Գյուղատնտեսական սեզոնն Արմավիրի մարզում մոտենում է ավարտին
Բերքը սակավ էր, իրացման հետ կապված լուրջ խնդիրներ չեն առաջացել

Գյուղատնտեսական տարին շուտով կավարտվի։ Գյուղացիական տնտեսություններն այս շրջանում հիմնականում զբաղված են կարտոֆիլի, սոխի, կաղամբի բերքահավաքով, այգեթաղի նախապատրաստական աշխատանքներով։ Արմավիրցիների համար գյուղատնտեսական սեզոնը սկսվեց ոչ այնքան բարենպաստ եղանակով ու կեռասի և ծիրանի բերքի սակավությամբ, ինչպես նաև կարկտահարության հետևանքով ապրանքային որակի անկմամբ։ Կեռասի բերքի սակավության պատճառով արտահանման մեծ ծավալներ չգրանցվեցին, այն հիմնականում սպառվեց տեղական շուկայում։ Ծիրանի արտահանման ծավալներն ավելի մեծ էին, սակայն, ըստ գյուղացիների, կարկուտի հետևանքով վնասված պտղի 50 տոկոսը վաճառքի ենթակա չէր։ Դեղձի մշակությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունները նույնպես դժգոհում էին ցածր բերքատվությունից։ Հացիկցի Նվարդ Հովհաննիսյանի խոսքով, մեկ հեկտար դեղձի այգուց հավաքել է մոտ 1.5 տոննա բերք՝ այն դեպքում, երբ նախորդ տարի ստացել էր շուրջ 10 տոննա դեղձ։ Վաճառքի հետ կապված այստեղ նույնպես խնդիրներ չեն առաջացել։

Աշնան այս շրջանում գյուղացիները պատրաստվում են աշնանացանին և այգեթաղին։ Սպասում են ոռոգման ջրին՝ երբ բաց թողնվեց, այգիները կստանան աշնան վերջին ոռոգումն ու կսկսվի այգեթաղը։ Նշենք, որ ոռոգման ջուրը սեզոնի ընթացքում գյուղացիներին մատակարարվում է ընդատումներով, հիմնականում՝ 3 օր ջրամատակարարում, 3 օր դադար գրաֆիկով։ Մարզի շատ համայնքներում, երկու շաբաթ է, ոռոգման ջուր չկա։ Գյուղացիներն ասում են՝ ՋՕ ընկերությունները խոստացել են նոյեմբերի 1-ից բաց թողնել ջուրը, առանց դրա այգեթաղն ու աշնանացանը կազմակերպելն անհնար կլինի։

Նշենք, որ այս տարի Արմավիրի մարզում, ըստ գյուղացիների, մոտ 50 տոկոսով պակաս էր նաև խաղողի տեխնիկական և սեղանի տեսակների բերքատվությունը։ Խաղողի իրացման հետ խնդիրներ չեն առաջացել, - ասում է ալաշկերտցի Ռադիկ Միսակյանը։

Օրերս Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը գյուղատնտեսական սեզոնն ամփոփող աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքների ղեկավարների, համայնքապետարանների գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների, մարզի ՋՕԸ տնօրենների, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ։ Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը ներկայացրել է տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, մարզում մկնանման կրծողների վարակվածության աստիճանի, կարկտահարության հասցրած վնասների, աղետների, դրանց վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։
Արմավիրի մարզի ՋՕԸ տնօրեններն էլ խոսել են ոռոգման սեզոնի ընթացիկ իրավիճակի, մատակարարված ոռոգման ջրի և գանձումների մասին։
Made on
Tilda