Արմավիրի մարզի բազմաթիվ բնակավայրերում անհիշելի ժամանակներից խմելու ջուրը գնում են մեկ լիտրի համար վճարելով 7-10 դրամ։ Մարզի բնակիչներն այդ խնդրով բազմաթիվ դռներ են թակել։ Գոհացուցիչ պատասխան դեռևս չեն ստացել։
ՓԱԿ
ՇՐՋԱՆ
Իրավիճակ
Այս շրջիկ ավտոմեքենաներն Արմավիրի մարզի շատ բնակավայրերի բնակիչների համար ամենացանկալի տրանսպորտային միջոցն են, իսկ դրա ձայնային ազդանշանը վեր է ականջ շոյող յուրաքանչյուր մեղեդուց։ Ամառվա ամիսներին մեքենայի պահանջարկը կրկնապատկվում և եռապատկվում է։ Սրանք, 30 տարուց ավելի, խմելու ջուր են մատակարարում Արմավիրի մարզի մի քանի տասնյակ բնակավայրերի։
Սկզբում խմելու ջրի վաճառքը իրականացվում էր մարզի հյուսիսային բնակավայրերում։ Տարիների ընթացքում աշխարհագրությունը մեծացավ և ջուր վաճառելը դարձավ եկամտաբեր զբաղմունք։ Թալինի ջուր վաճառող շրջիկ ավտոմեքենաների քանակը բազմապատկվեց, տեղադրվեցին արդեն ստացիոնար ջրի վաճառքի կետեր։ Վաճառքի տարածքները բաժանվեցին մատակարարների միջև այնպես, որ միմյանց չխանգարեն։
Ինչո՞ւ Արմավիրցիները չեն խմում ծորակից հոսող ջուրը
Նախորդ դարի 60-ական թվականներին Արմավիրի տարածաշրջան մատակարարվող խմելու ջուրը կոչվում էր Զևայի ջուր։ Զևայի ջուրը խմում էին բոլորը, այն չուներ յուրահատուկ համ, բնակիչները սովորել էին այդ ջրին։ Զևայի ջուրը սկսեց չբավարարել պահանջարկին և 80-ականներին այն համալրվեց Արագած սարի կողմից բերված ջրով, որին բնակիչներն անվանեցին «Ապարանի ջուր»։ Նոր ջուրը սառն էր ու բարձրակարգ համային հատկանիշներով։
Խորհրդային տարիների փլուզումից հետո «Ապարանի ջրի» խովակաշարն ապամոնտաժվեց և ջուրն ուղղորդվեց մայրաքաղաք։ Պարալիզվեց ջրամատակարարման համակարգը, անհետացավ «Ապարանի ջուրը», իսկ Զևայի ջուրը սկսեց մատակարարվել անջատումներով։ Բնակիչներն օրերով ջուր չէին ունենում, իսկ երբ երկարատև ընդմիջումից հետո ջուրը միացվում էր՝ ժամերով կեղտաջուր էր հոսում ծորակներից։
1999-2001թթ. ԳԴՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ ստեղծված «Նոր ակունք» ՓԲ ընկերությունը, որպես խմելու ջրի աղբյուր, ընտրեց արտեզյան ավազանը և հորատելով կամ մի շարք բնակավայրերում վերականգնելով արտեզյան հորերը, սկսեց նոր ցանցով խմելու ջուր մատակարարել 2 քաղաքային և 10 գյուղական բնակավայրերի։
2008թվ-ին Հայաստանում ձկնաբուծությունը համարվեց տնտեսության գերակա ճյուղ և Արարատյան արտեզյան ավազանի ջուրն ուղղվեց դեպի ձկնարդյունաբերություն՝ տարեկան վատնելով 2,5 միլիարդ խորանարդ մետր քաղցրահամ ջուր։
Տարիների ընթացքում արտեզյան ավազանի ջուրը նվազում էր։ Զուգահեռաբար պակասում էր գործող խորքային հորերի արտադրողականությունը, իսկ որոշ հորատանցքեր չորանում էին։ Երևույթն ավելի տեսանելի էր Արմավիրի մարզի բարձրադիր՝ Բաղրամյանի տարածաշրջանում։ Ավազանի ջրի նվազմանը զուգահեռ բարձրանում էր խմելու ջրի կոշտությունը, այսինքն ավելանում էր ջրում լուծված աղերի քանակը, ինչի հետևանքով փոխվում էր ջրի համային հատկությունները և բնականաբար ընդլայնվում ջուր գնողների աշխարհագրությունը։
