Օրերս ԼՂ բռնի տեղահանված քաղաքացիները հանդիպեցին «Արդար խոսք» կուսակցության նախագահի և ղեկավար կազմի հետ։ Հանդիպմանը ներկա էր ավելի քան 1500 արցախցի։ Ըստ կուսակցության ղեկավար Ալբերտ Մովսիսյանի, շուրջ երկու ամիս է, կուսակցության աշխատանքային խումբը զբաղվում է փաստահավաքով՝ նպատակ ունենալով դիմել Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան՝ պահանջատիրական դիմումով, որպեսզի բռնի տեղահանվածների՝ Արցախում թողած գույքի նկատմամբ օրենքի հանրայնացման դիմումը իրավական և միջազգային քաղաքական հարթակներում ստանա արդար լուծում։
Ալբերտ Մովսիսյանից հետաքրքրվեցինք փաստահավաք աշխատանքային խմբի եզրակացության բովանդակության մասին, արդյո՞ք ամփոփվել և պատրաստվել է զեկույց այս մասով։ ««Արդար խոսք» կուսակցության կողմից ստեղծված աշխատանքային խումբը շուրջ երկու ամիս զբաղվել է Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների անշարժ և շարժական գույքերի սեփականության վկայականի պատճեների փաստահավաքով։ Առաջին փուլն անդրադառնում է այն հայրենակիցներին, որոնք ունեն փախստականի կարգավիճակ»- ասաց Մովսիսյանը։
Արդյոք ունե՞ք տեղեկատվություն, այսօր ի՞նչ վիճակում է գտնվում բռնի տեղահանվածների գույքը։ «Պարբերաբար հանդիպում ենք ունենում մեր Արցախցի հայրենակիցների հետ, որոնք ցավագին ներկայացնում են Արցախում ներկայիս տեղի ունեցող իրավիճակի մասին»,- ասաց կուսակցության ղեկավարը։
Ընդդեմ ու՞մ է ներկայացվելու հայցը, պատասխանող կողմը ո՞վ է լինելու հարցին Մովսիսյանը պատասխանեց. «Միանշանակ ընդդեմ Ադրբեջանի կառավարությանը»։
Ի՞նչ եք հասկանում արդար լուծում ասելով՝ Մովսիսյանն ասաց․- «Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների ոտնահարված իրավունքների վերականգնում»։
«ԱՐԴԱՐ ԽՈՍՔ» կուսակցությունն ի՞նչ երաշխիք ունի, որ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը կընդունի հայցը։ «Եկեք չմոռանանք, որ գործ ունենք միջազգային կառույցի հետ, և որ բոլոր ներկայացված փաստերն իրականություն ներկայացնող փաստաթղթեր են, և հույսով ենք, որ մերժման ենթակա չի լինի,- ասաց կուսակցության ղեկավարն ու հավելեց,- նախաձեռնությունը լինելու է շարունակական և դրական արձագանքից հետո կհետևի երկրորդ փուլը, որի մասին կտարածվի հավելյալ տեղեկատվություն»։