Կրկին կարկուտ, կրկին վնասներ, գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում

Մայիսի 12-ին, կեսօրին Արմավիրի մարզի Հայկավան, Արմավիր, Այգեշատ, Տանձուտ, Արգավանդ և մի շարք այլ բնակավայրերում հորդառատ անձրև, այնուհետև՝ կարկուտ տեղաց։ Կարկուտը վնասներ հասցրեց ինչպես պտղատու այգիներին՝ կեռաս, ծիրան, սալոր, դեղձ, այնպես էլ՝ բանջարաբոստանային ցանքատարածություններին։ Նշենք, որ նույն բնակավայրերում մայիսի 4-ին նույնպես ուժեղ կարկուտ էր տեղացել և մեծ վնասներ հասցրել գյուղացիական տնտեսություններին։ Մինչ մարզպետարանները կամ կազմված համապատասխան հանձնաժողովներն ուսումնասիրում էին առաջին կարկուտի վնասները, որպեսզի ներկայացնեն կառավարություն, եկավ երկրորդը։ Այս անգամ էլ վնասի չափերը դեռ հայտնի չեն, հավանաբար առաջիկա օրերին կճշտվեն վնասի չափերը։ Մինչ այդ գյուղացիներն ասում են՝ «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»։ Նրանք հուսահատ են, կառավարությունից համապատասխան քայլեր են պահանջում։ Գյուղացիական տնտեսությունները ոչ միայն տարվա բերքն ու ընտանիքին կերակրելու հույսն են կորցրել, այլև գյուղատնտեսական աշխատանքների համար վերցված գյուղատնտեսական վարկերը մարելու խնդրի առջև են կանգնել։

Made on
Tilda