«ՏԻՄ լիազորությունների մասին գիտեմ այնքանով, որքանով ԼՂ-ում՝ Չլդրան գյուղում, առնչվել եմ տեղական իշխանությունների հետ, այսինքն՝ ինչ-որ տեղեկանք կամ փաստաթուղթ է պետք եղել գյուղապետարանից։ Իսկ երբ նոր էինք տեղափոխվել Հայաստան, սկզբում՝ Վարդենիս, հետո՝ Մեծամոր, համայնքապետարան հաճախ էինք գնում՝ շաբաթը մեկ անգամ, հետո ամիսը մեկ անգամ, երբ զանգում էին համայնքապետարանից։ Հիմնականում գնում էինք օգնություն ստանալու կամ բնակարանային խնդիրները քննարկելու համար։ Ընդհանուր առմամբ, տեղական իշխանությունների վերաբերմունքից դժգոհ չեմ, լավ են վերաբերվել։ Հիմա չէ, պայց սկզբում պարբերաբար սննդամթերքով ու հիգիենայի պարագաներով են օգնել, - ասում է Գայանեն և ավելացնում, որ շատ կարևոր էր իր համար տեղեկանալ համայնքի կառավարման առանձնահատկություններին և, որ ամենակարևորն է, բնակիչների մասնակցությանը այդ գործընթացներում։
Դասընթացից Գայանեն տեղեկացավ, որ կարող են հանդես գալ ավագանու նիստի օրակարգում հարց ընգրկելու նախաձեռնությամբ։ Ասում է՝ սա հնարավորություն է, որ արցախցիների ձայնը լսելի և քննարկելի դառնա ՏԻՄ կառավարման գործընթացում։ Նրա խոսքով, շատ հետաքրքիր էր տեղեկանալ համայնքի պաշտոնական կայքից օգտվելու հնարավորությունների մասին, ինչը, որպես մասնակցային գործիք, կնպաստի իրենց ներգրավվածությանը համայնքի կառավարման գործընթացում։ Ի դեպ, դասընթացի ընթացքում Գայանեն Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայքում կարողացավ դստերն առցանց գրանցել մանկապարտեզ հաճախելու համար։
ՀԳ․ Գայանեն, ամուսնու և երեխաների հետ ապրել է Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում։ Տեղահանման օրերին գտնվել է Ստեփանակերտի հիվանդանոցում՝ քրոջ վիրավոր որդուն խնամելիս, քանի որ քույրը մյուս զոհված որդու դին Հայաստան տեղափոխելիս է եղել։ Իսկ Գայանեի ամուսինը, լսելով բենզին բաժանելու լուրը, շտապել է Ստեփանակերտ՝ հասանելիք վառելիքը ստանալու և ընտանիքը Հայաստան տեղափոխելու ակնկալիքով։ Գայանեն հիվանդանոցում, լսելով բենզալցակայանի պայթյունի ձայնը, շտապել է ամուսնուն փնտրելու։ Երկու օր որոնումներից հետո պարզել է, որ ամուսնուն՝ Բորիս Ղուլյանին, սեպտեմբերի 27-ին ծանր վիճակում տեղափոխել են Հայաստան։
Գայանեն, առաջին անգամ նստելով ամուսնու ավտոմեքենայի ղեկին, հարևանների օգնությամբ և ուղեկցությամբ, իր երեք անչափահասների և քրոջ վիրավոր որդու հետ բռնել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որն անցել է 3 օրում։ Երևանում արդեն ամուսնուն՝ Բորիսին, գտել է այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում։
Այնուհետև, արդեն Հայաստան ժամանած ծնողների մոտ՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում, ժամանակավոր բնակություն է հաստատել։ 3 ամիս անց, ամուսնու ապաքինվելուց հետո նույն քաղաքում բնակարան է վարձակալել ու տեղափոխվել այնտեղ։ Երիտասարդ կինն ասում է, որ երբեք չի հուսալքվել, միշտ իր ուժերին է ապավինել։ Քանի որ Բորիսին բժիշկն արգելել էր ֆիզիկական աշխատանք կատարել և պետք է ապաքինման երկարաժամկետ փուլ անցներ, ընտանիքի կարիքները հոգալու համար Գայանեն օրավարձով աշխատանք է գտել։ Չի դժգոհում, հասցնում է նույնիսկ տարբեր դասընթացների մասնակցել։ ԼՂ-ում՝ Չլդրանում, փոքրիկ հացի արտադրամաս են ունեցել, երբ ընտանիքը ոտքի կանգնի, այստեղ կփորձի նույն գործով զբաղվել, ասում է՝ ժամանակի հարց է։