Լաուրա Աղաջանյանի բազմանդամ ընտանիքը ԼՂ-ից տեղահանվել է 2023թ. սեպտեմբերի 29-ին։ Աղաջանյանները ծանոթների շնորհիվ բնակություն են հաստատել Փարաքար համայնքի Արևաշատ գյուղում։ Լաուրայի խոսքով, հարմարվել են բնակավայրին ու լավ վերաբերմունքի արժանացել հարևանների կողմից։ Այս պահին վարձով են բնակվում։ Եթե բնակարան ձեռք բերելու հնարավորություն ստանան, անպայման Արևաշատում տուն կփնտրեն, այստեղ նաև գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ կզբաղվեն։ «Հիմա էլ հավ, խոզ ենք պահում, ինչ-որ չափով թեթևացնում ենք մեր հոգսը, երեխաները թարմ ու տնական ձու են ուտում, միս ենք ունենում տանը, չենք մտածում ոնց առնենք։ Որ մեր տունը լիներ, գոմ կսարքեինք, կով կպահեինք, կաթն ու մածունն էլ կլիներ, երեխեքը ոչ մի բանի կարիք չէին ունենա։ Դրա համար, որ տուն առնենք, անպայման անասնապահությամբ կզբաղվենք, - ասում է տիկին Լաուրան, և կատակում, - հիմա անցնենք բուն թեմային, այսինքն՝ դասընթացին»։ Նրա կարծիքով, տեղեկացված լինելը նույնպես հաջողությունների հասնելու ձևերից է։
«Եթե չկրթվենք, չիմանանք մեր անելիքը, պարտականություններն ու իրավունքները, ինչպե՞ս պետք է մեզ պաշտպանենք կամ համայնքին պիտանի մարդ լինենք։ Դրա համար մեծ ուշադրությամբ կլսենք ձեզ, որ մենք էլ հասկանանք՝ ի՞նչ է մեզանից կախված և ի՞նչ պետք է անի համայնքի ղեկավարությունը», - իր խոսքը եզրափակելով՝ Լաուրան հրավիրեց ընտանիքի բոլոր 6 անդամներին, որպեսզի ծանոթանան ՏԻ մարմինների կառավարման օրենքով սահմանված կարգին և քաղաքացիների մասնակցության ձևերին ՏԻՄ կառավարման գործընթացում։
«Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրում և համայնքային համախմբում» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացին մասնակից Աղաջանյանների և Միրզոյանների հետ քննարկեցինք՝
Դասընթացի մասնակիցները գոհ էին հանդիպումից։ Մարինե Միրզոյանի խոսքով, շատ չեն տարբերվում ԼՂՀ-ում և ՀՀ-ում ՏԻՄ կառավարման գործընթացները։ Ընդհանուր առմամբ, ՏԻՄ օրենքը նույն պահանջներն ունի։ Միակ տարբերությունն այն է, որ այստեղ համայնքները միավորված են, մեզ մոտ դեռ նոր պետք է սկսվեր գործընթացը, հետևաբար շատ կարևոր ու հետաքրքիր է տեղեկանալ համայնքի ղեկավարի, ավագանու և վարչական պատասխանատուների անելիքների ու լիազորությունների մասին։ Միրզոյանների ընտանիքը, որ ապրում է Աղաջանյանների հարևանությամբ, ԼՂ-ում մեղվապահությամբ է զբաղվել։ Արևաշատում էլ նպատակ ունեն ձեռք բերել մեղվաընտանիքներ, բազմացնել ու ապահովել իրենց զբաղմունքը։ Մարինեի խոսքով, հայրը՝ Բորիկ Միրզոյանը, մեղվապահության մեջ մեծ վարպետ է, նրա համար դա կյանք է։
Նշենք, որ Արմավիրի մարզում մինչև 2020 թվականը կար 98 համայնք, իսկ 2021թ. դեկտեմբերի 5-ի տեղական ընտրություններով համայնքները միավորվեցին։ Մարզում այսօր կա 7 միավորված համայնք և մեկ էթնիկ համայնք։ Միավորված համայնքներն են՝
Մեծամոր - կենտրոնը՝ ք․Մեծամոր, 31 բնակավայր, բնակչությունը՝ 80284
Արմավիր - կենտրոնը՝ ք․Արմավիր, 11 բնակավայր, բնակչությունը՝ 65515
Վաղարշապատ - կենտրոնը՝ ք․Էջմիածին, 2 բնակավայր, բնակչությունը՝ 60029
Խոյ - կենտրոնը՝ գ.Գեղակերտ, 17 բնակավայր, բնակչությունը` 31031
Փարաքար - կենտրոնը՝ գ.Փարաքար, 12 բնակավայր, բնակչությունը՝ 28740
Արաքս - կենտրոնը՝ գ.Գայ, 13 բնակավայր, բնակչությունը՝ 28680
Բաղրամյան - կենտրոնը՝ գ.Բաղրամյան, 14 բնակավայր, բնակչությունը՝ 19957
Նշենք նաև, որ «Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրում և համայնքային համախմբում» ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզում վերապատրաստվել է 1200-ից ավելի ԼՂ բռնի տեղահանված քաղաքացի։ Մարզում 2024թ. հուլիս ամսվա դրությամբ բնակություն է հաստատել 10,428 ԼՂ քաղաքացի։