Որոշման համաձայն, 1 հա խաղողի այգու ցանցապատման համար տրամադրվելու է 3,6 միլիոն դրամ կապալառու կազմակերպության պարագայում և 2,88 միլիոն դրամ, երբ գյուղացիական տնտեսությունը սեփական ուժերով է իրականացնում մոնտաժային աշխատանքները:
2018 թվականին Արմավիրի մարզում պետական բյուջեից նախատեսված էր սուբսիդավորել 5,5 հեկտար կարկտապաշտպան ցանցերի տեղադրման համար, սակայն ցանկացողներ չգտնվեցին: Հիմնական պատճառը կայանում է նրանում, որ փոքր տնտեսությունների համար ֆինանսական տեսանկյունից անհասանելի է:
Օրինակ, կարկտապաշտպան ցանցերը կիրառելի են խաղողի այգիների համար: Եթե գյուղացին առանց խնդիրների մշակի այգին, ամենաշատը կարող է ստանալ 12-14 տոննա խաղող, որը Հայաստանում լավագույնս մթերվում է կիլոգրամը 140 դրամով: Նույն սորտի խաղողի ինքնարժեքը, ըստ գյուղացիական տնտեսությունների և «Հայաստանի խաղողագործների միություն» ՀԿ-ն հաշվարկների, տատանվում է 100-110 դրամի սահմաններում: Գյուղացուն մեկ կիլոգրամ խաղողից որպես շահույթ մնում է 30-40 դրամ, այսինքն 420-560 հազար դրամ: Նման եկամուտով մտնել 3,6 միլիոն դրամ վարկի տակ, ոչ մի գյուղացի իրեն թույլ չի տա: