Օգնությունը նաև ուշադրությունն է, հարգանքը, հոգատարությունը
Ռամիա Սահյանը, տղայի՝ Արսեն Սահյանի, ընտանիքի հետ 2023թ. սեպտեմբերի 26-ին է տեղահանվել ԼՂ-ից, սկզբում Գորիս` ծանոթներին են հյուրընկալվել, ապա տեղափոխվել Արմավիր մարզ` Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում բնակարան վարձակալել ու բնակություն հաստատել։
«Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրում և համայնքային համախմբում» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 22-ին Մերձավանում կազմակերպված դասընթացին տիկին Ռամիան մեծ հետաքրքրությամբ էր ներկայացել։ Ասում է․ «Օգնությունը մեր հանդեպ ցուցաբերվող ուշադրությունն է, հարգանքը, հոգատարությունն ու հետաքրքրվածությունը, միայն սննդի փաթեթներով չէ, որ կարելի է ձեռք մեկնել փախստականներին, և ավելացնում՝ մեզ լավ են վերաբերվում համայնքում, հարևանները հոգատար են, պարբերաբար հարցուփորձ են անում՝ ինչի՞ կարիք ունենք, ինչի՞ց ենք նեղվում և այլն։ Համայնքապետարանից էլ դժգոհ չենք, երբ նոր էինք տեղափոխվել այստեղ, պարբերաբար զանգում էին, տեղեկացնում, որ աջակցություն կա մեզ համար, սնունդ, վերմակ, հիգիենիկ պարագաներ, այսքանը, իսկ հիմա կարևոր է, որ մենք հասկանանք մեր հետագա անելիքը, ինքներս ինչպես կազմակերպենք մեր կյանքն ու ինչ կերպ ստեղծենք մեր ապրուստի միջոցը։ Ցավալի է, դժվար, որ ամեն բան զրոյից պետք է սկսել, բայց սա է ճշմարտությունը, չպետք է թուլանալ, որ զավակներդ էլ չկոտրվեն», - խոսքը եզրափակում է տիկին Ռամիան։ Նա դասընթացի ամենահետաքրքրված մասնակիցներից էր։ Հետաքրքրվում էր, թե ո՞ր դեպքերում կարող է վարչական պատասխանատուին, ապա համայնքի ղեկավարին դիմել, արդյո՞ք համայնքապետարանի լիազորությունների մեջ է մտնում փախստականներին կացարաններով ապահովելու խնդիրը, ո՞րն է իր դերակատարումը համայնքի կառավարման գործում, ի՞նչ նպաստ կարող է ունենալ համայնքի կամ բնակավայրի զարգացման գործում։
Դասընթացի փորձագետ, Համայնքների ֆինանսիստների միավորման փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը ինչպես Ռամիա Սահյանին, այնպես էլ երկու տասնյակ մասնակիցներին ներկայացրեց՝
- Տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցության էությունը և դրանից ակնկալվող օգուտները,
- Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության իրավական հիմքերը,
- Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության եղանակներն ու ձևերը,
- Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների (ԽՄ-ների) ձևավորումն ու գործունեությունը,
- Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպումն ու անցկացումը,
- Համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու՝ բնակիչների նախաձեռնության ներկայացումը։
Փորձագետը խոսեց նաև Մասնակցային բյուջետավորման և այդ գործընթացում արցախցիների կողմից գաղափարների և առաջարկների ներկայացման մասին։ Աբրահամ Արտաշեսյանի հետ մեծ քննարկում ծավալվեց հատկապես բնակիչների մասնակցության իրավական հիմքերի և մասնակցության կարգի շուրջ։ Քննարկվեց նաև համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների անդամների թեկնածուների առաջադրման ձևը։ Արտաշեսյանը ներկայացրեց, որ ԽՄ-ի անդամների թեկնածուների առաջադրումը կատարվում է հետևյալ կարգով՝
Տիկին Ռամիան գոհ էր դասընթացի բովանդակությունից, ասաց՝ իր համար կարևոր տեղեկություններ ստացավ, հետևություններ արեց ու հասկացավ՝ պահանջատեր լինելու համար անհրաժեշտ է ներգրավված լինել քեզ ու համայնքին վերաբերող նախաձեռնություններում։