Ջուլիետա Սողոմոնյանը 7 անձից բաղկացած ընտանիքով Հայաստան է տեղափոխվել 2023թ. սեպտեմբերի 27-ին, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից։ Բնակվում է Արմավիրի մարզի Նորապատ գյուղում։ Ծնվել է Բաքու քաղաքում։ Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար պետք է ընդունի ՀՀ քաղաքացիություն, սակայն քաղաքացիություն ստանալու իր դիմումը չի ընդունվել ծննդյան վկայականի բացակայության պատճառով։
Տիկին Ջուլիետան գաղափար անգամ չունի, թե որտեղից կարող է ձեռք բերել ծննդյան վկայական։ Նրա կարծիքով, այս հարցում համայնքապետարանն իրեն չի օգնում։
«Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրում և համայնքային համախմբում» ծրագրի շրջանակներում տիկին Ջուլիետան ստացավ ոչ միայն իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը, այլ նաև այն ճանապարհը, որով պետք է անցներ ծննդյան վկայականը վերականգնելու կամ նույնականացնելու համար, և որ այս խնդիրը ՏԻՄ գործառույթում չի գտնվում։
Ջուլիետա Սողոմոնյանը շտապում էր քաղաքացիություն ձեռք բերել, որպեսզի կարողանար օգտվել բնակարանային ծրագրից։ Այդ պատճառով դասընթացի ժամանակ առանցքային հարցն իր համար դա էր։ Իսկ երբ ծանոթացավ ՏԻ մարմինների կառավարման մեխանիզմներին, ամեն ինչ ավելի պարզ դարձավ նրա համար։ Ջուլիետա Սողոմոնյանին առանձնակի հետաքրքրում էր ավագանու անդամների պարտականություններն ու օրենքով սահմանված լիազորությունները։ «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը մանրամասնեց.
«Համայնքի ավագանու անդամը պարտավոր է պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին։ Նա իրավունք ունի կատարելու համայնքի բնակիչների ընդունելություն, կազմակերպելու հանրային հանդիպումներ ու քննարկումներ։ Վերոնշյալ գործընթացների արդյունավետ իրականացման համար համայնքի ղեկավարը յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ է հատկացնում համայնքի ավագանու անդամին: Համայնքի ղեկավարը կազմակերպում է հանրային բաց լսումներ և քննարկումներ, կատարում քաղաքացիների ընդունելություններ՝ որոշակի պարբերականությամբ»։
Բարսեղյանն անդրադարձավ դասընթացի մյուս մասնակիցներին հետաքրքրող հարցերին, օրինակ՝ Ալլա Բաղդասարյանին հետաքրքրեց՝ ինչպե՞ս տեղեկանալ ավագանու նիստերի կայացման և քննարկվելիք հարցերի մասին։
Փորձագետը բացատրեց. «Ավագանու հերթական նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է ավագանու նիստի օրակարգի նախագիծը՝ նշելով նիստի անցկացման վայրը և ժամանակը: Այդ տեղեկությունները փակցվում են համայնքի ղեկավարի և ավագանու նստավայրում, ինչպես նաև համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում, տարածվում զանգվածային լրատվության միջոցներով, տեղադրվում համայնքի պաշտոնական համացանցային կայքում և հրապարակային ծանուցումների www.azdarar.am կայքում: Նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը և դրանց կից փաստաթղթերը տեղադրվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում` ներբեռնման հնարավորությամբ»։
Նորապատ բնակավայրում տեղի ունեցած դասընթացին մասնակցում էր շուրջ 10 ԼՂ տեղահանված բնակիչ։ Նրանք բոլորը մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին համայնքի կառավարման առանձնահատկությունների նկատմամբ։