Գյուղատնտեսությամբ զբաղվելը գյուղացու համար թանկ հաճույք է դարձել

Հողի մշակությամբ զբաղվելը մեծ ներդրում է պահանջում, իսկ Արարատյան դաշտում հիմնական զբաղվածությունն ու ընտանիքի կերակրման աղբյուրը հողագործությունն է։ Գյուղատնտեսական տարվա այս շրջանում հողագործների մտահոգությունը գյուղատնտեսական տեխնիկայի պակասն է, իսկ առկայության դեպքում՝ գյուղտեխնիկայով կատարվող աշխատանքների բարձր գներն են, թունաքիմիկատների չվերահսկվող որակն ու կրկին բարձր արժեքը։ Բամբակաշատցի Սուրեն Գևորգյանն ասում է․ «Հողագործությամբ զբաղվելը թանկ հաճույք է դարձել։ Հիմա հողերի վարի, հարթեցման ու ակոսի ժամանակն է։

Վերջին տարիներին այս աշխատանքները կրկնակի թանկացել են մի քանի պատճառով։ Նախ՝ խորհրդային տարիներից մնացած հնամաշ տեխնիկան արդեն գործածությունից դուրս է եկել, նոր տեխնիկական միջոց ձեռք բերելը մեծ գումարների հետ է կապված, հետևաբար տրակտորով գործ անողն այնպիսի գին է սահմանում, որ իր ներդրումը տեխնիկայի վրա արդարացվի»։ Ըստ Սուրենի, շատ են դեպքերը, երբ հարևան գյուղերից են գյուղտեխնիկա բերում իրենց հողերը վարելու համար։ Երբեմն նույնիսկ շաբաթներով ենք սպասում, որպեսզի մեր հերթը հասնի։ Բացի դա, թանկացել է նաև դիզվառելիքը։ Այսպիսով, մեկ հեկտարը, եթե երկու տարի առաջ կարելի էր վարել 30-40 հազար դրամով, ապա այս տարի՝ 50-60 հազար դրամ է։ Այս ամենին զուգահեռ, ըստ Սուրենի, մեծ խնդիր է դարձել բերքի իրացումը՝ սկսած բանջարեղենից մինչև պտուղ։

Նշենք, որ Արմավիրի մարզում, մասնավորապես՝ Էջմիածնի տարածաշրջանում, գյուղացիները պատրաստվում են վաղահաս կարտոֆիլի, կաղամբի և գազարի ցանքսին: Նշված կուլտուրաների վաղ հասունացման և ավելի թանկ սակագնով շուկա հանելու համար մշակությունը կազմակերպում են ջերմոցային եղանակով: Գյուղացիներն ասում են՝ որքան շուտ բերքը հասունանա, այնքան թանկ գնով կվաճառվի: Առատաշենցի Արմենը հաշվարկում է՝ եթե մայիսի վերջին կարողանա գազարը շուկա հանել, ծախսերը կարդարացվի, եկամուտն էլ կապահովվի:

Այստեղ գյուղատնտեսական սեզոնի ընթացքում մի քանի բանջարաբոստանային կուլտուրա են մշակում գյուղացիական տնտեսությունները։ Նրանց խոսքով, կարտոֆիլից հետո վարունգի կամ կանաչ լոբու ցանքսը կսկսեն: «Մնում է տարին բարենպաստ լինի, ոռոգման ջրի պակաս չլինի և շուկայում արտադրանքը սպառվի», - ասում է Արմենը։

Made on
Tilda