Կանաչ տարածքների կրճատման խնդիրը դուրս է մնացել իշխանությունների և բնապահպանների օրակարգի
Տարեցտարի Արմավիրի մարզի կանաչ հողատարածքները կրճատվում են։ Բավական է մի փոքր քամի և երկինքը պատվում է փոշիով։ Անապատի վերածվող հողերի ծավալները տարեցտարի ավելանում են։ Կանաչ տարածքների կրճատման խնդիրը դուրս է մնացել իշխանությունների և բնապահպանների օրակարգից։

Հողերն անգործության են մատնվում 4 հիմնական պատճառով՝
Առաջին՝ Գյուղատնտեսությամբ զբաղվելը
մեծ ռիսկեր է պարունակում
Սարդարապատցի Ռուդիկ Հովհաննիսյանն ասում է․- "Մի տարի ջուր չի լինում, մի տարի բերքը կարկուտնա տանում, տարի էլ կա բերքա լինում, բայց ջրի գնով ենք ծախում։ Վարկերը գնալով ավելանում են, տակը բան չի մնում, ավելի լավ է փող չծախսեմ, գնամ օրավարձով ուրիշի դաշտում աշխատեմ"։
Գյուղատնտեսական հողատարածքների մոտ 40 տոկոսը ոռոգման ջրի սակավության, բերքի իրացման կամ կարկուտի պատճառով չի մշակվում։ Գյուղացիական տնտեսությունները, տարեցտարի վարկը նոր վարկով փակելով, դարձել են բանկ սպասարկողներ և, այլևս հնարավորություն չունենալով նոր վարկեր վերցնել, հրաժարվում են հող մշակելուց։ Միայն Արմավիրի մարզում անապատի են վերածվել 24-28 հզր հեկտար գյուղնշանակության հողատարածքներ։
Երկրորդ՝ Գյուղատնտեսական նշանակության հողերն
աղակալման պատճառով դառնում են անպիտան
Եղեգնուտցի Սամվել Համբարձումյանն ասում է․ - "Սեփականաշնորհումից հետո տարին տարու վրա բերքատվությունը պակասեց և եկավ մի ժամանակ, երբ արդեն հող մշակելը դարձավ անիմաստ։ Աղը չէր թողնում բույսը աճեր։ Ահագին ծախսերով հող բերեցինք լցրեցինք, մի 2 տարի հետո աղը էդ հողնել կերավ, փաստորեն անիմաստ դարձավ ստեղ ծախսեր անել ու բերքի հույս ունենալ։ Ես արդեն գնում եմ ուրիշ գյուղերի հողերն եմ վարձակալում, որ տունս պահեմ"։
Արմավիրի տասնյակ համայնքներում գյուղատնտեսական հողերը ենթարկվում են կրկնակի աղակալման: Գյուղացիները կամ համայնքը սեփական միջոցներով հնարավորություն չունեն խնդիրը լուծել։ Այս տարածքների աղազերծման ծավալուն աշխատանքներ էին կատարվում խորհրդային տարիներին: Այսօր աղազերծված հողերը ենթարկվում են կրկնակի աղակալման՝ գյուղացուն զրկելով ապրուստի միակ միջոցից։ Արմավիրի մարզում այսօր հազարավոր հեկտար գյուղատնտեսական հողեր աղակալվելով վերածվել են ամայի տարածքների։
Երրորդ՝ Մեկ հեկտար ավազի հանքավայրն անպիտան է
դարձնում տասնյակ հեկտար գյուղատնտեսական հողեր
Արգավանդ գյուղի բնակիչ Համայակ Հովսեփյանն ասում է․- "Այ էս հողի տերը սկզբունքորեն չուզեց, իր հողը վաճառեց, տեսե՛ք, հիմա ինչ վիճակում է իրա բերքը։ Որտեղ հանք են բացում, կողքի այգիները չորանում են, սաղ ջուրը քամվում լցվումա հանք"։
Արմավիրի մարզում ավազի հանքավայրերը տասնյակներով են հաշվվում։ Տնտեսվարողները մի 5 հեկտար տարածքում հանքարդյունաբերության թույլատվություն են ստանում և սկսում իրենց թշնամական գործողությունները գյուղացիների ու նրանց այգիների նկատմամբ։ Տեսչական մարմինները պատշաճ հսկողություն չեն սահմանում տնտեսվարողների գործողությունների նկատմամբ, իսկ վերջիններս, օգտվելով այդ փաստից, սկսում են հանքավայրի վերածել գյուղացիական տնտեսություններից գնված հողատարածքները։ Այստեղ խնդիրը կայանում է նրանում, երբ նոր գնված հողատարածքում սկսում են աշխատել էքսկավատորները, շրջապատի հողատարածքները ջրազրկվում են և բույսերը սկսում են չորանալ։ Բույսերը փրկելու համար անհրաժեշտություն է առաջանում 3-4 օրը մեկ ոռոգել այգիները, որի համար մեծ գումարներ պետք է վճարել։ Գյուղացիական տնտեսությունները կամ իրենց վերջին ապրուստի միջոցը վաճառում են տնտեսվարողներին, կամ հրաժարվում են հողի մշակությամբ զբաղվելուց։ Այսպիսով, անապատի են վերածվում հարյուրավոր հեկտար գյուղատնտեսական հողեր։ Նման խնդրի առաջ են կանգնած Արմավիրի մարզի պետական սահմանին մոտ տասնյակ համայնքներ։
Չորրորդ՝ Տնամերձ հողակտորները վերածվել են անապատի
Արգավանդցի Համայակ Հովսեփյանն ասում է․- "Ուզում ենք մշակենք հողը, բայց ջուր չունենք, առաջ ջուր կար, տան համար անհրաժեշտ ամեն ինչ աճեցնում էինք, մեծ ծառներ ունեինք, համարյա շուկա չէինք գնում, հիմա ջուր չունենք, իսկ ծորակի ջրով ջրելով բույսը չորանում է, նույնիսկ էդ քլորից մեծ ծառերը չորացան"։
Նախկինում տնամերձ հողամասեր հատկացնում էին այն հաշվարկով, որ, բացի տուն կառուցելուց, քաղաքացին հնարավորություն ունենար տանը կից այգի հիմներ։ Այս տրամաբանությամբ քաղաքային համայնքներում տրամադրվում էր 600 քառ/մետր հողակտոր, իսկ գյուղական համայնքներում 1200 քառ/մետր։ Խորհրդային տարիներին բնակավայրերում գործում էր ոռոգման ցանց և ջուրը բաշխվում էր ջրբաժանների միջոցով։ Այսօր նախկին ջրագծերը վերացել են: Հատկապես քաղաքային համայնքներում այդ տարածքները վերածվել են անապատի։ Շատ քաղաքացիներ փորձում են քլորացված խմելու ջրով ոռոգել, սակայն բոլոր փորձերը մատնվում են անհաջողության, քանի որ նախ՝ խմելու ջուրը թանկ հաճույք է, իսկ հետո՝ քլորացված ջուրը չորացնում է բույսը։ Միայն Արմավիր քաղաքում, որպես տնամերձ, 1000 հեկտարից ավելի տարածք վերածվել է անմշակ անապատի։

Այս խնդիրների նկատմամբ անտարբեր են ինչպես տեղական ինքնակառավարման, այնպես էլ պետական կառավարման մարմինները, իսկ ամբողջ աշխարհը, գիտակցելով կանաչ տարածքների անհրաժեշտությունը, մարդու առողջության և շրջակա միջավայրի համար ջանք չի խնայում:
Made on
Tilda