Այգեվանցի Սամվել Ղազարյանը կես հեկտար ծիրանի այգի ունի։ Բերքն այս տարի անհամեմատ շատ է։ Ժամանակին բուժել է, պարարտացրել, ոռոգել, որպեսզի պտուղը որակով լինի։ Արդյունքից գոհ է Սամվելը։ Չնայած քանակին, ասում է ծիրանի ապրանքային տեսքը գերազանց է։ Արդեն մեկ շաբաթ է, Արմավիրի մարզում սկսվել է ծիրանի բերքահավաքը։
Ղազարյանը նոր է սկսել բերքահավաքը։ Գնորդներն այս տարի պասիվ են։ Գյուղացիներն ասում են՝ ըստ տարածված խոսակցությունների արտահանողները դժվարությունների առաջ են կանգնում, օրերով ծիրանով բեռնված մեքենաները սահմանը հատել չեն կարողանում, այդ պատճառով էլ պահանջարկ չի ձևավորվում։ Վրացի արտահանողները նույնպես քիչ են, - նկատում է Ղազարյանը, իսկ հասունացած ծիրանը երկար սպասել չի կարող։
«Այս պահին այգեվանցիները ծիրանի մեկ կիլոգրամը վաճառում են 150-200 դրամով։ Ըստ Սամվելի, դա լավագույն դեպքում, այգիներ կան, որտեղ գնորդները մոտ չեն գնում, շատ է բռնել պտուղը, մանր է մնացել, գյուղացին էլ չգիտի ինչ անի։ Մթերող կազմակերպությունների սահմանած սակագնով՝ 60 դրամով, նույնիսկ ծախսերի 30 տոկոսը չես հանի» ,- ասում է Ղազարյանը, հաստատում՝ հարևան այգեգործները։
Գյուղացիները պնդում են, որ անգամ 200 դրամն է քիչ ծիրանի համար։ Մեծ ծախսեր են կատարում մինչև բերքահավաք են սկսում, եղանակային անբարենպաստ պայմաններում ստիպված են լինում ծառերը կրկնակի բուժել։
Սամվել Ղազարյանին խնդրեցինք հաշվարկել, մեկ հեկտարի հաշվով, ծիրանի այգու մշակության համար կատարվող տարեկան ծախսերը։ Ասում է՝ յուրաքանչյուր գյուղացիական տնտեսություն մշակության իր ձևն ու ծախսերն ունի։ Օրինակ՝ այգետերեր կան, ովքեր ընտանիքով են կատարում ամբողջ աշխատանքները՝ էտ, խոտհունձ, բուժում, հողի փխրեցում, ոռոգում, իսկ ընտանիքներ կան, ովքեր ստիպված են աշխատող վարձել, օրինակ՝ միայնակ են կամ վատառողջ են, այդ պատճառով ծախսերն էականորեն կարող են տարբեր լինել միմյանցից։ Այնուհանդերձ, համաձայն է հարևանների հետ՝ 150-200 դրամը չնչին գումար է ծիրանի համար, գրեթե եկամուտ չապահովող։