Մարինե Ալեքսանյանը Հայաստան է տեղափոխվել 3 անչափահասների հետ, ամուսինը զոհվել է 44-օրյա պատերազմի առաջին օրը
Մարինե Ալեքսանյանը Մարտակերտի շրջանից է, երկու անգամ է տեղահանվել՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին և 2023թ. սեպտեմբերի 29-ին։ Ամուսինը զոհվել է 44-օրյա պատերազմում՝ սեպտեմբերի 26-ին։ Երկու օր անց ամուսնու աճյունը Մարինեն Հայաստան է տեղափոխել և Մեծամորի եղբայրական գերեզմանատանն ամփոփել։ Հենց այդ ժամանակ Մարինեն արդեն որոշել էր՝ Հայաստանում կհաստատվի ու երեխաների ապահովության համար ԼՂ չի վերադառնա։ Սակայն 6 ամիս անց ստիպված է լինում Ստեփանակերտ վերադառնալ՝ վատառողջ ծնողների մոտ։ 2023-ին արդեն ծնողների հետ է տեղահանվում և կրկին վերադառնում Մեծամոր։ Ասում է՝ երկու անգամ վերապրեց իր ցավն ու կորուստը, ժամանակ էր պետք, որ ինքս ինձ վերագտնեի ու երեխաների ապագայի մասին մտածեի։ Մարինեն «Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրում և համայնքային համախմբում» ծրագրի շրջանակներում կազմակերպված դաասընթացի մասնակիցներից է։ Վստահ է՝ կրթվելն ու տեղեկացված լինելը ցանկացած ժամանակ և պայմաններում էլ ավելի է ուժեղացնում մարդուն։ Մեծ հետաքրքրությամբ հետևեց դասընթացին, որը վարում էր «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Բացի գիտելիքներից, ըստ Մարինեի, շատ կարևոր է նոր շրջապատի ձեռք բերումը, փորձի փոխանակումն ու նոր կապերի հաստատումը։
«Մենք, օրինակ, երբեք չենք մտածել, որ օրենքով սահմանված կարգով կարող ենք նախաձեռնությամբ հանդես գալ ՏԻ մարմիններում, ինչպես օրինակ ավագանու նիստում մեր կողմից առաջարկվող հարցի քննարկումը կլինի։ Այն, որ կարող ենք մասնակցել հանրային լսումներին, գիտեինք, բայց թե ինչպես են դրանք կազմակերպվում և ինչպես պետք է տեղեկացնեն բնակիչներին դրա մասին, որպեսզի կարողանանք մեր մասնակցությունն ունենալ, չգիտեինք, հիմա ավելի հետևողական կլինենք, ավելի հետաքրքրված, որ մեր ձայնն անմիջապես մենք լսելի դարձնենք», - ասում է Մարինեն և վստահեցնում՝ իր և իր երեխաների համար ինքն ամեն ինչ կանի իր ներդրումն ունենալու համայնքի և շրջապատի բարեկեցության համար։
Մարինե Ալեքսանյանը մասնագիտությամբ մանկավարժ է՝ մաթեմատիկայի ուսուցիչ, բնակվում է Մեծամորի հյուրանոցում։ Չնայած վատ պայմաններին, դժգոհ չէ, ասում է՝ համայնքապետարանը տարածքն անհատույց է տրամադրել իրեն և թույլ տվել բնակվել այնքան, մինչև կօգտվի պետական բնակարանային աջակցության ծրագրից և բնակարան ձեռք կբերի։ Դասընթացից մեկ շաբաթ անց տեղեկացանք, որ Մարինեն իր մասնագիտությամբ աշխատանքի է անցել Ակնալճի միջնակարգ դպրոցում։ Ասաց՝ հիմա ավելի հանգիստ է, երեխաների որոշ կարիքներ հոգալն ավելի հեշտ կլինի։