Բնագավառի մասնագետների խոսքով, ժամանակը ցույց տվեց, որ գյուղացիական տնտեսությունները ոչ մի հետաքրքրություն չեն դրսևորում այս ծրագրերի նկատմամբ։ Շատ գյուղացիական տնտեսություններ փորձեր կատարեցին ու մեծ ֆինանսական կորուստներով վերադարձան ավանդականին։
Հայաստանի գյուղատնտեսությունը, բժիշկների լեզվով ասած, հայտնվել է կայուն ծանր վիճակում և անիրատեսական փորձարկումների ժամանակ չի տալիս։ Օրվա հրամայականն է տարիների ընթացքում կորցրածը աստիճանաբար, առանց ցնցումների վերականգնել, իսկ դրա համար անհրաժեշտ է՝
1. վերականգնել Գյուղատնտեսության նախարարությունը,
2. մշակել գյուղատնտեության զարգացման նոր, իրատեսական հայեցակարգ,
3. վերականգնել Արարատյան արտեզյան ավազանը՝ նույնիսկ ձկնարդյունաբերության զոհաբերման գնով. աշխարում չկա մի սակավաջուր երկիր, որտեղ ձուկ արտադրեն,
4. հրաժարվել կաթիլային ոռոգման գաղափարից. աշխարում չկա երկիր, որտեղ օդի ցածր հարաբերական խոնավության պայմաններում խոսեն կաթիլային ոռոգման մասին,
5. վերականգնել հողը, ինչից ամենաթանկ բան դեռ մարդկությունը չի հորինել,
6. վերադառնալ ավանդական մշակաբույսերին, որը երաշխիքներ կստեղծի արտաքին շուկայում մրցունակ լինելու համար,
7. ֆինանսական տեսանկյունից խզել պետություն-գյուղացի հարաբերությունները՝ փոխարինելով պետություն-վերամշակող և վերամշակող-գյուղացի հարաբերություններով,
8. ներդնել արդիական հակակարկտային կայաններ,
9. պետության մասնակի մասնակցությամբ ներդնել գյուղատնտեսության ապահովագրության համակարգ։
Սրանք խնդիրներ են, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն, և եթե չենք ուզում գյուղատնտեսությունն ու գյուղը կորցնենք, պետք է լուրջ մոտեցում ցուցաբերենք բնագավառի նկատմամբ, - վստահ է Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Հենրիկ Ալեքսանյանը։