ՀՀ յուրաքանչյուր համայնք պետք է ունենա պաշտոնական համացանցային կայք, որի ստեղծումն ու վարումը ապահովում է համայնքի ղեկավարը: Համայնքի կայքը պետք է հնարավորություն ընձեռի բնակիչներին ոչ միայն ծանոթանալու համայնքում տեղի ունեցած և նախատեսվող իրադարձություններին, կարևորագույն փաստաթղթերին, ուղիղ եթերով հետևելու ավագանու նիստերի ընթացքին, այլ նաև ակտիվ մասնակցություն ունենալու համայնքի կառավարման գործընթացներին։ Այսպես, համացանցային կայքի միջոցով բնակիչը կարող է մասնակցել առցանց հանրային լսումներին և քննարկումներին, դիմում գրել ՏԻՄ-երին, հետևել իր դիմումի ընթացքին, հարցում կատարել, բողոք կամ խնդիր գրանցել, մասնակցել համայնքապետարանի առցանց հարցումներին, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մոտ ընդունելության գրանցում կատարել, մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում ներկայացնել ծրագրային առաջարկ, մասնակցել քվեարկությանը:
Դասընթացի այս թեմաները շատ էին հետաքրքրել Էլզա Գրիգորյանին, ով մասնակցում էր «Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրում և համայնքային համախմբում» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացին։ Նա մեծ ոգևորությամբ էր մասնակցում նաև ծավալվող քննարկումներին։ Էլզան մասնագիտությամբ մանկավարժ է, ապրում է Մրգաշատ գյուղում, աշխատում գյուղի միջնակարգ դպրոցում։ Ասում է՝ լիարժեք հարմարվել է բնակավայրին և մեծ հարգանք ունի գյուղի բնակիչների նկատմամբ, նկատում է՝ այդ հարգանքը փոխադարձ է և հենց դա է օգնել Գրիգորյանների ընտանիքին նոր բնակավայրում իրենց վերագտնելու և ոտքի կանգնելու հարցում։
Տիկին Էլզան ասում է. «ՏԻ մարմինների թափանցիկ և հաշվետվողական աշխատանքի պատասխանատուն նաև բնակիչներն են։ Որքան անտարբեր է բնակիչն իր ընտրած ղեկավարի աշխատանքի նկատմամբ, այնքան ղեկավար մարմինը հաշվետու չէ իր ընտրողին, հետևաբար նման դասընթացներն ու քաղաքացիների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու բոլոր միջոցներն անհրաժեշտ են»։ Գրիգորյանի խոսքով, չնայած ԼՂ տեղահանված ընտանիքների առջև ծառացած խնդիրներին ու դժվարություններին, պետք է կարողանալ ինտեգրվել համայնքին և առաջ շարժվելու համար որքան հնարավոր է արագ ընդունել ստեղծված իրավիճակը։ Էլզա Գրիգորյանը դասընթացին մասնակցում էր տղայի հետ, վստահ է՝ երիտասարդների ներուժն ու ձգտումը ավելի մեծ է, պետք է սովորել, տեղեկանալ, տեղեկացնել ու ներգրավված լինել համայնքում կատարվող բոլոր իրադարձություններին։ Մրգաշատ գյուղն արդեն հարազատ է դարձել Գրիգորյանների ընտանիքին, վստահ են՝ եթե բնակարան ձեռք բերելու հնարավորություն ունենան, հենց այդտեղ էլ կհաստատվեն։