Այլ ծախսերով համակարգը չի վերականգնվի
Ոռոգման համակարգին ուղղված գումարների արդյունավետությունը ուղիղ համեմատական է համակարգի ջրի կորուստներին: Գումարներն ըստ իրենց նշանակության տեղ հասնելուն պես անվանափոխվում և անհասկանալի ուղղություններով ծախսվում են:

Օրինակ, արդեն ամբողջությամբ ծախսվել է «Աջակցություն ոռոգման համակարգի առողջացման ծրագրին» ուղղված 3,8 միլիարդ դրամը, սակայն ոչ մի դրամ չի ծախսվել համակարգն առողջացնելու համար: Համենայն դեպս, Արմավիրի մարզում նույնիսկ վիրակապ չի փոխվել, ուր մնաց առողջացման միջամտություն կատարվեր:

Ոռոգման համակարգն այն հազվագյուտ բնագավառներից է, որտեղ իրականացվում են ամենաշատ ծրագրերը՝ սկսած համակարգի հիմնանորոգումից մինչև արդյունավետության բարձրացման, զարգացման ու առողջացման ծրագրեր:

2019թ. մայիսի 1-ի դրությամբ ոռոգման համակարգին ուղղված 18,3 միլիարդ դրամից արդեն ծախսվել է 9,8 միլիարդ դրամը, այսինքն կեսից ավելին: Համակարգի առողջացման ծրագրի և ոռոգման ծառայություն մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության հոդվածներով ՋՕ ընկերություններին տրամադրվել է 7,4 միլիարդ դրամ:

Ներկայացնենք հատկացումներն ըստ Հայաստանի ՋՕ
ընկերությունների`
ՋՕ ընկերությունները հիմնականում այս գումարները ծախսել են աշխատավարձի, դեբիտորական պարտքերը վճարելու և բանկերից վերցրած վարկերը մարելու համար: Հասկանալի է, որ այս ծախսերի մեջ համակարգի առողջությունը երրորդական նշանակություն է ունեցել: ՋՕ ընկերությունների հետ կապված մի հետաքրքիր փաստ էլ կա: Նրանք ամեն տարի ստանալով պետական աջակցություն, բոլորովին մտահոգված չեն իրենց առաքելությունը կատարել, այն է՝ ջուր մատակարարել և դրա դիմաց ապահովել գանձումներ: Ջրային կոմիտեի հրապարակած տվյալներով 2018 թվականին մատակարարվել է 622 միլիոն խոր.մետր ոռոգման ջուր, որի դիմաց պետք է գանձվեր 6,94 միլիարդ դրամ, սակայն հավաքագրվել է 3,28 միլիարդ դրամ, այսինքն՝ 48 տոկոս: Արմավիրի մարզում այս ցուցանիշը կազմում է 34 տոկոս: Մարզի գյուղացիական տնտեսությունների դժգոհությունների ֆոնին այս ցուցանիշը հեռու է համոզիչ լինելուց, քանի որ գյուղացուն ոռոգման ջուր են տալիս պայմանով, որ վճարած լինի նախորդ ոռոգման վճարը:

Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման ծրագիր

Այս ծրագրով նախատեսված է Ջրային կոմիտեին հատկացնել 120,2 միլիոն դրամ: Գումարի ծախսերի մասի հոդվածների ուսումնասիրության արդյունքում այդպես էլ չկարողացանք կողմնորոշվել, թե որ հոդվածի տակ է թաքնված արդյունավետության բարձրացման ծախսերը:
Տարեցտարի ոռոգման ջրի կորուստների մոնոտոն աճը, գյուղացիական տնտեսությունների դժգոհությունը, անմշակ հողատարածքների աղետալի չափի հասնող ծավալները վկայում են, որ համակարգի արդյունավետությունը հեռու է բավարար լինելուց, և թե այս ծախսերը որքանո՞վ են բարձրացնելու համակարգի արդյունավետությունը, մնում է մեծ հարցականի տակ:
Ոռոգման համակարգերի զարգացման ծրագիր

Այս ծրագիրն իրականացվում է Եվրասիական բանկի աջակցությամբ: 2019 թվականին նախատեսված է Ջրային կոմիտեին հատկացնել 648,7 միլիոն դրամ, որից մայիսի 1-ի դրությամբ հատկացվել է 20,9 միլիոն դրամ:
Այս ծրագրով նախատեսված ծախսերը հեռու են համակարգը զարգացնելու միտումից: Աարդարությանը չմեղանչելու համար նշենք, որ հնարավոր է այլ ծախսերի մեջ թաքնված լինի համակարգի զարգացման գործիքակազմը:



Այլ ծախսերով աչքի է ընկնում նաև Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման ծրագիրը:
Այստեղ, բացի այլ ծախսերից, աչքի է ընկնում նաև 7,5 միլիոնանոց ապահովագրական ծառայություններին նախատեսված վճարները:

Շատ հետաքրքիր է Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագրի այս տարվա ծախսային մասը: Միլիարդից ավելի գումար է հատկացվում, որ հետո որոշեն ինչի վրա ծախսեն: Փաստորեն երկիրը բավական միջոցներ ունի, որ կարողանում է ձեռքի հետ 1,26 միլիարդ առանց նպատակի գումարներ հատկացնել Ջրային կոմիտեին:

Այժմ ներկայացնենք ՀՀ պետական բյուջեից և տարբեր ծրագրերից Ջրային կոմիտեին հատկացվող 18,3 միլիարդ դրամի ծախսային մասի հանրագումարը:
Իսկ այժմ ներկայացնենք մեր փաստացի հանդիպումների և քննարկումների արդյունքները: ՋՕ ընկերությունները և «Ջրառ» ՓԲԸ ներկայացուցիչների մեկնաբանություններով իրենք հերոսներ են, որ կարողանում են 60-ականներին կառուցված և հնացած համակարգով ոռոգման ջուր մատակարարել:

«Ջրառ» ՓԲԸ փոխտնօրեն Էդիկ Սարգսյանի մեկնաբանությամբ, անկախ գումարների նշանակությունից ու չափից, փաստ է, որ այս տարի ընդամենը 270 միլիոն դրամ է նախատեսված ոռոգման համակարգում շինարարական աշխատանքներ կատարելու համար, իսկ դա, Սարգսյանի խոսքով, չնչին գումար է համակարգում բարելավում ապահովելու համար:

Համակարգում տարօրինակ է նաև, որ լուծարվել է «Ջրառ» ՓԲԸ տարածքային կառույցները: «Ջրառ» ՓԲԸ-ն, որպես այդպիսին, տեղակայված է մայրաքաղաքում: Երևույթն անհասկանալի է այնքանով, որ այս կառույցի գործառույթներն ամենաքիչը Երևանին են վերաբերում:

Հարկ է նշել, որ ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերն ու միջոցներն այլևս իմաստ չունեն, ամեն ինչ հարկավոր է սկսել նոր էջից:

Արմավիրի երեք՝ Արմավիր , Շենիկ, Էջմիածին ՋՕԸ սպասարկման տարածքում գարնան նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո արված լուսանկարներ
Made on
Tilda