Արմավիրի մարզի խմելու ջրի որակի ուսումնասիրություն
«Տարածաշրջանի կայուն զարգացում» հասարակական կազմակերպության կողմից 2024թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին իրականացվել է Արմավիրի մարզի բնակավայրերի խմելու ջրի որակի հետազոտություն, մասնավորապես՝ շեշտը դնելով խմելու ջրի մեջ լուծված աղերի քանակի վրա, որոնց պարունակության հետ կապված փոխվում են ջրի համային հատկանիշները։
Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի որակի նկատմամբ պահանջները կարգավորվում են ՀՀ Առողջապահության նախարարի 2002թ. դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանով։ Ըստ հրամանի՝ խմելու ջրի ընդհանրացված ցուցանիշներով և բնական ջրերում հաճախ հանդիպող վնասակար քիմիական նյութերի և անտրոպոգեն ծագումով նյութերի թույլատրելի սահմանային կոնցենտրացիաների նորմերը, մասնավորապես՝ սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները (ՍԹԿ) ոչ ավել
  • Ջրածնային ցուցանիշ PH միավորներ՝ 6-9 սահմաններում
  • Ընդհանուր հանքայնացում (չոր մնացորդ)՝ 1000 մգ/լ
  • Ընդհանուր կոշտություն՝ 7 մմոլ/լ
Բացի այս ցուցանիշները, տարածքի գլխավոր պետական սանիտարական բժշկի որոշմամբ կարող են սահմանվել այլ մեծություններ, օրինակ՝ ընդհանուր հանքայնացումը մինչև 1500 մգ/լ, ընդհանուր կոշտությունը՝ 10 մմոլ/լ։ Քանի որ տարածքները չունեն պետական սանիտարական բժիշկ, իսկ հրամանը փոփոխության չի ենթարկվել, կարող ենք անտեսել այդ ցուցանիշները։
«Տարածաշրջանի կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը խմելու ջրի նմուշներ վերցրեց մարզի բոլոր բնակավայրերից և սեփական միջոցներով որոշեց բնակավայրերի խմելու ջրի մեջ լուծված աղերի քանակը։ Բարձր ցուցանիշներով բնակավայրերից լրացուցիչ անգամ նմուշներ վերցվեց ու հանձնվեց փորձաքննության՝ «Ստանդարտ դիալոգ» և Ագրարային համալսարանի լաբորատորիաներին։
Շարքային քաղաքացուն (մմոլ/լ) կամ (մգ էկվ/լ) չափման միավորներով ներկայացված թվային տվյալները հասկանալի չեն լինի, ուստի մենք բոլոր տվյալները կներկայացնենք ավելի պարզ տարբերակով՝ մգ/լ, այսինքն՝ մեկ լիտր խմելու ջրում պարունակվող աղերի քանակը միլիգրամներով։
Արմավիրի մարզի բնակավայրերի խմելու ջրում լուծված աղերի քանակը մգ/լ
Սեփական փորձով
Մեկ լիտր ջրում լուծված աղերի քանակը պատկերացնելու նպատակով ընտրվեց համեմատաբար բարձր հանքայնացման ցուցանիշ ունեցող 4 բնակավայր՝ Արմավիր համայնքի Մյասնիկյան, Լենուղի, Մեծամոր համայնքի Ակնալիճ, Բաղրամյան համայնքի Շենիկ, և վերցվեց խմելու ջրի նմուշներ։
Ստուգաչափման ենթարկվեցին գործիքները և նմուշների 25 աստիճան ջերմության պայմաններում չափվեց լուծված աղերի քանակը (ppm) մեկ լիտրում։
