Խանջյանցի Արմեն Հարությունյանն իր 8000 քմ հողատարածքը ոռոգման ջրի սակավության պատճառով չորացել է: Ասում է ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է, խորքային հորերը ցամաքել, իսկ Ախուրյանի ջրամբարի ջուրը բավականացնում է մինչև հուլիսի վերջը: 2017թվ-ին Արմենը կորցրել է մոտ 2 տոննա նռան բերք: 2018-ին նռան այգին 80 տոկոսով չորացել է: Նույն իրավիճակում են հայտնվել Արմավիրի մարզի տասնյակ գյուղերի բնակիչներ: |
Ի թիվս այլ պատճառների, հող մշակելուց հրաժարվելու ամենակարևոր գործոնը ոռոգման ջուրն է: Գյուղացին, տարիների դառը փորձը տեսնելով, կորցրել է հավատը, որ սերմը, հողի մեջ դնելով, կարող է աշնանը բերք ստանալ: Չունի հավատ, որ վարկ վերցնելով, հող մշակելով ամառվա շոգին ոռոգման ջուր կունենա: |
Շենիկի համայնքապետարանի գյուղատնտես Առաքելյանը ունի հարցեր ու պատասխաններ, որոնք իր կարծիքով ամբողջացնում են պատկերը: Հարց առաջին – Ինչո՞ւ է կորուստների ծավալը հասցվել մոտ 70 տոկոսի: Պատասխան - Որպեսզի ոռոգման ջրի մեկ խորանարդ մետրի ինքնարժեքը հասցվի 21 դրամի և լրացուցիչ միլիարդավոր դրամներ ստանան բնագավառի առողջացման, վերականգնման, հիմնանորոգման, կորուստները նվազեցնելու համար: Հարց երկրորդ – Ինչո՞ւ բարձրացվի ոռոգման ջրի ինքնարժեքը: Պատասխան – Որովհետև ջուրը գյուղացուն վաճառվում է մեկ խորանարդ մետրը 11 դրամով, իսկ տարբերությունը, այսինքն 11 դրամը, տալիս է պետությունը: Հարց երրորդ – Ինչո՞ւ են մեկ հեկտար հողատարածք ոռոգելու նորմատիվներն ուռճացված: Պատասխան – Եթե գյուղացին ունի մեկ հեկտար հող, ոռոգում է օգտվելով խորքային հորի ջրից, իրեն անհրաժեշտ 900 խորանարդ մետր ջուրը ЭЦВ 12-200-70 մակնիշի պոմպից կստանա 4-5 ժամում: Եթե ՋՕ ընկերությունները հաշվարկում են 4333 խորանարդ մետր, դա նշանակում է պոմպակայանն աշխատել է 22-23 ժամ: Այստեղ առաջանում է ծախսված էլեկտրաէներգիայի ավելցուկ մոտ 1000 կվատ: Այստեղ է, որ ջրբաշխներին «ես քեզ, դու ինձ» սկզբունքով օգնության ձեռք են մեկնում ՀԷՑ հսկիչները: Միևնույն է պետական բյուջեով այդ գումարները հատուցվելու են: Հարց չորրորդ – Այսքանից հետո ինչո՞ւ են ՋՕ ընկերությունների կողմից հավելագրումներ կատարվում: Պատասխան – Հավելագրումների միջոցով ՋՕ ընկերությունները բալանսավորում են կորուստները: Ենթադրենք այսքանից հետո կորուստները, ասենք 50 տոկոսը գերազանցում է, սկսում են գյուղացիական տնտեսությունների վրա առանց հիմքերի ջուր գրել և հավելագրման պատմությունն ավարտվում է: /Սահականուշի հավելագրման կտրոնը - ֆոտո/ Ընկերությունն ընդամենը մի նամակ է ուղարկում սպառողին՝ տեղեկացնելով, որ ոռոգման ջրի եռանիշ թվով պարտք ունի: Այսպիսի նամակներ ստանում են նաև բարեխիղճ վճարողները: |