Խաղողի մթերումը սկսվել է, այս տարի բերքը կրկնակի պակաս է
Արմավիրի մարզում սկսվել է խաղողի տեխնիկական և սեղանի տեսակի բերքահավաքը։ Խաղողի իրացման հետ կապված խնդիրներ գյուղացիները առայժմ չունեն։
Շուրջ մեկ շաբաթ է, Արմավիրի մարզի վերամշակող կազմակերպությունները սկսել են խաղողի մթերման գործընթացը։ Տեխնիկական տեսակի խաղողի մեկ կիլոգրամը մթերվում է 110-150 դրամի սահմաններում՝ կախված սորտից և վերամշակող կազմակերպության սահմանած սակագնից։ Խաղողագործներն առայժմ մթերման հետ կապված դժգոհություններ չեն արտահայտել, մինչդեռ նախորդ տարիներին՝ նույն ժամանակահատվածում, այգետերերը կանգնած էին մթերման խնդրի առջև։ Գյուղացիներն ասում են՝ այս տարի խաղողի բերքատվությունը գրեթե 50 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Ալաշկերտցի Արայիկ Մովսիսյանի խոսքով, խաղողի սակավ բերքը պայմանավորված է գարնան եղանակային անբարենպաստ պայմանների հետ։ Սկզբում սեզոնին ոչ բնորոշ ավելի բարձր ջերմաստիճանը, հետո՝ տևական անձրևները, ջերմաստիճանի անկումը, թույլ չտվեցին խաղողի բերքի բնականոն զարգացմանը։ Այդ պատճառով բերքատվության անկում ունեցան այգետերերը,- ասում է առնվազն 45 տարվա փորձ ունեցող խաղողագործն ու ավելացնում,- վատ եղանակի պայմաններում ավելացել է նաև այգում կատարվող ծախսը։ 3-4 բուժման փոխարեն այգիները կրկնակի անգամ են բուժում ստացել, որպեսզի կարողանան հիվանդությունների դեմ պայքարել և այդ պատճառով եղած բերքը չկորցնել»։ Ինչ վերաբերում է մթերման սակագնին, ապա Արայիկ Մովսիսյանը ստիպված է կրկնել վերջին 5 տարիների հաշվարկը։ Տեխնիկական սորտի խաղողի մեկ կիլոգրամի ինքնարժեքը կազմում է 110-150 դրամ՝ կախված ֆիզիկական ներուժի ներդրումից, այսինքն եթե ընտանիքն է կազմակերպում մշակությունը, համեմատաբար քիչ է կազմում գումարը, եթե օրավարձով աշխատուժ է աշխատում, բնականաբար մեծանում է կիլոգրամի ինքնարժեքը, ինչի մասին խաղողագործներն ամեն տարի խոսում են, բայց պատկան մարմիններն ու վերամշակող կազմակերպությունները՝ անտեսում։
Ըստ Մովսիսյանի, ցածր բերքատվություն է գրանցվել նաև խաղողի սեղանի տեսակի դեպքում։ Պատճառները նույնն են։ Խաղողի սեղանի սորտերը հիմնականում արտահանվում են և դրա հետ կապված խնդիրներ չեն նկատվել։ Գյուղացիներն ասում են՝ խնդիրը միայն առաջարկվող ցածր սակագինն է, որը գնորդն է թելադրում, քանի որ մրցակցություն չկա։ Օրինակ, Շահումյան տեսակի խաղող արտահանողները մեկ կիլոգրամը գնում են 150-200, քիշմիշը՝ 400 դրամի սահմաններում ՝ կախված որակից։
Հիշեցնենք, որ վերջին 3 տարիների ընթացքում գյուղացիները ստիպված 70-110 դրամով սեղանի սորտի խաղողը նույնպես վաճառում էին վերամշակող կազմակերպություններին՝ արտահանման փոքր ծավալների պատճառով։ Մովսիսյանն ասում է՝ չնայած բերքի ծավալների կրճատմանը, տեղական շուկայում անհնար է սպառել բերքը։
Նշենք, որ Արմավիրի մարզում վերջին տասը տարիների ընթացքում ավելանում են խաղողի և պտղատու այգիներն ու նկատելի տեմպերով պակասում բանջարբոստանային կուլտուրաների հողատարածքները։ Մյասնիկյանցի Արամայիս Հակոբյանը, ով 5 հազար քմ սալորի և դեղձի այգի ունի, որոշել է մյուս 5 հազար քմ-ում, որտեղ բանջարեղեն էր մշակում՝ լոլիկ, սմբուկ, պղպեղ, այս տարի սալորի այգի է հիմնելու։ Հաշվարկել է, պտուղն ավելի եկամտաբեր է։