Այնուհետև վերցվեց 250 մլ դատարկ փորձանոթ, կշռվեց և նմուշները լցվեցին 250 մլ փորձանոթների մեջ։ 80-85o C պայմաններում ջուրը գոլորշիացվեց և փորձանոթը կշռվեց։ Մասնավորապես, Մյասնիկյան բնակավայրում դատարկ փորձանոթի մասսան 96․92 գր էր, 250 մլ ջուրը գոլորշիացնելուց հետո աղակալված փորձանոթի մասսան կազմեց 97,43 գր։ Տարբերությունը կազմեց 0,51 գր (510 մգ), որը բազմապատկվեց 4-ով և ստացվեց մեկ լիտր ջրում լուծված աղերի քանակը՝ 2040 մգ/լ։
Նույն սկզբունքով որոշվեց մյուս բնակավայրերի խմելու ջրում լուծված աղերի քանակը՝ Լենուղի - 1240 մգ/լ, Ակնալիճ - 920 մգ/լ, Շենիկ - 960 մգ/լ։
Առանձին երկրների սահմանված չափորոշիչները խմելու ջրի նկատմամբ
Աշխարհի երկրները խմելու ջրի նկատմամբ չափորոշիչները սահմանում են՝ հաշվի առնելով իրենց աշխարհագրական դիրքը, ջրի աղբյուրի գտնվելու վայրը և այլ բազմաթիվ գործոններ։ Ջրի մեջ լուծված աղերի քանակը կամ ջրի կոշտությունը տարբեր երկրներում տարբեր չափման միավոր ունի, մասնավորապես, Միացյալ Նահանգներում 1 մգ/լ = 1 ppm, Գերմանիայում և որոշ այլ եվրոպական երկրներում՝ 1 °dH = 17,848 մգ/լ CaCO3, Ֆրանսիայում՝ 1 °fH = 10 մգ/լ CaCO3, Միացյալ Թագավորությունում՝ 1 °e = 14,254 մգ/լ CaCO3:
Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում ջրի կոշտության մակարդակը։ Եթե մի երկրի համար ջուրը համարվում է փափուկ, ապա մեկ այլ երկրի համար այդ ջուրը կարող է համարվել միջին կոշտության կամ կոշտ։
Հայաստանում այսօր խմելու ջրի որակին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ Առողջապահության նախարարի 2002թ. դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանով։ Այս հրամանը կգործի մինչև 2027թ. հունվարի 1-ը՝ իր տեղը զիջելով ՀՀ Առողջապահության նախարարի 2023թ. նոյեմբերի 16-ի թիվ 53 հրամանին։ Փորձեցինք հասկանալ՝ խմելու ջրի կոշտության վերաբերյալ ինչպիսի՞ մոտեցում ունի հրամանը։ Դա մեզ չհաջողվեց, քանի որ հրամանում հանքայնացման վերաբերյալ չափորոշիչներ սահմանված չեն։ Այդ մասին հիշատակվում է միայն «Հանրությանը տրամադրվող տեղեկատվության» գլխում, որտեղ մասնավորապես նշվում է, որ՝
խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության կողմից սույն նորմերի Աղյուսակ 1-ից 3-ում թվարկված ցուցանիշների, կալցիումի, մագնեզիումի և կալիումի մոնիթորինգի արդյունքների, այդ թվում` դրանց ՍԹԿ-ների/նորմաների կոշտության, խմելու ջրում լուծված հանքանյութերի և անիոնների ու կատիոնների վերաբերյալ, տրամադրվում է տեղեկատվություն։
Հրամանի Աղյուսակ 1-ից 3-ում մենք չկարողացանք գտնել վերը նշված նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները (ՍԹԿ)։ Եթե հրամանն այս տեսքով սկսի գործել, ուրեմն 2027թվ-ից խմելու ջրի կոշտությունը սահմանաչափ չի ունենա։
