Կրծողների դեմ պայքարը շարունակվում է
Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններն ահազանգում են՝ պտղատու այգիներում կրծողները մեծ վնասներ են հասցնում։ «Հատկապես նորատունկ այգիներում վնասներն աղետալի են, - ասում են գյուղացիները և ավելացնում, - վերջին տարիներին կրծողների նման գրոհ չէին տեսել»։ Հացիկցիները ցույց են տալիս այգիներում մկնանման կրծողների հետքերը։ Ավետիկ Մկրտչյանն ասում է․ «Այս փոսերը բոլորը նրանց բներն են, ճանապարհները, որտեղով հասնում են ծառի բներին ու արմատներին»։ Ավետիքի խոսքով, այգին ոռոգել են, ասում է՝ առատ ջրի դեպքում կրծողների որոշակի խմբաքանակ արտագաղթում է, բայց դա էլ լուծում չէ, ժամանակավոր է, հետո նորից գալիս իրենց գործն անում են։
Հացիկում, բազմաթիվ այգիներում՝ դեղձի, ծիրանի սալորի, նույն պատկերն է։ Արմավիրի մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արթուր Այվազյանից տեղեկանում ենք, որ այս տարի այգիներում կրծողներով վարակվածությունը շատ մեծ է։ Մարզի գլխավոր գյուղատնտեսի խոսքով, օգոստոս ամսին Արմավիրի մարզում կատարվել է 1920 հա վարակված հողատարածքների հաշվառում։ Պարզվել է, որ վարակը հիմնականում տարածված է Արմավիր, Մեծամոր և Բաղրամյան համայնքների բազմամյա տնկարկներում։ Այվազյանն ասում է․ «Իրավիճակը ներկայացվել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որից հետո մարզին հատկացվել է 804,6 լիտր Բրոմեդ տեսակի մկնասպան թունանյութ, որն էլ, ըստ մոնիտորինգի արդյունքների, հատկացվել է մարզի 7 համայնքներին։ Այդպիսով, 10057 հեկտարի վրա իրականացվել են պայքարի աշխատանքներ»։