Միջազգային պրակտիկայում կաթիլային ոռոգում իրականացնում են բացառապես սակավաջուր վայրերում, բարդ ռելիեֆ ունեցող տարածքներում և ջերմոցային տնտեսություններում: Արմավիրի մարզը, որը ոռոգման ջրի խնդիր երբեք չի ունեցել և որտեղ ոչ վաղ անցյալում քաղցրահամ ջրի առատությունից հողերն էին աղակալվում, հիմա կանգնել է փաստի առաջ։ Ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման հետևանքով ստորգետնյա ջրային ավազանի մակարդակն իջել է, իսկ Ախուրյանի ջրամբարի ջրերով հնարավոր չէ պահանջարկը բավարարել։ Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սանասար Բաղդասարյանն ասում է, որ կաթիլային ոռոգման ժամանակ ջուրը մինչև բույսին հասնելը 2-3 անգամ պետք է անցնի պոմպերի միջով, իսկ դա նշանակում է, որ բույսին հասնում է ոչ թե կենդանի ջուր, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում բույսի զարգացման համար, այլ՝ հեղուկ մասսա, որը միայն կնվազեցնի բույսի բերքատվությունը:
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, բնապահպան Հենրիկ Ալեքսանյանն էլ պնդում է. - «Կաթիլային ոռոգումը բազմամյա և միամյա բույսերի մոտ տոպրակ ստեղծելով մեծ խնդիրներ է առաջացնում և չի հագեցնում ամբողջ տարածքը, չի ստեղծում միկրոկլիմա, որը շատ կարևոր է թե՛ բազմամյա, թե՛ միամյա բույսի համար։ Կաթիլային ոռոգման եղանակը Արարատյան դաշտի կիսաանապատային տարածքի համար խնդիրներ է առաջացնում։ Օդի բարձր հարաբերականության խոնավության պայմաններում այս խնդիրը կարծես չկա: Կաթիլայինը կարող է որոշակի դերակատարություն ունենալ այն տարածքներում, որտեղ օդի հարաբերական խոնավությունը բարձր է։ Մեզ մոտ՝ Արարատյան դաշտում, պետք է ամբողջ հողակտորը ջրով հագեցվի, որպեսզի տվյալ տարածքում աճեցվող մեր պայմաններին բնորոշ բույսի համար ապահովվի համապատասխան միջավայր թե՛ բերքատվության, և թե՛ որակի առումով: Կաթիլային ոռոգումը հողի լվացման համար նաև մեծ վտանգ է պարունակում: Այսինքն, Արաքսի միջոցով մեր հողերի համար չենք կարող այնպիսի ջուր ապահովել կաթիլայինի միջոցով, որն Արաքսի բերվածքի հաշվին ձևավորված հողերի համար խիստ անհրաժեշտություն է։
Մաքուր ջուրը նպաստում է հողի լվացմանը, իսկ կաթիլայինը տանում է անապատացման, տանում է նրա կմախքի պահպանմանը, ոչ թե նրա էնդոկայունացման պահպանմանը։