Հայաստանում, ըստ լուծված աղերի քանակի, դասակարգված չեն շատ փափուկ, փափուկ, միջին կոշտության, կոշտ և շատ կոշտ խմելու ջրերը։ Հայաստանը, ինչպես հետխորհրդային մյուս երկրները, մեծ ուշադրություն չեն դարձնում խմելու ջրի կոշտության վրա։ Եթե եվրոպական երկրներում մեկ լիտր ջրում լուծված աղերի քանակը գերազանցնում է 200-240 մգ-ը, այդ ջուրը համարվում է կոշտ, իսկ հետխորհրդային երկրներում այդ նույն ջուրը համարվում է փափուկ։
Կոշտ ջրի բացասական ազդեցությունը
Կոշտ ջրի օգտագործումը, որը պարունակում է մեծ քանակությամբ լուծված հանքանյութեր, ինչպիսիք են՝ կալցիումը և մագնեզիումը, կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու առողջության, անձնական խնամքի, կենցաղային տեխնիկայի, սանտեխնիկայի վրա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մինչև 500 մգ/լ լուծված աղեր պարունակող խմելու ջուրը համարում է անվտանգ մարդու առողջության համար։ Դրանից ավելի լուծված հանքանյութեր պարունակող խմելու ջուրը ԱՀԿ-ն համարում է վտանգավոր մարդու առողջության համար։ Մասնավորապես, կոշտ ջուրը կարող է սրել մաշկային հիվանդությունները, ինչպիսիք են էկզեման կամ փսորիազը՝ իր չորացման ազդեցության պատճառով: Կոշտ ջրից կալցիումի և մագնեզիումի չափից ավելի ընդունումը կարող է նպաստել զգայուն անհատների մոտ երիկամների քարերի առաջացմանը:
Բժիշկ-համաճարակաբան Աշխեն Պողոսյանի մեկնաբանությամբ, կոշտ ջուրը քայքայում է բնական յուղերը մաշկից և մազերից՝ հանգեցնելով չորության և գրգռվածության, ինչի հետևանքով մաշկը ծերանում է ժամանակից շուտ։ Գլխի վրա հանքանյութերի կուտակումը կարող է առաջացնել քոր կամ թեփ: Օճառներն ու շամպունները լավ չեն փրփրում կոշտ ջրի մեջ։
Կենցաղային սարքավորումներ նորոգող Նելսոն Մանգասարյանն ասում է. "Կոշտ ջուրը կրճատում է սարքավորումների կյանքի տևողությունը։ Կոշտ ջուր օգտագործող սարքերն ավելի շատ էներգիա են ծախսում, ինչը հանգեցնում է էլեկտրաէներգիայի կամ գազի վճարների ավելացման: Կոշտ ջուրը պահանջում է ավելի շատ լվացող միջոց կամ օճառ՝ նույն մաքրող էֆեկտի հասնելու համար, ինչը հանգեցնում է ավելի շատ քիմիական նյութերի օգտագործմանն ու շրջակա միջավայրի աղտոտմանը":
Վաճառվող ջուր
Արմավիրի մարզի տասնյակ բնակավայրերի բնակիչներ խմելու ջուրը գնում են շրջիկ ավտոցիստեռներից կամ ջրի վաճառքի ստացիոնար կետերից։ Ջրի վաճառքի ստացիոնար կետերը «Թալինի ջուր» մակագրությամբ, բացի ջուր վաճառելուց, իրենց քանակով բնորոշում են տեղի ջրի կոշտության չափը։
Ջուրը վաճառվում է հիմնականում մեկ լիտրը 10 դրամով:
Ջրի վաճառքի մեխանիզմները հղկվել և կարգավորվել են՝ այնպես, որ բոլորը գոհ մնան։ Գնորդը գոհ է, քանի որ հագեցնում է ծարավը առանց առողջությանը վնաս պատճառելու։ Պետությունը գոհ է, քանի որ ավելորդ տեղը գումար չի ծախսում նոր ջրագիծ կառուցելու համար։ Տեսչական մարմինները գոհ են, քանի որ վաճառվող ջուրն իրենց իրավասությունից դուրս է։ Երևույթից ամենաշատը գոհ է Թալինի խմելու ջրի մեծածախ վաճառքով զբաղվողը, ով մեկ ցիստեռն ջուրը վաճառում է 3500 դրամով։
