Եթե սիրտս լայն լինի, մեկ սենյակում էլ նեղվածք չի լինի
32-ամյա Նադեժդա Դավթյանի 7 անձից բաղկացած ընտանիքն ապրում է Արշալույս գյուղում՝ տեղավորվելով մեկ սենյակում։ Ասում է՝ տարածքի սահմանափակումը հոգ չէ, կարևորը ներքին անհանգստությունն ու վախն է, որը պետք է հաղթահարենք։ 5 անչափահասների մայրը մասնագիտությամբ բուժքույր է։ Ամուսինն արդեն շինարարական կազմակերպությունում է աշխատում, ինքն էլ հենց 2-ամյա Միլենային մանկապարտեզ ուղարկի, անպայման աշխատանք կգտնի։ Ասում է՝ ստեղծող մարդիկ ենք, կարող ենք ոտքի կանգնել, միայն ժամանակ է պետք ինտեգրվելու և նոր բնակավայրը լավ ճանաչելու համար։
«Արշալույսում հարմարվել ենք, մտածում ենք այստեղ էլ տուն կկառուցենք, կապրենք։ Եթե կարողանանք, կգնենք, չգիտեմ դեռ ինչ աջակցություն է նախատեսվում իմ ընտանիքին բնակարանի ձեռք բերման համար։ Հիմա փաստաթղթերն ենք կարգավորում, քաղաքացիության հարցն ենք լուծում, վերջացնենք, կհասկանանք ինչ ենք անելու։ Ամուսնուս ձեռքից գալիս է, եթե մի քիչ աջակցություն լինի, ինքը մեզ հաստատ տուն կկառուցի», - ասում է Նադեժդան։
Նադեժդա Դավթյանը «Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրում և համայնքային համախմբում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած դասընթացի մասնակիցներից է։ Դասընթացին եկել էր մայրիկի՝ Անուշիկ Դավթյանի, եղբոր ու նրա կնոջ հետ։ Ասաց, որ նման ուսուցողական հանդիպումների կարիք շատ են ունեցել, այդ պատճառով ընտանիքի բոլոր անդամները ցանկացել են մասնակցել։ Նադեժդային հետաքրքրում էր տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, հետաքրքրվում էր, թե որտե՞ղից է սկսվում համայնքի ղեկավարի լիազորությունը և որտե՞ղ ավարտվում։
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ փորձագետ Աննա Ղորուխչյանը դասընթացի մասնակիցներին մանրամասն ներկայացրեց ՏԻՄ լիազորությունները, ավագանու և համայնքի ղեկավարի գործունեությունը։
«Համայնքի ավագանին և ղեկավարը գործում են ինքնուրույն, սեփական պատասխանատվությամբ, օժտված են լիազորությունների ամբողջականությամբ և բացառիկությամբ։ Սա նշանակում է, որ տեղական ինքնակառավարման համակարգը գործում է պետական կառավարման համակարգից անկախ և որևէ կերպ չի հանդիսանում վերջինի ստորադասը։ ՏԻՄ-երն ունեն ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն և հաշվետու են միայն իրենց ընտրողների՝ համայնքի բնակիչների առջև։ ՏԻՄ-երն իրավունք ունեն զբաղվելու համայնքային շահերին վերաբերող ցանկացած գործունեությամբ, եթե օրենքով այլ մարմինների դրանք վերապահված չեն։ ՏԻՄ-երի լիազորությունները և ողջ գործունեությունն առհասարակ, պետք է ուղղված լինի համայնքային նշանակության խնդիրների լուծմանը, ինչպիսիք են, օրինակ՝
- համայնքի գույքի կառավարումը,
- նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը,
- մշակութային կյանքի կազմակերպումը,
- բնակչության սոցիալական պաշտպանությունը,
- բնակարանային շինարարության խթանումը,
- գյուղատնտեսության զարգացման խթանումը,
- շրջակա միջավայրի պահպանությունը,
- բնակավայրերի կառուցապատումը, բարեկարգումը և կանաչապատումը,
- ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը և շահագործումը,
- օրենքով և ավագանու որոշմամբ սահմանված այլ խնդիրներ»։
ՏԻՄ փորձագետ Աննա Ղորուխչյանն անդրադարձավ նաև հետևյալ թեմաներին՝
· բնակիչների մասնակցությունը համայնքի կառավարման գործընթացներում,
· բնակիչների մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին,
· տեղական հանրաքվեի կազմակերպման ձևերը,
· համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությունը,
· մասնակցային բյուջետավորում,
· հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպում։
Դասընթացն ավարտվեց հետաքրքիր ու բուռն քննարկումներով։