Արմավիրի մարզում մշակվում է 6471 հեկտար խաղողի այգի, որից 1900-ը՝ սեղանի տեսակի։ Նշենք, որ խաղողագործներն այս տարի խաղողի բերքատվությունից գոհ չէին։ Արթուր Այվազյանն ասում է՝ խաղողի բերքը քիչ էր գարնան ու ամռան կարկտահարության պատճառով։
Նկատենք, որ այս տարի խաղողագործների մեծ մասը այգեթաղ չի իրականացնում։ Պատճառաբանությունները տարբեր են։ Ալաշկերտցի Արայիկ Մովսիսյանն ասում է․ «Այգեթաղն իրականացնելու համար բավականին ծախսեր է կատարում գյուղացին։ Մեկ հեկտար այգին ծածկելու համար 300-350 հազար դրամ անհրաժեշտ կլինի։ Մշակության համար մյուս ծախսերի մասին խոսելն ավելորդ է, իսկ խաղողի մթերման գինն այնքան ցածր է, որ մարդիկ մտածում են հնարավորինս կրճատել ծախսերը, հատկապես, որ վերջին տարիներին ձմեռն այդքան էլ խիստ չի լինում»։ Ըստ Մովսիսյանի, եթե վերջին երկու տարիների եղանակային ցուցանիշներով առաջնորդվենք, ապա չթաղված վազերը չեն ցրտահարվի։ Նրա կարծիքով, շատերը հենց այս տրամաբանությամբ են բաց թողել իրենց այգիները։ «Ի՞նչ կլինի, կտեսնենք գարնանը», - ասում է Արայիկ Մովսիսյանը։