Համաճարակաբան Աշխեն Պողոսյանի մեկնաբանությամբ, վաճառվող ջրի հետ կապված ամենամեծ խնդիրը ջրի որակի հսկողությունն է, որը ոչ մի փուլում չի կատարվում։ "Խմելու ջրի վաճառքի պահանջներ գոյություն ունեն դեռևս խորհրդային տարիներից։ Մասնավորապես, վաճառվող ջուրը պետք է ունենա հետազոտության արդյունքների սերտիֆիկատ, ցիստեռնը պետք է կնքված լինի։
Վաճառվող ջրի ցիստեռները պետք է հաճախակի մաքրվեն մասնագիտական կառույցի կողմից, որի հետ պետք է պայմանագիր ունենա ջուր վաճառող սուբյեկտը։ Կան նորմատիվներ, սակայն այսօր չկա կառույց, որն ունենա լծակներ բնագավառը կարգավորելու և հսկողություն սահմանելու համար: Նույնիսկ չգիտենք՝ ցիստեռնը խմելու ջուրը բերում է Թալինի աղբյուրների՞ց, թե՞, օրինակ, ճանապարհին պատահած ցանկացած աղբյուրից կամ առվակներից», - նկատում է Արմավիրի մարզի նախկին համաճարակաբան Աշխեն Պողոսյանը և ավելացնում, որ նույն երևույթը պետք է կատարվի նաև ջրի վաճառքի ստացիոնար կետերում։
Մենք փորձեցինք համապատասխան կառույցներից ստանալ տեղեկատվություն, թե ինչպես պետք է կարգավորվի Արմավիրի մարզի խմելու ջրի խնդիրը։ ՀՀ ԱՆ և ՏԿԵ նախարարություններ մեր ուղարկված նամակներին պատասխանեցին՝
  • ՀՀ ՏԿԵ նախարարությունից՝ մեր նշած տարածքներից մի մասի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններն իրականացվում են "Վեոլիա Ջուր" ՓԲ ընկերության կողմից։ Ջրային կոմիտեն պատասխանատու է պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ օգտագործման համար։ ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեն նշված բնակավայրերում խմելու ջրի որակի հետ կապված խնդրի վերաբերյալ գրությամբ դիմել է "Վեոլիա Ջուր" ՓԲ ընկերությանը՝ պարզաբանում ստանալու նպատակով։
  • ՀՀ ԱՆ "Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն" ՊՈԱԿ-ից, որտեղ նշվում էր, որ մեր նամակը վերահասցեագրվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ու ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Միևնույն ժամանակ, մեր գրության պատճենը ներկայացվել է ՀՀ ՏԿԵՆ։
  • ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, որտեղ ասվում էր, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում շշալցված ջրի նկատմամբ, հետևաբար մեր բարձրացրած հարցը դուրս է տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից։
  • "Վեոլիա Ջուր" ՓԲ ընկերությունից, որտեղ նշվում էր, որ 2024թ․ դեկտեմբերին իրականացվել են պլանային հետազոտություններ, որոնց արդյունքում ՀՀ սանիտարական կանոնների և նորմերի պահանջների շեղումներ և անհամապատասխանություններ չեն արձանագրվել։ Միևնույն ծամանակ, տեղեկացվում էր, որ ընկերությունը շահագործում է այն ջրաղբյուրները, որոնք "Վեոլիա Ջուր" ՓԲԸ-ին են հանձնվել վարձակալության պայմանագրի շրջանակներում։
