Էջմիածնի տարածաշրջանի շատ գյուղացիական տնտեսություններ, հատկապես՝ Առատաշեն, Գեղակերտ և Արշալույս գյուղերում, զբաղվում են ելակի մշակությամբ։ Ելակի ցանքատարածություններում նրանք սկսում են աշխատել ձմռան ամիսներից, իսկ վաղ գարնանն արդեն ելակի սածիլները տեղափոխում են դաշտ և ծածկում պոլիէթիլենային թաղանթով։ Շուտով, այսինքն՝ մայիսի երկրորդ կեսից, ելակը շուկա կհանեն, իսկ մինչ այդ հույս ունեն, որ բարձր բերքատվություն կապահովեն։ Նրանց խոսքով, ձմեռն անհամեմատ տաք էր, գարնան եղանակն առայժմ բարենպաստ, եթե անձրևները երկար չշարունակվեն, բույսի աճն ու ծաղկման շրջանը նորմալ կընթանան։ Գեղակերտցի Գոռը, շուրջ 20 տարի է, ելակի մշակությամբ է զբաղվում, ասում է՝ բավականին ծախսատար է, հաճախակի բուժում է պահանջում, որպեսզի պտուղը չնեխի, և պարարտացում, որպեսզի բույսը սնուցվի։
Թաղանթապատումը ևս մեծ գումար է ենթադրում, իսկ բերքահավաքի սեզոնին օրավարձով աշխատուժ է ներգրավվում։ Նրա խոսքով, տարեցտարի ելակի բերքատվությունը պակասում է ամենատարբեր պատճառներով, նախ՝ նոր հիվանդություններ են առաջանում, հետո՝ եղանակի խոնավ կամ չոր պայմաններն են ազդում բույսի վեգետացիայի վրա, անընդմեջ ուշադրություն է պահանջում, ասում է՝ նուրբ մշակաբույս է։
Առատաշենցի Ելենա Հայրապետյանը համամիտ է Գոռի հետ, ասում է՝ աշխատանքը կրկնապատկվել է, բերքը՝ պակասել, մտածում է՝ գուցե անհրաժեշտ է նոր սորտերի մշակություն փորձել կամ հողի սնուցման նոր մեթոդներ կիրառել։ Գյուղացիներն ասում են՝ ելակը չի արտահանվում, սպառումն իրականացվում է տեղական շուկայում։ Նրանց խոսքով, իրացման խնդիր վերջին տարիներին չի առաջացել։