Նշենք, որ Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի նախաձեռնությամբ մայիսի 10-31-ը կազմակերպվել է ամերիկահայ անվանի դաշնակահար ՀՕՖ-ի մեծ բարեկամ և աջակից Շահան Արծրունու համերգային շրջագայությունը Հայաստանի մարզերում և համայնքներում։ Նախաձեռնությունն իրականացվում է 2016թվ-ից և իր դրական ազդեցությունն է ունեցել երաժշտական դպրոցների սաների կրթության և կատարողական ունակությունների հետագա զարգացման վրա։
Շահան Արծրունին Արմավիրի Արվեստի դպրոցում իրականացրեց վարպետաց դասեր, իսկ հաջորդ օրը հանդես եկավ համերգով։
Նշենք, որ մինչև մայիս ամսվա ավարտը տաղանդաշատ արվեստագետը վարպետաց դասերով և համերգներով հանդես կգա Վայքում, Եղեգնաձորում, Գավառում, Աբովյանում, Չարենցավանում, Հրազդանում, Թալինում և Ապարանում։ Այս ընթացքում Շահան Արծրունին նույն առաքելությամբ եղել է նաև Թբիլիսիում։
Մարզային համերգները, որից առաջ նաև վարպետաց դասերն են տեղի ունենում, բարեգործական բնույթ են կրում։ Երաժշտական դպրոցների սաների հետ վարպետը հանդես է գալիս բեմում, լսում, կրթում և իր գոհունակությունը հայտնում տաղանդավոր երեխաներին։
Մարզային հյուրախաղերի գլխավոր կազմակերպիչը Հայ օգնության ֆոնդն է։
Ո՞վ է Շահան Արծրունին
Շահան Արծրունին ծնվել է 1943թ․ հունիսի 8-ին, Պոլսում։ Նախնական կրթությունը ստացել է Էսաեան վարժարանում, ապա հաճախել Ազգային Կենտրոնական վարժարան, որն ավարտել է 1961-ին։ Ուսմանը զուգահեռ, Պոլսի երաժշտանոցում աշակերտել է Ֆերդի Ստատցերին և Ռաշիդ Աբեդին։ 1964 թվ-ին նա տեղափոխվել է Նյու-Յորք՝ Գյուլբենկյան հիմնարկի կրթաթոշակով կրթությունը շարունակելու աշխարհահռչակ Ջուլիարդի երաժշտական վարժարանում։ Որպես համերգային և կամերային երաժշտության արվեստագետ, նա հայտնի է որպես ազգային տոհմիկ երաժշտության մասնագետ, ուսուցիչ, գրող, պրոդյուսեր և հաղորդումների հեռարձակման կազմակերպիչ։ Արծրունին մասնակցել է ամերիկյան PBS հեռուստակայանի կողմից ցուցադրված «Around the World in’ 82», «Gala of Stars» և «A Place of Dreams: Carnegie Hall at 100» հաղորդումներին, և ձայնագրություններ ունեցել նաև եվրոպական բազմաթիվ ձայնասփյուռների՝ ներառյալ BBC-ի կողմից։ Երաժշտական ակտիվ գործունեության շնորհիվ նա նվագահանդեսներ է ունեցել Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Միջին և Հեռավոր Արևելքում։ Առիթ է ունեցել նաև նվագելու ԱՄՆ Սպիտակ տանը, Անգլիայի, Դանիայի, Շվեդիայի և Իսլանդիայի կառավարական շենքերում։ Արվեստագետը հայ ազգային ինքնության ուսումնասիրման կապակցությամբ ԱՄՆ-ում կատարել է բազմաթիվ ուսումնասիրություններ հայկական երաժշտության մասին։ Հարվարդի, Կոլումբիայի և Միչիգանի համալսարաններում բանախոսություններ և դասախոսություններ է կարդացել։ Նա գիտական գրքեր ու հոդվածներ է հրատարակել ակադեմիական տարբեր պարբերականներում։
2001 թվ-ին ԱՄՆ Խորհրդարանի Գրադարանում բանախոսել է հայկական շարականների մասին։ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության հովանավորությամբ 2010-ին հանդես է եկել Վանի համալսարանում մենահամերգով՝ Ախթամարի Ս.Խաչ եկեղեցու վերաբացման առթիվ։ Նույն տարում Նյու-Յորքի թուրքական հյուպատոսարանի նախաձեռնությամբ Քարնեգի հոլում ջութակահար Ջիհաթ Աշկինի հետ հանդես է եկել համատեղ համերգային ծրագրով, որում ընդգրկված են եղել հայ և թուրք հեղինակների ստեղծագործություններ։ 2011-ին, որպես նախկին շրջանավարտ, Շահան Արծրունին մենահամերգով հանդես է եկել Պոլսո Կենտրոնական վարժարանի 125-ամյակի հանդիսությունների ժամանակ։ 2016 թվ-ից նա Հայաստանի մարզերի, Արցախի և Ջավախքի երաժշտական դպրոցների սաների համար նախաձեռնել ու կազմակերպել է վարպետության դասեր, իսկ լավագույն սաների մասնակցությամբ անցկացրել բազմաթիվ բարեգործական համերգներ։
Շահան Արծրունու տաղանդների և բազմակողմանի գործունեության մասին բազմահատորանոց գրքեր են գրվել։ Արծրունին մեծ մարդասեր ու բարերար է, և Հայաստանում շատ բարեգործական նախաձեռնությունների հեղինակ։ Արդեն երկար տարիներ է, ինչ նա աջակցում ու հարմարավետ պայմաններ է սեղծում Վանաձորի տարեցների տան ծերերին արժանապատիվ կյանքով ապահովելու համար։
Լինելով արվեստի մարդ, նա մեծ աջակցություն է ցուցաբերել նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին և Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին։
Բարձր գնահատելով Շահան Արծրունու հայրենանվեր գործունեությունը, 2015 թվ-ին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով՝ «Հայրենիք-Սփյուռք մշակութային կապերի զարգացման գործին ներդրած ավանդի համար»։ Իր հայրենասեր գործունեության համար 1996 թվ-ին երջանկահիշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Շահան Արծրունին պարգեւատրվել է Ս.Սահակ և Ս.Մեսրոպ շքանշանով և Հայրապետական Կոնդակով։ 2018 թվ-ին նա արժանացել է Վարդանանց Ասպետների պարգևին։ Արվեստագետի ձայնասկավառակները թողարկվել են New World Records, Composers Recording, Hearts of Space, Philips, Varèse Sarabande, Good Music, Positively Armenian և Kalan Müzik-ի կողմից։
Մարդասիրությունը և բարեգործությունը այս արվեստագետի գործունեության կարևոր մասն են։ Նա բազմիցս է հանդես եկել բարեգործական համերգներով՝ օգնելու և աջակցելու համար Հայաստանում ապրող խոցելի խմբերին՝ տարեցներին ու երեխաներին։
Անվանի երաժշտին՝ որպես բարձրակարգ դաշնակահար, ըստ արժանվույն գնահատել են օտարազգի այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են՝ Ջորջ Քրամբը, Լուիս Թալման, Ուիլյամ Մայերը և այլոք։ Նրա մասին հոդվածներ են տպագրվել «The New York Times», «Fanfare», «Musical America», «American Record Guide», «La Nacion», «Cumhuriyet» և այլ թերթերում ու պարբերականներում։