Մեր նամակների անցած ճանապարհի սխեմատիկ պատկերը
Մեր նամակագրության մեջ ամենազարմանալին ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի և Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գործողություններն էին։
Ջրային կոմիտեն նամակը վերահասցեագրել էր "Վեոլիա Ջուր" ՓԲ ընկերությանը՝ տեղյակ լինելով, որ մատակարարը պատասխանատվություն է կրում միայն ջրի արտադրական որակի նկատմամբ և Ջրային կոմիտեից ստացած ջուրը մատակարարում է բնակիչներին։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը նույնպես վերահասցեագրել էր նամակը, և դա այն պարագայում, երբ ԱՆ 876 հրամանի 4․8 կետի պահանջով սանիտարահամաճարակային վերահսկողությունը խմելու ջրի որակի նկատմամբ պետք է իրականացնի իրենց կառույցը։
Մեր ուսումնասիրություններով արտեզյան ավազանի վրա տեղադրված խորքային հորերից վերցվող ջուրը, կախված խորությունից և տեղանքից, ունի տարբեր կոշտություն։
Օրինակ, Արմավիր համայնքի Այգեվան բնակավայրում իրարից մոտ 600 մ հեռավորության վրա գտնվող 2 հորերից տարբեր կոշտության ջուր է վերցվում։
Մյասնիկյան բնակավայրի վարչական ղեկավար Վրեժ Մինասյանը մտահոգված է ջրի որակով ասում է՝ առանց այդ էլ սոցիալապես վատ պայմաններում ապրող գյուղացիները ստիպված են բացի մատակարարվող ջրի վարձը վճարելուց, նաև ամսական 9-12 հազար դրամ ծախսել շրջիկ մեքենաներից ջուր գնելու համար։
Նրա խոսքով, հնարավոր է համայնքի տարածքում քարտեզագրում անցկացնել, հասկանալ՝ որտե՞ղ կարելի է նոր ջրի աղբյուր հորատել և համեմատաբար ավելի որակով ջուր մատակարարել։
Նորավանի վարչական ղեկավար Արթուր Մկրտչյանը հիշում է՝ խորհրդային տարիներին գյուղի ջուրը իր համային հատկանիշներով լավն էր և բնակիչները խմում էին ծորակից հոսող ջուրը։ Խորհրդային միության հետ փլուզվեց նաև խմելու ջրի համակարգը, տարեցտարի քայքայվեց ոչ միայն ջրամատակարարման ցանցը, այլև որակազրկվեց ջուրը և խմելու համար դարձավ ոչ պիտանի։ Ասում է՝ խնդիրը կլուծվի, եթե պետական ուշադրության արժանանա։
Հաշվի առնելով այս փաստը, կարելի է բոլոր ռիսկային բնակավայրերում հաշվառել խորքային հորերն ու չափել յուրաքանչյուր արտեզյան հորից վերցվող ջրի կոշտությունը և խմելու ջրի ցանցին միացնել այն հորերը, որոնց ջուրը համեմատաբար քիչ կոշտություն ունի։
Արմավիրի մարզի խմելու ջրի խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ է գտնել խմելու ջրի նոր աղբյուր, որն Արմավիրի մարզում գոյություն ունի Շահումյանի թռչնաֆաբրիկա բնակավայրի մոտակայքում և կոչվում է «Նազրվանի ջրաղբյուր», որտեղից իրականացվում է Վաղարշապատ քաղաքի խմելու ջրամատակարարումը։ Շահումյանի թռչնաֆաբրիկայից մինչև Արմավիր ուղիղ գծով 25 կմ է։
Ո՞րն է ելքը
Made on
Tilda