Արմավիրի մարզում սկսվել է խաղողի այգիների էտը։ Այս տարի խաղողագործներն ավելի վաղ սկսեցին էտել խաղողի վազերը, քանի որ աշնանը այգիների մեծ մասում այգեթաղ չէր իրականացվել։ Խաղողագործ, շենավանցի Կարեն Պողոսյանի համոզմամբ՝ այգետերերը վազերը չեն ծածկել, որովհետև ծախսատար է։ Մեկ հեկտարի այգեթաղն ու այգեբացը ավելի քան 400 հազար դրամ է կազմում, իսկ խաղողի մեկ կիլոգրամը վերամշակող կազմակերպությունների կողմից 70-110 դրամով է մթերվում՝ այն դեպքում, երբ խաղողի մեկ կիլոգրամի ինքնարժեքը կազմում է 120-130 դրամ։ Այս պարագայում խաղողի մշակությունը ոչ եկամտաբեր է դառնում և այսօր ոչ մի այգեթաղ չի իրականացվում, որը կհանգեցնի հեկտարներով խաղողի նորատունկ այգիների վերացմանը։ Այգեգործները հիասթափված են, Արարատյան դաշտում խաղող իրացնելը դարձել է մեծ խնդիր, ոչ միայն եկամուտ չի ապահովում, այլև վարկերն են ավելանում, - ասում է Պողոսյանն ու հիշեցնում վերջին 4 տարիների խաղողի մթերման խայտառակ գործընթացները, բողոքի ակցիաները, անարդյունավետ հանդիպումներն ու քննարկումները պետական մարմինների հետ։
Վերջերս regionstv.am -ը «Մարզային կյանքն իրականում» ծրագրի շրջանակներում Արմավիրում՝ «Տարածաշրջանի կայուն զարգացում» ՀԿ-ում կազմակերպել էր բանավեճ-քննարկում, որին մասնակցում էին Արմավիրի մարզի գյուղատնտեսները, խաղողագործները, կառավարության և մարզպետարանի ներկայացուցիչները։ Քննարկման ընթացքում գյուղացիներն իրենց մտահոգություններն արտահայտեցին գյուղատնտեսական մի շարք ծրագրերի անհասանելիության, գյուղացուն տրամադրվող աջակցությունների նվազեցման ու բերքի իրացման խնդիրների շուրջ։ Պատկան մարմինների ներկայացուցիչները խոսեցին գյուղատնտեսական պետական ծրագրերի րականացման ընթացքից ու գրանցած հաջողություններից։
Բերքաշատցի Սամվել Մաթևոսյանը 100 հեկտար գյուղնշանակության հողատարածք ունի։ Նեղված է, ասում է՝ ոչ մի արտոնություն չեն տալիս հողագործին։ Անցյալ տարի 16 հեկտար կարկուտը ոչնչացրել է, եկան, գրեցին, տարան ներկայացրեցին, ոչ մի բան, ոչ մի խոսք ու ոչ մի փոխհատուցում։ Ես 21թվ-ին 8 հեկտար խաղողի նորատունկ այգի քանդեցի՝ հիմնովին կառուցված։ Չէին մթերում, պայմանագիր չէին կնքում, որոշեցի քանդել այգին, բայց ես գումարը վերցրել էի բանկից, ստեղծել էի այդ այգին, որ հետագայում եկամուտ ստանայի, բայց եղավ այն, ինչ եղավ։ Հիմա բանջարեղեն եմ մշակում, ոչ մի ծառ չեմ տնկում, որովհետև հեռանկար չեմ տեսնում։ Կառավարութունն ասում է ինտենսիվ այգի, վերջը էս երկիրը միայն դեղձ ու ծիրանով չի, մեզ բանջարեղեն պետք չի՞, խաղող պետք չի՞։
Արմավիրի մարզի Նորավան բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Մկրտչյանը, ով նույնպես տարբեր մշակաբույսերի մշակությամբ է զբաղվում, ասում է․ «Էկոնոմիկայի նախարարությունը երբ ծրագրերը ներկայացնում է, գործից անտեղյակ մարդը որ լսի, կմտածի Եվրոպայից անցել ենք։ Ես չեմ ասում վատ ծրագրեր են, ասում եմ հասանելի չեն շարքային գյուղացուն։ Երբ ներկայացնում են այսքան հեկտար ինտենսիվ այգի է ստեղծվել , սա է արվել, նա