Հայաստանի կլիմայական խոցելիությունը
Հայաստանում վերջին հարյուրամյակում միջին ջերմաստիճանը բարձրացել է մոտ 1.2°C-1.6°C- ով։ Տարեկան տեղումների քանակը 20-րդ դարի վերջին 6%-ով նվազում է արձանագրել: Կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչև 2050–2060թթ. տեղումները կարող են նվազել 10–20%-ով, իսկ մինչև 2071–2100թթ. այդ նվազումը կարող է հասնել 20–30%՝ համեմատած 1961–1990թթ. Բազային մակարդակների հետ։ Այս փոփոխությունները բաշխված են անհավասարաչափ՝ Արարատյան դաշտում և Հայաստանի հարավային շրջաններում սպասվում է ավելի ընդգծված նվազում, իսկ որոշ լեռնային շրջաններում սպասվում է տեղումների աննշան աճ։ Աճել է եղանակային էքստրեմալ իրադարձությունների՝ շոգերի և երաշտների, հաճախականությունը։ Այս փոփոխությունները սպառնում են Հայաստանի գյուղատնտեսությանը, որը կախված է կանխատեսելի եղանակից և բավարար ջրամատակարարումից։ Ձնհալի նվազումը կովկասյան լեռներից ազդում է մեր գետերի վրա, ներառյալ՝ Արաքսը և Հրազդանը, ինչը հանգեցնում է ջրի սակավության:
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը, որտեղ աշխատում է բնակչության 34%-ից ավելին, գլոբալ տաքացման ազդեցությունների առաջնագծում է: Այնպիսի մշակաբույսերը, ինչպիսիք են ցորենը, խաղողը և ծիրանը, տեղումների փոփոխման պատճառով բախվում են բերքատվության նվազման:
Գյուղացիական տնտեսություններն իրենց մաշկի վրա զգում են գլոբալ տաքացման հետևանքները։ Գյուղատնտեսական կուլտուրաների մոտ ավելացել է ոռոգման ջրի պահանջարկը, գնալով ավելանում է ոռոգման ջրի դեֆիցիտը։ Արմավիրի մարզում խորհրդային տարիներին կամ մինչև 2000 թվականը ոռոգման սեզոնը սկսվում էր մարտ ամսի երրորդ տասնօրյակից, իսկ այսօր այն մեկնարկում է մայիս ամսից։
Քաղաքային բնակավայրերը նույնպես շոգ են զգում, ջերմաստիճանի բարձրացումն ուժեղացնում է քաղաքային ջերմային կղզու էֆեկտը, հատկապես՝ Երևանում։
Արմավիրի մարզում 40 աստիճան տաքություն նախկինում գրանցվել է 8 տարին մեկ անգամ։ Վերջին 6 տարիների ընթացքում 40 և ավելի ջերմաստիճան արձանագրվում է ամեն տարի, այն էլ՝ տևական ժամանակով։
Գլոբալ տաքացման տեղական ազդեցությունները