործությունը։ Խաղողագործները տասնյակ տոննաներով խաղողի մթերման պայմանագրեր էին կնքում վերամշակող ընկերությունների հետ։
Խաղող վերամշակող շատ ընկերություններ մինչև բերքահավաքը այգեգործներին տրամադրում էին պարարտանյութ և թունաքիմիկատ։ Յուրաքանչյուր խաղողագործին ծանուցում էին ուղարկում՝ նշելով խաղողի մթերման օրվա և քանակի վերաբերյալ։ Ձևավորված այս ավանդույթները կամաց-կամաց վերացան, մթերման պայմանագրերի ծավալներն անգամներով կրճատվեցին, որոշ մթերողներ պայմանագրեր կնքելուց հրաժարվեցին և, օգտվելով բնագավառի քաոսային իրավիճակից, սկսեցին մթերման գին թելադրել։
Գնաճի, զբաղվածության շուկայի և ներկրվող ապրանքների կտրուկ թանկացմանը զուգահեռ, տեխնիկական տեսակի խաղողի մթերման գները սկսեցին նվազել այն աստիճան, որ այսօր ավելի ցածր են, քան 2010 թվականին։ Խաղողագործները հայտարարում են, որ մթերման գները զգալիորեն ցածր են ինքնարժեքից, իսկ ոլորտի պատասխանատուները պնդում են, որ դա ընդունելի գին է և բարձր է տեխնիկական տեսակի խաղողի ինքնարժեքից։
Փորձենք ինքներս կատարենք հաշվարկ, թե որքան է տեխնիկական տեսակի խաղողի ինքնարժեքը այսօրվա շուկայական գներով։ Հաշվարկը կկատարենք ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մեթոդաբանությամբ և նորմատիվներով՝ մեկ հեկտար Կանգուն տեսակի խաղողի այգու համար։ Նշենք, որ այս տեսակի խաղողը մեծ բերքատվություն է ապահովում։ Մեր դեպքում ընդունենք 180 ցենտներ։
Ընդամենը ծախս-2598000դր․
Համախառն եկամուտ-1980000դր․
Զուտ եկամուտ-618000դր․
Ինքնարժեք-1կգ՝ 144դր․
Շահութաբերություն-23%
Ստացվում է, որ 1 կգ կանգուն տեսակի խաղողի ինքնարժեքը կազմում է 144 դրամ։ Այստեղ հաշվարկված չէ վարկերի տոկոսադրույքը և խաղողագործի աշխատանքի վարձատրությունը։
Իսկ 18 տոննա բերքատվություն շատ հազվադեպ է պատահում։
Հետաքրքիր է նաև հաշվարկել, թե գնաճը ինչ ազդեցություն պետք է ունենար խաղողի մթերման գների վրա։
Կանգուն տեսակի խաղողի ինքնարժեքի որոշում
Օգտվենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներից և հասկանանք, թե որքան է եղել գումարային գնաճը մեր երկրում վերջին 14 տարիների ընթացքում։
ՀՀ գումարային գնաճը 2010-2023թթ.
Ստացվում է, որ 2010 թվականից մինչև 2023 թվականը ընդհանուր գումարային գնաճը կազմել է 68,06% ու նման գնաճի պայմաններում տրամաբանական կլիներ, որ տեխնիկական տեսակի խաղողը մթերվեր 210 դրամով։
Այս տարիների ընթացքում խաղողի հումքով պատրաստվող բոլոր ապրանքները՝ գնաճին համահունչ, թանկացել են, իսկ խաղողի մթերման գները՝ ընդհակառակը, գինու և կոնյակի շատ տեսակներ թանկացել են մինչև 80 տոկոս։
Ի՞նչ են անում խաղողագործները
Անձինք, ովքեր հնարավորություն ունեն, քանդում են այգիները, ով հնարավորություն չունի, առաջնորդվում է կրճատման սկզբունքով։ Մասնավորապես, ձմռանը այգեթաղ չի կազմակերպվում, բնական է, գարնանն էլ այգեբաց չի լինի, խնայվեց 220 հազար դրամ։ Այգու ցրտահարվելու ռիսկը երկրորդ պլանում է։ Կոտրված սյուները չի փոխի, լարերը չի ձգի, սյուները չի ուղղի, ևս 80 հազար դրամ կտնտեսի և այդպես շարունակ։ Բերքը քիչ կլինի, ծախսը՝ նույնպես, սոված չի մնա, մինչև այգին ինքն իրեն կվերանա։
Այսօր Արմավիրի մարզի խաղողագործների հոգեբանությունն այսպիսին է։ Դա է վկայում այն փաստը, որ խաղողի այգիներում այգեթաղ չի կազմակերպվել և դրանց 70-80 տոկոսը ձմռանը թողնվել է բախտի քմահաճույքին։
Հետևանքները երկար սպասել չեն տալիս
Խաղողագործության նկատմամբ նման մոտեցումները չէր կարող հետևանք չունենալ և, դրանք իրենց երկար սպասել չտվեցին։ Մասնավորապես, տարեցտարի կրճատվում են ինչպես այգիների տարածքները, այնպես էլ՝ մթերման ծավալները։
Ներկայացնենք վերջին 5 տարիներին խաղողի այգիների և մթերման ծավալների դինամիկան։
Տեխնիկական տեսակի խաղողի ծավալները 2019-2023թթ.
Մթերման ծավալներ
Այգիների ծավալներ
Գինեգործության ապագան
Հայաստանում գինեգործության ճակատագիրը մշուշոտ է։ Գինու օրեր, էքսպոներ կազմակերպելով՝ գինեգործությունը չի զարգանա։ Բնագավառի ցուցիչը արտահանման չոր թվերն են։
Հայաստանը և Վրաստանը 2010 թվականին գինեգործության բնագավառում համարյա նույն կարգավիճակում էին։ 2010 թվականի վիճակագրական թվերով Հայաստանն արտահանել է 1,63 միլիոն լիտր գինի, իսկ Վրաստանը՝ 1,9 մլն լիտր։ 2023թվ-ին Հայաստանն արտահանել է 7,8 մլն լիտր գինի, Վրաստանը՝ 103․0 մլն լիտր։
Հայաստանում այսօր գրանցված է գինի արտադրող մոտ 7 տասնյակ ընկերություն, բայց 2023 թվականի «Գինու Էսպո»-ին ներկայացված են եղել մինչև 30 գինի արտադրողներ։ Վրաստանում գործում է գինի արտադրող 374 ընկերություն, որոնք նաև կազմակերպում են խաղողի մթերում։
Վրացական գինիներն արտահանվում են 66 երկրներ և հատկանշական է, որ վրացական գինին արտահանվում է նաև աշխարհի չորրորդ գինի արտադրող երկիր Իսպանիա։ Հայաստանից գինին արտահանվում է ԱՊՀ երկրներ, ԱՄՆ, Չինաստան և եվրոպական երկրներ։ Արտահանման 80%-ը բաժին է ընկնում ռուսական շուկային։
Հայաստանի և Վրաստանի նման էական տարբերության պատճառը գինեգործության նկատմամբ պետական մոտեցումն է։ 2023թվ-ին Վրաստանի կառավարությունը հերթական անգամ 20 թեթրիով սուբսիդավորեց խաղողի մթերման գինը։
Tilda Publishing
Made on
Tilda