է արվել, ասեք՝ քանի՞ տոկոս է ներգրավված շարքային գյուղացին այդ ծրագրերում։ Ոչ մի գյուղացի մասնակից չի այդ ծրագրերին։ Եթե ցանկություն ունենա մասնակցել, այնպիսի պայմաններ են, որ չի կարող նույնիսկ երազել դրա մասին։ Ասում են՝ 9 հազար քմ ջերմոց է կառուցվել Արմավիրի մարզում։ Դա Արմավիրի համար ի՞նչ է՝ մեկ հոգու ծրագիր է։ Այսօր պետք է խոսվեր առնվազն 9 հազար հեկտարի մասին։ Ինչ վերաբերում է ինտենսիվ այգիներին, հիմնականում Բաղրամյանում են հիմնվում դրանք՝ մեծահարուստների կողմից։ Գալիս, մեկ միլիոնավոր դոլարներ են ներդնում, որ այգի հիմնեն։ Գյուղացին այսօր այդքան գումար կունենա՞, որ ինտենսիվ այգի հիմնի։ Իսկ եթե ես էդքան գրավ ունենամ, որ դնեմ, բանկից վարկ վերցնեմ, էլ ինչի՞ եմ գյուղատնտեսությամբ զբաղվում։ Ասում են՝ որակով արտադրանք տվեք։ Բույսը 6 օրը մեկ ջրել ա ուզում, ես որ 15-20 օրը մեկ ջրեմ, կկարողանա՞մ որակով ապրանք ստանալ, որ Եվրոպա դուրս գա։ 20-30 օրը մեկ ջրվող բույսը ի՞նչ որակ պետք է տա, ոչ մի։ Խնդիրները որ թվարկեմ, ժամեր կտևի, միայն ներկայացնելով չի։ Ոռոգման ջուր տվեք, որակյալ թունաքիմիկատ ներմուծեք կամ վերահսկեք, գյուղացին որակյալ ապրանք կարտադրի, իսկ այդ ծրագրերը, որոնց մասին անընդհատ խոսվում է՝ կաթիլային, ինտենսիվ, ջերմատուն, դրանք մեզ՝ գյուղացիական տնտեսություններիս համար անհասանելի են։ Գյուղատնտեսությունը միայն հարյուրավոր հեկտարներով ինտենսիվ այգի մշակողը չի զարգացնում, գյուղատնտեսությունը գյուղացիներին տրված արտոնությունների շնորհիվ է զարգանում, որը չկա, - եզրափակում է Արթուր Մկրտչյանը։
ՀՀ էկոնոմիայի նախարարության գյուղատնտեսության խորհրդատվության և նորարարությունների վարչության պետ Էդգար Հակոբյանը մասամբ համաձայն է գյուղատնտեսների հետ, բայց հորդորում է նկատել, որ այս տարիների ընթացքումանգամներով է ավելացել գյուղատնտեսությանը օժանդակող ծրագրերը։ Ասում է այս պահին էկոնոմիկայի նախարարություն իրականացնում է գյուղատնտեսական աջակցության ծրագիր, որից մեկը երեք բաղադրիչով։ Հակոբյանի խոսքով միշտ կարելի է ասել, որ ինչ որ բան լավ չէ, բայց ամեն ինչ երևում է համեմատության մեջ, կարելի է փաստել, որ մի բան լավ է։ Փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման շրջանակում Արմավիրի մարզում հիմնվել է 5 խելացի անասնաշենք։ Ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագրի շրջանակներում կառուցվել է 5 ջերմատուն, ընդհանուր՝ 9810քմ տարածքով։ Տեխնիկայի լիզինգային ծրագրով վերջին տարիներին 1000 միավոր տեխնիկա է ներմուծվել Արմավրի մարզ, որից 400-ը տրակտոր։ Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով 65 շահառու հիմնել է ինտեսիվ այգիներ1930 հա ընդհանուր մակերեսով։
Կարեն Պողոսյանը վստահ է՝ պետք է ունենալ վարկային քաղաքականություն և ապահովագրական համակարգ։ Սա է պետության կարևորագույն անելիքը, գյուղատնտեսության զարգացման երաշխիքը, իսկ քանի դեռ այս երկու ուղղություններից ոչ մեկը կյանքի չի կոչվել, գյուղատնտեսության հետնահանջը Արարատյան դաշտավայրում անխուսափելի է։